Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Շահնազարյանը՝ վարչապետին. «Չենք բողոքում, այլ հորդորում ենք (ըստ Օսիպյանի) անել նաեւ մշակութային հեղափոխություն». «Հրապարակ»

Հունվար 15,2019 12:58

Մեծարգո պարոն վարչապետ, նախեւառաջ երախտապարտ ենք Ձեզ եւ մեր նոր սերնդին՝ ստրկությունից մեր ժողովրդին ազատագրելու համար։ Ուստի չենք բողոքում, այլ հորդորում ենք (ըստ Օսիպյանի) անել նաեւ մշակութային հեղափոխություն։ Դրա ձեւը կա, պատրաստ ենք օգնելու, միայն թե Դուք (աղաչանք-պաղատանք) մի կապեք մեր գլխին անտեղյակ ու անճար մարդկանց։ Վերոնշյալ ցավոտ խնդիրները կարելի է լուծել կարճ ժամանակում, օրինակ՝ «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտի միջոցով (տնօրենին հեռացնելուց հետո, այսինքն՝ Արմեն Սմբատյանի «կոնտրոլից» ազատագրելուց հետո, ինչպես ազատագրվեց Կոնսերվատորիան) կարելի է իրագործել Կոմիտասի ծրագիրը՝ ժողովրդին վերադարձնել իր իսկ տեսակը։

Բայց, հարգարժան վարչապետ, ես գիտեմ, որ «ինչ-որ տեղ», «Ձեր հոգու խորքում», ցավոք, համարյա թե, նրբորեն՝ Դուք էլ դեմ չեք «կլկլոցին»։ Ձեր գրքում գրում եք, թե՝ «որքա՜ն ընդհանուր բան կա մոլլայի կանչի եւ Արտիստի ֆլամենկոյի ելեւէջների միջեւ», եւ որ այս նույն ելեւէջներով եւ «այսպես Տավուշի հեռավոր գյուղերում տարիքով կանայք են ողբում իրենց ջահել բալեքի կամ սիրասուն ամուսինների դիակների վրա», ապա շարունակում եք. «Ու եթե Հայաստանում մոլլաների կանչից մնացել է կանանց՝ լսողության ոչ այնքան հաճելի, երբեմն նույնիսկ գռեհիկ ողբը, Իսպանիայում ստեղծվել է մշակույթ… Եվ այս իմաստով ծիծաղելի են դառնում նրանք, ովքեր Հայաստանում փրփրած բերաններով «պայքարում» են «մշակութային օտար ազդեցությունների դեմ»։ Ինչքան շատ ենք մենք դրա դեմ պայքարում, այնքան ավելի շատ ենք կորցնում մեր մշակույթը, մեր ինքնությունը» («Երկրի հակառակ կողմը», էջ 58-59)։

Բա եղա՞վ, պարոն վարչապետ։ Աղաչանք-պաղատանք, մատաղ, էս մի քարը փեշիցդ թափիր։ Կոմիտասը հենց էդ լացուկոծը մի կողմ դրեց, իսկ թե՝ ողբ, ապա Տավուշի պառավի մոլլայակերպ լացուկոծի փոխարեն տվեց հայեցի ողբի օրինակը (Ակնա ողբը, Ապարանի «Ա՜խ, ախ» մահերգը, «Վարդեւանն ելավ» ողբը եւ այլն), զուսպ եւ խոր, մեր ճշմարիտ տեսակի նման։ Անհիշելի ժամանակներից մեզ ավանդված մեր բնիկ երաժշտական ծովը չմտած, մեր երեխաներին իրենց արյան կանչը, իրենց օրինական ժառանգությունը չվերադարձրած՝ մոլլայի «ազանից» մեզ համար ֆլամենկո շինելու կարիքը հաստատ չունենք։ Բայց եթե ազդվելու ցանկություն կա, ապա ավելի լավ է մոլլայի փոխարեն Բախից ազդվենք։

 Արթուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր, կոմիտասագետ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031