«Մենք չենք լափում ձեր վճարած հարկերը, ժողովուրդ, բայց դուք պետք է հարկերը վճարեք»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ իրականությունը մենք՝ քաղաքացիներս, պետք է փոխենք. «Մարդկանց թվում է՝ հեղափոխություն է եղել, իրենք նախկինում հարկ չեն վճարել, հարկային տեսուչին փող են տվել, հիմա տեսուչին փող չեն տալիս ու հարկ չեն վճարում ու ասում, թե ճանապարհներն ինչո՞ւ լավը չեն, անվտանգության մակարդակը բարձր չէ: Չի լինում այդպես, որ մարդիկ ուզենան հարկ չվճարել և կառավարությունից լավ ճանապարհ պահանջեն»:
Դառնալով այն խոստմանը, թե մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող օբյեկտները հարկերից պիտի ազատվեն, ՀՀ վարչապետն ասաց. «Այդ փոփոխությունները ԱԺ-ն պետք է ընդունի: Բայց պետք է ՀԴՄ տրամադրեն, որ պարզվի, թե ով ունի 24 միլիոնի շրջանառություն, ՀԴՄ-ով արձանագրվի, որ տեսնենք՝ով է իրականում խեղճ, ով է լաց լինում: Թե չէ այսօր ամենամեծ սուպերմարկետին թողես ՀԴՄ չխփի, տարվա վերջին կպարզվի, որ ոչ թե 24 միլիոն, այլ 12 միլիոն է շրջանառությունը»:
Ամփոփելով, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պետք է հաստատվի ՀԴՄ-ական դիկտատուրա, որը պետք է հաստատի քաղաքացին, և որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ ինքը կարող է ՀԴՄ չխփել:
Բռնել-բաց թողնելու վերաբերյալ քննարկումների ու քննադատությունների մասին ՀՀ վարչապետն ասաց. «Գիտեմ՝ մարդկանց մոտ հարցեր են ծագում՝ բռնեցին, բաց թողեցին և այլն: Հույս ունեմ, որ բոլորդ առանց որևէ վերապահման գիտեք, որ ես ինքս բռնել, բաց թողնելու գործընթացի հետ որևէ կապ, այդ գործընթացների վրա ազդելու որևէ նպատակ չունեմ, քանի որ հավատում եմ, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ պետք է գոյություն ունենա»:
Այն դժգոհությունը, որն առաջացրել է Մանվել Գրիգորյանի՝ կալանքից ազատումը, Նիկոլ Փաշինյանն այսպես մեկնաբանեց. «Տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել: Մեր կառավարության և իշխանության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները: Այն գործողությունները, որ այժմ արվում են՝ ճանապարհ փակելը, ուղիղ արվում են ընդդեմ ՀՀ կառավարության, որ ասեն, թե կառավարությունը ճամփեքն էլ չի կարողանում բաց պահել»: Վարչապետը վստահեցրեց՝ այս ճանապարհով իրենց չի լինելու տանել: Նա հավաստիացրեց՝ Մանվել Գրիգորյանի՝ խափանման միջոցը փոխելը չի նշանակում, որ մեղադրանքը վերացել է: Գործի նախաքննությունը գնալու է մինչև վերջ ու հասնելու է դատական գործընթացի:
Վարչապետն անկեղծացավ. «Ինձ համար էլ էր տհաճ, երբ Մանվել Գրիգորյանի՝ խափանման միջոցը փոխելու լուրն իմացա: Դա ոչ մի բան չի փոխում: Հենց այդ է անկախ դատական իշխանությունը, որ իշխանությունը դատական համակարգից իր համար միայն հաճելի լուրեր չի լսում»:
Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ, էջմիածնում միայն մեկ կլան չի եղել, այլ մի քանիսը. «Ոմանք փորձում են մանիպուլյացիա անել և այս ֆոնի տակ նորից կլանային ինչ-որ հարաբերություններ հաստատել Էջմիածնում և ընդհանրապես հանրապետությունում: Չի անցնելու: Որոշ նախկին կլանային ուժեր փորձում են այս գործընթացն օգտագործել: Ասում են՝ լա՞վ էր, որ ճամփա էիք փագըմ: Ես էլ ասում եմ՝ դուք չեք փագելու, քանի որ դուք ժողովրդից այդ լիազորությունը չեք ստացել: Ժողովուրդն ինքն իր իշխանությունն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել ճանապարհների անցանելիությունը: Նրանք, որոնք փակում են ճանապարհը, կարող եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի նկատմամբ ուզում են ուշադրություն գրավել, գործում են ուղիղ կառավարության դեմ: Կաթվածահար անել հանրապետության և նրա առանձին հատվածի կյանքը, կոչ եմ անում նման ճանապարհով չգնալ»:
Փաստաբանների աշխատանքի խոչընդոտման և նրանց նկատմամբ կատարվածի մասին վարչապետն ասաց. «Շատ կարևորում եմ, որ մենք փաստաբանների աշխատանքը չընկալենք որպես պոտենցիալ մեղադրյալների և մեր հանրության թշնամիների: Մենք վենդետա չենք ուզում, ուզում ենք արդարադատություն, իսկ արդարադատության ամենակարևոր պայման և նախապայման է ոչ միայն անկախ դատական համակարգի, այլև մեղադրյալի պաշտպանության իրավունքը, ոը պետք է իրականացվի պաշտպանի միջոցով: Հակառակ դեպքում մեր երկիրը միջազգային հանրության աչքում շատ ավելի վատ վիճակում կհայտնվի, քան ցանկացած կոռումպացված երկիր: Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիները լիարժեք հնարավորություն ունեն իրենց տեսակետներն արտահայտելու՝ երթերի, ցույցերի միջոցով, իսկ կառավարությունը երաշխավորում է այդ իրավունքը»:
Նիկոլ Փաշինյանը, զրույցի ավարտին դիմելով Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով ցույցերին մասնակից իրենց համախոհներին, ասաց. «Սիրելի եղբայրներ ու քույրեր, սադրանքների չտրվել, կլանային պատերազմների մեջ չներքաշվել: Ասում են Էջմիածնում վախենում են, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է: Եթե վախենում եք, նշանակում է, որ էլի այդ մարդկանց համար էլ երկրում բան չի փոխվել: Հին ձևերով են գործում այն մարդիկ, որ ասում են փագըմ ենք, չենք թողնըմ մարդիկ գնան իրենց տուն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ