Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավորինս քիչ «Ռուսաստան»՝ եթերում եւ կյանքում

Հունվար 15,2019 22:00

Հայաստանի լրատվական դաշտում առայժմ շարունակվում են «դիսկուսիաներն» այնպիսի թեմաներով, որոնց լուծումը քաղաքակիրթ երկրներում գտնվել է բավականին վաղուց եւ բավականին լայն սպեկտրով՝ բավարարելով պահպանողականներից մինչեւ լիբերտարիանականների՝ ժողովրդավարական բազմազանության պարադիգմայի պայմաններում։

Հայաստանը հեղափոխությամբ եւ դրան հետեւած ազատ ընտրություններով մեծ քայլ արեց դեպի ժողովրդավարություն, ինչի մասին վկայում են նաեւ միջազգային զեկույցները, եւ ակնհայտ է երեք բան.

– Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի,

– Հայաստանում հասարակական հարաբերությունների զարգացումներն օբյեկտիվորեն եւ անդառնալիորեն տանում են դեպի ժողովրդավարություն,

– Հայաստանում դեռ շատ բան կա անելու՝ ժողովրդավարական հասարակություն դառնալու համար։

Հասարակական հարաբերությունների զարգացման այս գործընթացում տարբեր ձեւախեղումներից, հետընթացներից եւ մանիպուլյացիաներից խուսափելու եւ գործընթացը բնականոն հունի մեջ պահելու համար չափազանց կարեւոր է թույլ չտալ, որ լրատվական դաշտում պարզ դիվերսիաների հնարավորությունները մնան այս աստիճան լայն, որն ունենք ներկայումս։

Իհարկե, իրավիճակն էականորեն փոխվել է, եթե համեմատենք 2012-16 թվականների հետ, երբ ռուսական պրոպագանդայի «լրահոսը» եւ «նկարը» թարգմանվում էին հայերեն եւ հրամցվում որպես «միջազգային լրատվություն»՝ դա հայաստանցի սպառողին փաթաթելով, հետեւաբար նաեւ՝ օրակարգը եւ ավտորիտար «արժեհամակարգը»։

Դրան գումարվում էին արդեն Հայաստանում գործող ռուսական «լրատվամիջոցների» տարբեր «սպուտնիկներ», որոնք արդեն տեղայնացնում էին իրենց թիրախները, ասենք, ամենօրյա ռեժիմով կեղտ ու լուտանք թափելով «պետական հեղաշրջում կատարած» ուկրաինական Մայդանի եւ «Սաակաշվիլու հանցավոր ռեժիմի» վրա, հայհոյելով «Սորոսին» եւ այլ «հակահայ ուժերին», ձեռքի հետ էլ նրանց «գործակալ» հայ իրավապաշտպաններին եւ «կայունությունը խարխլող» ընդդիմադիրներին։

Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը փորձում էր իրեն մի քիչ ավելի «ծանր պահել» եւ զբաղված էր միայն իշխանություններին գովաբանելով, նրանց «քաղաքականությունը»՝ ուղղված Մոսկվայի եւ Պուտինի հետ «դարավոր բարեկամության ամրապնդմանը», իսկ հիմնականում կատարում էր զանգվածային հիմարացման գործառույթ՝ իրենց «շոուներով», պրոպագանդիստ դարձած «աստղերի» կողմից հրամցվող «ռազմահայրենասիրական դաստիարակությամբ» եւ այլն։

Հեղափոխությամբ ջարդուփշուր եղավ տեղական կրիմինալ-օլիգարխիկ «վերտիկալը», որի «կոթը» Մոսկվայում էր, իսկ նրա աղմկոտ եւ շատախոս, մեծ ու փոքր բեկորները մարգինալացվել են, նրանց ասածը եւ տարբեր թեմաներով «մտահոգությունը» նույնիսկ իրենց շենքում է շատ քչերին հետաքրքրում։ Հ1-ում լրատվական քաղաքականության անխուսափելի փոփոխությունները նաեւ անխուսափելիորեն ստանդարտ են ձեւավորում այլ հեռուստաընկերությունների համար՝ մարգինալացնելով «աջ կամ ձախ շեղումները»։

Այլեւս չկա տաբու այնպիսի տեղեկատվության վրա, ինչպիսին, ասենք, բարձրաձայնվող դժգոհությունն է Հայաստանի իշխանությունից, ցույցերը Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում կամ բողոքի ցույցը 102-րդ ռուսական ռազմաբազայի մուտքի մոտ՝ «Ռուսական բանակ՝ դուրս Հայաստանից» կարգախոսով։ Չկա նախկինի մաղձոտ հեգնանքը կամ «եվրասիական» ամբարտավանությունը, կա փաստ, կա պարզաբանում, իսկ մնացած դատողությունները թողնում են ունկնդրողին։ Մասնավոր ալիքներն ավելի ազատ են իրենց նախապատվությունները եւ արժեհամակարգը լրահոսի ենթատեքստերում «ներարկելու» մեջ, դա էլ է նորմալ եւ հասկանալի։ Սակայն այլ է պարագան, երբ գործ ենք ունենում ապատեղեկատվության կամ տեղեկատվական դիվերսիայի հետ, երբ այն ակնհայտորեն «ձայնակցում» է այլ պետության, թեկուզ «դարավոր բարեկամի», պրոպագանդայի հետ։

Ցավոք, մեր հասարակության ակտիվ սեգմենտն առայժմ խիստ ընկալունակ է մնում նմանատիպ դիվերսիաների եւ ապատեղեկատվական գրոհների նկատմամբ, եւ մեր տեղեկատվական համակարգերը դեռ շատ անելիքներ ունեն նման աղբը «տեֆլոնի էֆեկտով» վանելու եւ լուսանցք մղելու ունակություններ ձեռք բերելու համար։

Երբ խոսք է գնում բանակի ապագայի մասին՝ շատ են խոսում Իսրայելի օրինակի մասին, բայց մոռանում, որ Իսրայելի միայն բանակը չէ, որից կարելի է եւ պետք է շատ հարցերում օրինակ վերցնել։ Այդ երկրի արտաքին քաղաքականության, հետախուզության, տնտեսության, գիտության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներից բացի, փայլուն աշխատում է նաեւ տեղեկատվական համակարգերի համալիրը, որը հնարավոր չէ սասանել, ասենք, մի հրեական ծագմամբ մոսկվացու հակաիսրայելական ապուշ հայտարարությամբ կամ ինչ-որ ռուսական կայքի ապատեղեկատվությամբ կամ տեղեկատվական դիվերսիայով։

Իհարկե, դա մեկ օրվա բան չէ, եւ քայլերը մեզ մոտ որ արվում են, տանում են դեպի տեղեկատվական դաշտի եւ տեղեկատվության սպառող հասարակության հասունացման։ Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ Իսրայելում դրան հասան խոսքի ազատության պայմաններում, որը նույնիսկ պատերազմների ժամանակ եթե ենթարկվում էր սահմանափակումների, ապա նվազագույն, ինչը կապված էր զուտ ռազմական գաղտնիքի հետ։ Ի դեպ, Հայաստանում Քառօրյա ապրիլյան պատերազմի ժամանակ դրսեւորվեց բավականին լուրջ ներուժ տեղեկատվական համակարգերը պետությանը եւ հասարակությանը ծառայեցնելու գործում՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը գնաց «ռուսական տարբերակով»՝ ընդօրինակելով կիսելյով-«սպուտնիկյան» կացնային եւ ցինիկ պրոպագանդան եւ թրոլինգը եւ տոտալ արգելքներ մտցնելով իրական տեղեկատվության տարածման համար։

Սա դարձավ եւս մեկ գործոն, որը մեզ ցուցադրեց, որ այդ հարցում եւս մենք ռուսներից սովորելու ոչ մի բան չունենք. ինչպես չի՛ կարելի ոչ մի դեպքում։ Իհարկե, տարբեր հեռուստաալիքների եթերում մենք որոշ ժամանակ դեռ կտեսնենք ռուսական «առաջատար» հեռուստահաղորդումների գավառական նմանակումներ, ինչն առավելապես իներցիոն բնույթ է կրում, եւ դեռ որոշ ժամանակ պահանջարկ էլ կունենան։ Բայց ակնհայտ է, որ մեզ մոտ ամեն ինչն էլ շատ լավ է ստացվում, երբ դա անում ենք «ոչ ռուսական» ձեւով, ոլորտ առ ոլորտ, քայլ առ քայլ, այդ թվում՝ եթերում, եւ ընդհանրապես՝ կյանքում։ Մեր հասարակությունը «ռուսական» չէ, նրա հյուսվածքն ուրիշ է, այն «այլ կերպ է աշխատում»։ Եվ հնարավոր չէ դա հաշվի չառնել, եթե առաջ գնալու խնդիր է դրված։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, նույնիսկ Բելառուսում են առաջարկում սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը տեղական եթերում։

«Առավոտ» օրաթերթ, 

15.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «[ակնյայտ է թէ] Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի »

    lol

    այն ինչ որ աւելի շուտ ակնյայտ եւ անհերքելի է, արդէն ամիսներէ ի վեր, այն է թէ ՝Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք ՉԷ

    եւ ամէն մի օր, ամէն մի ժամ որ անցնում է, յաւելեալ ու բազմատեսակ փաստեր են կուկատվում եւ կուտակվում, որոնք ա՛լ աւելի հաստատում են այդ հիմնական իրականութիւնը

    ձեր «յեղափոխութիւնը» ոչ թէ միայն ձախողեցաւ ժողովրդավարութեան աստիճանը բարձրացնելու այդ երկրին մէջ, այլ աւելի վար իջեցուց այդ աստիճանը

    միակ յաջողութիւնը այն եղաւ որ ատելութեան առարկայ դարձած իշխանաւորներ անհետացան քաղաքական դաշտէն, շնորհաւոր լինի եւ բարի վայելում

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031