Երեկ նորընտիր ԱԺ-ի աոաջին նիստն էր։ Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը, անդրադառնալով օրենսդիրի գործունեությունը, ասաց. «Պետք է ձգտել աշխարհին պարգեւել Նոբելյան մրցանակակիրներ, նոր թումանյաններ եւ կոմիտասներ, նոր արշիլ գորկիներ, համբարձումյաններ, խաչատրյաններ, նոր գյուլբենկյաններ եւ քրքորյաններ: Դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն։ Բայց ձեր գործը այլեւս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաեւ դրանց կենսագործման վերահսկողությունը»,- ասել է նա։ «Ժողովուրդ» օրաթերթը նորընտիր պատգամավորների հետ զրույցում փորձեց պարզել, թե ով ինչպես է հասկացել նախագահի ուղերձը։
Թագուհի Ղազարյան՝ «Իմ քայլը» դաշինք
– Նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով նորընտիր օրենսդիր մարմնի մասին, նշեց, որ պետք է ձգտել աշխարհին պարգեւել նոբելյան մրցանակակիրներ, նոր թումանյաններ, նոր կոմիտասներ, նորարշիլ գորկիներ, համբարձումյաններ, խաչատրյաններ, նոր գյուլբենկյաններ եւ քրքորյաններ։ Սրա իրագործումը ինչպե՞ս եք պատկերացնում։
– Անկեղծ ասած՝ շատ տարբեր են էդ շեշտադրումները բոլոր էն մարդկանց, որոնց մասին խոսում է պարոն Սարգսյանը։ Պետք է հիշել, որ Թումանյանի ժամանակ պետականություն եւ Ազգային ժողով չկար, բայց Թումանյանը ինքնին ձեւավորվեց։ Դա մշակութային միջավայրի հարց է, որը որ պետք է կարգավորվի ոչ թե պետական ապարատներում կամ սենյակներում, գրասենյակներում որոշումներ կայացնելու հետեւանքով, այլ մեր իսկ վարքագծով եւ վարքականոններով մշակութային դանդաղ փոփոխությունների հետեւանքով։
– Այսինքն՝ կարծում եք՝ ԱԺ-ն այստեղ անելիք չունի՞։
– Ազգային ժողովը այստեղ օրենսդրական փոփոխության առումով անելիք չունի, բայց ԱԺ-ն այս միջավայրը կերտելու ու այդ դիսկուրսները ԱԺ հարթակից ստեղծելու հնարավորություն ունի։ Ես արդեն իսկ կարծում եմ, որ էս Ազգային ժողովը մշակութային մեծ փոփոխության հետեւանք է, եւ էստեղ իր դերակատարումը սենյակներում օրենսդրական նախաձեռնություններ կնքելը չի, որ լինելու է։
– Նախագահն ասել է՝ դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն։ Բայց Ձեր գործը այլեւս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաեւ դրանց կենսագործման վերահսկողությունը։ Ինչպե՞ս պետք է վերահսկեք Ձեր ստեղծած օրենքի իրականացումը։
– Վերահսկման մեխանիզմները բազմաթիվ են՝ կախված նրանից, թե այդ օրենսդրական նախագիծը որ կառույցին, որ մարմնին է վերաբերում։ ԱԺ-ն ունի այդ ղեկավար մարմիններին այստեղ հրավիրելու, խորհրդարանական լսումների, ինչպես նաեւ բոլոր պատգամավորները անհատական իրավունք ունեն մուտք ունենալ բոլոր պետական կառույցներ եւ տեսնել, տեղում ծանոթանալ, ինչպես նաեւ առանձին նամակներ հղել եւ պատասխաններ ստանալ։ Մեզ վերահսկման բազմաթիվ լծակներ են տրված, եւ ես չեմ կարծում, թե դրա անհնարինությունը կա իրավական առումով։ Դրա ցանկության պատճառը գուցե միայն կարող է խոչընդոտ լինել, որովհետեւ հնարավորությունները շատ լայն են, իսկ ցանկություն եւ քաղաքական կամք կա։
– Վերահսկողությունը պատկերացնում եք ԱԺ ամբիոնից ելույթներ ունենալո՞վ, թե՞ կգնաք եւ տվյալ ոլորտը ներկայացնող նախարարին կհիշեցնեք՝ նման օրենք կա, եւ վերահսկողությունը անմիջական կլինի։
– Ձեր հարցի երկրորդ մասը էդքան էլ տրամաբանական չեմ ընկալում՝ գնալ եւ նախարարին հրահանգել։ Օրենքը կլինի, նախարարը կիրագործի։ Եթե չիրագործի, խորհրդարանական լսումների ժամանակ կհարցադրի այդ մասին։ Պարտադիր չէ, որ այդ հարցերը լինեն ԱԺ ամբիոնից։ Այդ հարցերը կարող են լինել մեր կողմից նամակների տեսքով, դիմումների տեսքով եւ պատասխանների, եթե սպառիչ լինեն կամ սպառիչ չլինեն, ըստ այդմ գործողությունները կնախատեսվեն։
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում