Այսօր ԱԺ փոխնախագահի պաշտոնում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Ալեն Սիմոնյանը՝ 109 կողմ ձայներով: Քվեարկությանը մասնակցել էր 130 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր էր, դեմ էր քվեարկել 20 պատգամավոր:
Լենա Նազարյանին կողմ էր քվեարկել 124 պատգամավոր, 3 քվեաթերթիկ անվավեր էր, 3-ը դեմ:
Իսկ որպես ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը: Նրա օգտին քվեարկել էր 108 պատգամավոր, 3 քվեաթերթիկ համարվել էր անվավեր: Մյուս թեկնածուի՝ Մանե Թանդիլյանի օգտին քվեարկել էր 19 պատգամավոր:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ունի 18 մանդատ, հետեւաբար Մանե Թանդիլյանին կողմ քվեարկած 19 ձայնը հուշում է, որ կա՛մ ԲՀԿ-ից, կա՛մ «Իմ քայլը» դաշինքից առնվազն մեկը չի անսացել խմբակցության որոշմանը:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց իրեն ընտրողներին ու այն 20 պատգամավորներին, որոնք դեմ են քվեարկել, ասաց, որ շատ համակրում է ԼՀԿ-ին, վստահ է, որ լավ է աշխատելու նաեւ ԲՀԿ-ի կողմից առաջադրված Վահե Էնֆիաջյանի հետ: Էնֆիաջյանն էլ վստահեցրեց, որ ինքը ժողովրդի ձայնը բերելու է խորհրդարան՚:
Վերջում Էնֆիաջյանը գեղեցիկ ժեստ արեց Մանե Թանդիլյանի հանդեպ՝ նրան նվիրելով սպիտակ վարդերի մի ծաղկեփունջ ու սեղմելով նաեւ Էդմոն Մարուքյանի ձեռքը: Նաիրա Զոհրաբյանը իր տեղից կատակեց. «Վարդերի հեղափոխություն»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց՝ «Տեղակալների վարդերի հեղափոխություն»:
Ուշագրավ էր, որ «վարդերի հեղափոխությունից» շփոթված՝ Էնֆիաջյանը ԱԺ նիստերի դահլիճում նորից զբաղեցրեց իր հին տեղը՝ մոռանալով, որ ԱԺ նախագահությունում տեղ ունի: Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Ես չհասկացա՝ քվեարկության արդյունքներից պարոն Էնֆիաջյանը գո՞հ է, թե՞ գոհ չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ