Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Եղոյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագա՞հ

Հունվար 15,2019 12:42

Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, վարչապետի նախկին խոսնակ  Արման Եղոյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Եղոյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր տեղեկությունը: Միայն ասաց, որ խմբակցությունում քննարկումներ են ընթանում թեկնածությունների շուրջ, քիչ հետո խորհրդարանում թեկնածությունները պաշտոնապես կառաջադրվեն եւ ընտրությունից հետո արդեն պարզ կլինի, թե ով է ղեկավարելու այդ հանձնաժողովը: Խմբակցությունում հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ քննարկումների մասին Արման Եղոյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել:

Հայտնի է նաեւ, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարելու է «Իմ քայլի» անդամ, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը: Նախկին պատգամավոր  Հովհաննես Իգիթյանը կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների փոխնախագահ:

Aravot.am-ի հետ զրույցում Արման Եղոյանն ասաց միայն, որ քննարկումների արդյունքում  եկել են այն որոշման, որ ինքը ընդգրկված է լինելու ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովում. «Իմ կրթությանը համապատասխան՝ ես կարող եմ ընդգրկված լինել մի քանի հանձնաժողովներում, բայց արդեն ընդգրկված եմ Եվրոինտեգրացիայի հանձնաժողովում»: Անկախ նրանից՝ կլինի հանձնաժողովի նախագահ, թե չէ, իբրեւ Եվրոինտեգրման հանձնաժողովում ընդգրկված պատգամավոր, Արման Եղոյանն ասում է, որ ամբողջովին գիտակցում է այն պատասխանատու աշխատանքը, որը պետք է իրագործի հանձնաժողովը:

Հիշեցնենք, եվրոպական երկրները դեռեւս չեն վավերացրել 2017-ին կնքված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, սակայն դրա որոշ դրույթներ ուժի մեջ են մտել անցած տարվա հունիս-հուլիս ամիսներին, մի մասն էլ ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր երկրների կողմից  համաձայնագրի վավերացումից հետո:

«Բնականաբար, ես պետք է անեմ ամենը, ուժերիս ներածին չափով, որպեսզի համաձայնագրի կիրարկումը արագ տեղի ունենա»,- ասաց Արման Եղոյանը, հավելելով, որ համաձայնագրի արագ եւ ամբողջական կիրարկման համար  խորհրդարանը եւ կառավարությունը,  մասնավորաբար՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած համապատասխան հանձնաժողովը սերտ համագործակցության մեջ պետք է լինեն:

Երեկ ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը թերահավատություն հայտնեց, որ 2019-ին կհաջողվի հասնել համաձայնագրի ամբողջական վավերացման, պայմանավորված նրանով, որ Հայաստանի նոր իշխանությունների իրավակազմակերպական հարցեր  լուծելու եւ կապեր հաստատելու համար ժամանակ է պետք:  Արման Եղոյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը հստակ ունենալու համար իրեն մի քիչ ժամանակ է պետք, որպեսզի գործընթացին վերաբերող իրավիճակին հասցնի ամբողջական ծանոթանալ: Բայց կարծում է, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի արագ վավերացման եւ արագ կիրարկման համար:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այս առիթով մտահոգություններին, թե 2019-ի ընթացքում հնարավոր չի լինելու հասնել համաձայնագրի վավերացմանը, Արման Եղոյանը գերադասում է չարձագանքել՝ Արմեն Աշոտյանի մտահոգությունները թողնելով Արմեն Աշոտյանին. «Մենք պետք է ամեն ջանք գործադրենք գործընթացին օր առաջ դրական ընթացք տալու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031