«Նրան հարցրել ենք՝ երբ դատախազ էր, առնչվե՞լ է Մարտի մեկի գործերին: Պատասխանեց, որ ոչ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությունը քննել պատրաստվող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք՝ Aravot.am-ը գրել էր, որ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը քննել պատրաստվող դատավոր Արթուր Մկրտչյանը 1999թ.-ին, երբ այն ժամանակ դեռ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման, դատախազ էր: Երեկ Քոչարյանի պաշտպանները նրան ինքնաբացարկ էին հայտնել, բայց ոչ այդ հիմքով:
Այսօր էլ դատական նիստից առաջ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ժամանակին դատախազ լինելու հանգամանքն ինքնաբացարկի հիմք ուղղակիորեն չի հանդիսանում, եթե իհարկե չպարզվի, որ վարչապետն ինչ-որ կերպ առնչություն ունի: «Նկատի ունեմ չարաբաստիկ գաղտնալսումները: Ամեն դեպքում, եթե դատարանը գիտի նման հանգամանքների մասին, ճիշտ կլինի՝ հայտնի: Մենք այս պահին չենք տիրապետում նման տեղեկատվության, որպեսզի ինքնաբացարկ հայտնենք: Եթե հետագայում առնչություններ կպարզվեն, մենք կքննարկենք ինքնաբացարկի հարցը»,-նշեց Օրբելյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ պաշտպանները դիմել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ պարզելու համար Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատարանի կազմի ձեւավորման հիմքերը: Պատասխան դեռեւս չեն ստացել:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը Մարտի մեկի հայտնի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար: Նա կալանավորված է:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր նախատեսում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Միջնորդությունների քննումը կախված է նրանից, թե դատավորի ինքնաբացարկի միջնորդություն կրկին կլինի՞, թե ոչ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ