Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, որն այսօր պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու եւ ՀՔԾ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունները, պաշտպանական կողմից ինքնաբացարկ ներկայացվեց՝ երկրորդը:
«Մենք ստացանք դատարանի նախագահի պատասխանն առ այն, որ գործերի բաշխումը դատավորների միջեւ տեղի էր ունեցել իրավական ակտերին համապատասխան, սակայն խնդիրը հետեւյալն է: Տոնական օրերին եղել են ութ հերթապահ դատավորներ: Մենք ուզում էինք պարզել, թե ինչի հիման վրա էր Արթուր Մկրտչյանը նշանակվել այս գործով դատավոր»,-լրագրողների հետ զրույցում ներկայացնելով ինքնաբացարկի հիմքերը՝ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Նրա խոսքով՝ գործի մակագրումը դատավոր Մկրտչյանին տեղի չի ունեցել համակարգչային եղանակով. «Դատական օրենսգիրքը նախատեսում է դատավորների ընտրության էլեկտրոնային համակարգ: Որպես պաշտպանակ կողմ՝ մատնանշում ենք թերացումները»:
Օրբելյանը նշեց, որ ենթադրաբար՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է որոշել գործը մակագրել Արթուր Մկրտչյանին. «Ըստ եվրոպական կոնվենցիայի՝ դա նշանակում է կամայականություն եւ ոչ օրինական դատարան, ինչի մասին էլ մենք բարձրաձայնեցինք: Դատավորի ընտրությունը տեղի է ունեցել ոչ թե օրենքի խախտմամբ, այլ այն ձեւակերպված չէ օրենքի հիման վրա»:
Ավելի ուշ պարզ կլինի՝ դատավոր Մկրտչյանն ինքնաբացարկ հայտնե՞լ է, թե՞ ոչ:
https://www.facebook.com/aravot.am/videos/313552889292486/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ