Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր նախատեսում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Միջնորդությունների քննումը կախված է նրանից, թե դատավորի ինքնաբացարկի միջնորդություն կրկին կլինի՞, թե ոչ:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ դատավոր Արթուր Մկրտչյանը ինքնաբացարկ չի հայտնել, սակայն փաստաբաններն այդ որոշումը չեն ստացել, եւ չի բացառվում, որ ստանալուց հետո կրկին ինքնաբացարկ հայտնեն նրան: Այդ որոշումը պաշտպանները կստանան այսօրվա նիստում:
«Կպնդենք, որպեսզի այդ միջնորդություններն իրար միացված չքննվեն, որովհետեւ տարբեր ժամանակահատվածների են վերաբերում: Մենք գրավի միջնորդությունը ներկայացրել ենք դեռեւս դեկտեմբերի վերջին: Դատարանին պետք է խնդրենք սկզբից գրավի հարցը քննարկել եւ որոշում կայացնել, այնուհետեւ՝ կալանքը երկարացնելու հարցը, եթե գրավի միջնորդությունը չբավարարվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Արամ Օրբելյանի բնորոշմամբ՝ եթե գրավի միջնորդությունն առաջնահերթ չքննվի, պաշտպանները կհամարեն, որ անձը զրկվում է պաշտպանության իրավունքից. «Եթե առանձին քննվի եւ մերժվի, կան հավելյալ հիմնավորումներ, որպեսզի կրկին գրավով ազատելու միջնորդություն ներկայացնենք: Ամեն դեպքում, ես գրավի միջնորդության մերժման հիմքեր չեմ տեսնում»:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը Մարտի մեկի հայտնի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար: Նա կալանավորված է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ