2018-ի ողջ ընթացքում իշխում էր մտայնությունը, որ 2019-ը լինելու է կարեւոր տեղաշարժերի տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Շատ վերլուծաբաններ, փորձագետներ նույնիսկ բաց տեքստով էին հայտարարում, որ հայաստանյան «թավշյա» իշխանությունների կողմից շատ բան հանդուրժում են հենց ղարաբաղյան ճակատում ունենալիք դրական տեղաշարժերի ակնկալիքով։ Ու եթե գոնե վերջին մեկ տարվա հրապարակումներն ենք թերթում՝ հայկական, ռուսական, անգամ ադրբեջանական մամուլում ու միջազգային ԶԼՄ-ներում հրապարակված, հասկանում ենք, որ տեղաշարժեր ասվածն այլեւս չի ենթադրում հանդիպում հանուն հանդիպման, այլ պարունակում է որոշակի կոնկրետություն՝ հստակ քայլեր։ Նույնիսկ Դուշանբեի «չկրակելու» պայմանավորվածությունը կարելի է այդ համատեքստում տեղավորել՝ հաշվի առնելով սահմաններում տիրող հարաբերական անդորր վիճակը, որով հպարտանում է նաեւ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հակամարտության բանակցային հիմքում դրված Մադրիդյան սկզբունքներին, ապա նման տեղաշարժ կարող է համարվել տարածքների հանձնումը։ Միայն այս պարագան կարող է դիտարկվել որպես դիվանագիտական՝ տեղում դոփող պրոցեսի «տեղից պոկում»։ Ու նաեւ հարց է առաջանում, իսկ Հայաստանի ներկայիս ղեկավարը պատրա՞ստ է նման շրջադարձային, նույնիսկ՝ ճակատագրական քայլ անելու։ Ըստ ամենայնի՝ ոչ։ Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ վերջնագծին հասնելը հնարավորինս հետաձգելու որքա՞ն ժամանակ ունի նա, որ մանեւրի։ Թերեւս հենց սա է ամենամեծ ինտրիգն առաջիկա քաղաքական անցքերի։
Հայտնի է նաեւ, որ նոր իշխանությունը սուպերվարչապետական կառավարման համակարգը փոխելու շրջանակներում խոստանում էր, որ որոշ լիազորություններ կարող է զիջել։ Փաշինյանն էլ ասել էր, որ պառլամենտական կառավարման երկրում ենք ապրում, եւ ԱԺ-ին կարելի է որոշ իրավունքներ եւ լիազորություններ զիջել։ Սակայն արդյոք երկրի արտաքին քաղաքականությունը, որը գործադիր իշխանության գործառույթն է, կարելի՞ է զիջել ԱԺ-ին։ Բացի այդ, 88 հոգանոց կայուն մեծամասնությունը, որը 100 տոկոսանոց կախում ունի իրենից, բնական է, որ անխոս կատարելու է իր կամքը։
Տիգրան ՎԱՀԱՆԵ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում