«168 ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ինչպես նախորդ իշխանությունների դեպքում, ներկայումս ևս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բեկման հնարավորություն մոտ ապագայում չի տեսնում, քանի որ ոչ մի կողմը պատրաստ չէ զիջումների, որովհետև դա ունենալու է ներքին հետևանքներ։ Սակայն, ըստ նրա՝ իրավիճակը չսրելու նպատակով երկու կողմերից էլ կա զգուշավոր քաղաքականություն, քանի որ, ի վերջո, այս փուլում ադրբեջանական կողմին դեռ հայտնի չէ, թե ինչ մտադրություններ ունի հայկական կողմը։
Սկակովի կարծիքով, բանակցային գործընթացն ինտենսիվ կերպով կշարունակվի դեռ մի քանի ամիս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի բուն էությունը շփումները պահպանելն է։ Սակայն, ըստ նրա, այս հարթակում կողմերի բանակցությունների ողջ ընթացքը ցույց է տվել, որ այն արդյունավետ չէ, հեղինակավոր չէ կողմերի համար։ «ԵԱՀԿ ԱԽ համանախագահների նպատակն է՝ պահել պահպանել բանակցային գործընթացը, դա ինչ-որ կերպ հաջողվել է, սակայն չի հաջողվել այս ընթացքում խուսափել նաև վտանգավոր սրացումներից հակամարտության գոտում։ Միևնույն ժամանակ սա այն միակ ձևաչափն է, որից հրաժարվելը կնշանակի՝ հակամարտությունից դուրս մղել արտաքին վերահսկողական բաղադրիչը, ինչն անհետևանք չի մնա։ Ուստի, քանի դեռ չեն գտնվել ավելի ազդեցիկ ձևաչափեր, այս հարթակում կշարունակվեն աշխատանքները։
Ինչ վերաբերում է կողմերի տրամադրվածությանը, ապա խորքային առումով կողմերի դիրքորոշումները նույնն են, բայց ընթանում է միմյանց տրամադրությունները «շոշափելու» նուրբ խաղ, և դա դեռ կշարունակվի։ Կարծում եմ՝ նախարարները քննարկելու են ղեկավարների մակարդակով հանդիպումը, քանի որ ՀՀ վարչապետը կրկին նշանակվել է, ներքաղաքական անցումային պրոցեսները հիմնականում ավարտվել են, և Ղարաբաղյան հակամարտությունը պահանջում է լուրջ ներգրավվածություն և աշխատանք։ Կարծում եմ՝ առաջիկայում նման հանդիպում տեղի կունենա, բայց կարծում եմ նաև, որ հայկական կողմը բարձրացնելու է բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու հարցը, այսինքն ՝ ԼՂՀ իշխանություններին բանակցային սեղանին ներգրավելու հարցը։ Պնդումներ կային նաև այն մասին, որ հայկական կողմը չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից։ Ադրբեջանական կողմը փորձելու է թույլ չտալ հայկական կողմին մանևրել, իսկ հայկական կողմը դեռ պետք է փորձի մանևրել և իր առաջնահերթությունները բերել օրակարգ»,- ասաց Ալեքսանդր Սկակովը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում