Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը սրճարանատերերի հետ չի քննարկել՝ ինչ վնասներ են կրելու. Ասում է՝ գործում են պայմանագրերով

Հունվար 15,2019 14:04

Aravot.am-ն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ քննարկումներ եղե՞լ են, թե ինչպիսի վնասներ կկրեն Օպերայի հարակից տարածքի սրճարանատերերը, որոնք ներդրումներ են արել, երկար տարիներ հարկեր են վճարել, գործող վարկեր ունեն:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը որոշել է Օպերայի հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժել՝ կանաչ տարածքները վերականգնելու նպատակով: Օպերայի մերձակա տարածքում բիզնես ծավալող տնտեսվարողները Երեւանի քաղաքապետարանից ծանուցագրեր են ստացել, որոնցով առաջարկվում է հրաժարվել պայմանագրային հիմունքներով նրանց տնօրինության տակ գտնվող հողամասերի մի մասից, ինչին սակայն, տնտեսվարողները դեմ են:

Հայկ Մարությանն ասաց, որ քաղաքապետարանի որոշումը վերջնական է:
«Բոլոր տնտեսվարողներն ունեն պայմանագիր քաղաքապետարանի հետ եւ իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի ներքո, եւ մենք այդ պայմանագրից երբեք դուրս չենք գալիս։ Մեր գործողությունները միայն այս պայմանագրի ներքո են, այնպես որ այստեղ հարցերն ինձ համար անհասկանալի են»,-պատասխանելով մեր հարցին ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով. «Մենք, ընդհանրապես, երբ ինչ-որ որոշում ենք կայացնում, քննարկում ենք, նոր կայացնում ենք, և բնականաբար, որոշումը վերջնական է։ Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ, բոլոր բիզնեսներն էլ ունեն ինչ-որ խնդիրներ։ Ես պարտավոր եմ միայն այն պայմանագրին ծանոթ լինել, որում նկարագրվում են քաղաքապետարանի եւ բիզնեսի հարաբերությունները»:

Հայկ Մարությանը լրագրողների հարցերին պատասխանեց այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստից հետո:

Սրճարանատերերին տրված 30-օրյա ժամկետն արդեն լրացել է, սակայն ապամոնտաժման գործընթացը դեռ չի սկսվել: Այս առնչությամբ քաղաքապետն ասաց, որ կադաստրային որոշ հարցեր կան. «Մենք շարժվելու ենք միայն օրենքին համապատասխան: Այս պրոցեսները պետք է ընդհանուր անցնեն օրենքին համապատասխան կերպով»:

Հարցին, թե տեղեկություններ կան, որ այս գործընթացն ուղղված է երկու սրճարանատիրոջ դեմ, որոնցից մեկը պնդում է, որ սրճարանը կանաչապատ տարածքում չէ, այդտեղ բետոնապատ է, Հայկ Մարությանն ասաց, որ այդ պնդումների հետ համամիտ չէ. «Այդպիսի միտում չկա ընդհանրապես։ Ձեր նշած սրճարաններն այլ տեղերում էլ կան, եթե որոշում լիներ հենց այդ սրճարանների հետ կապված գործողությունների, այլ կերպ կարվեր։ Հայաստանում ոչ մի գործողություն չի կատարվում ինչ-որ մեկի կամ կազմակերպության դեմ, եթե նա գործում է օրենքի սահմանում»։

Հայկ Մարությանի խոսքով, տարիներ շարունակ խոսակցություններ կան, որ գրավել են Օպերայի հարակից տարածքները.«Սա մշակութային օջախ է։ Դուք շատ լավ գիտենք երեւանցիների վերաբերմունքը դրան, եւ վերջապես եկել է մի իշխանություն, որի ձեռքերն ազատ են, կապված չէ ոչ մեկից եւ ոչ մի բանից, եւ նա կարողանում է իրագործել երեւանցիների ցանկությունը։ Եթե մենք նայենք ամբողջ աշխարհի օպերայի շենքերին, այսպիսի բան գոյություն չունի»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031