6-րդ գումարման Ազգային ժողովը թեև բավական կարճ կյանք ունեցավ, բայց այդ ընթացքում Հայաստանը պատմական մի քանի իրադարձության ականատեսը եղավ: Այդ ժամանակահատվածում մեր երկիրն անցավ խորհրդարանական կառավարման մոդելի, ինչին անմիջապես հաջորդեց իշխանափոխությունը՝ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականով: Խորհրդարանը մեկ տարվա ընթացքում ռեկորդ սահմանեց վարչապետ ընտրել-չընտրելու մասով: Մեկուկես տարվա մեջ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը սուր, բոցաշունչ ու լարված ելույթների պակաս չունեցավ: 6-րդ գումարման խորհրդարանական ուժերից երկուսի ներկայացուցիչների հետ, որոնք գործող ԱԺ-ում ներկայացված չեն, «Իրատեսը» զրուցել է կատարված ու այդպես էլ ավարտին չհասցված գործերի մասին:
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին տարին շատ բուռն է եղել «Հանրապետական» խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ համար: Իր իսկ խոսքով՝ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ ու համահեղինակ է եղել, ակտիվ ու դինամիկ աշխատանք են տարել ԵԽԽՎ-ում, Եվրահամաձայնագրի վավերացման մասով ու փորձել են արտաքին աշխարհի հետ հարաբերություններն առավել կայուն դարձնել. «Մեր աշխատանքը դրական ու արդյունավետ եմ գնահատում մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածի համար, այսինքն, այն մեկ տարվա, որի ընթացքում Ազգային ժողովն աշխատել է իր բնականոն հունով: Այդ ընթացքում թևակոխեցինք մի շրջափուլ, երբ ամբողջությամբ խորհրդարանական կառավարման պետք է անցներ երկիրը, ինստիտուտները պետք է գործեին: Իսկ ապրիլից հետո ԱԺ-ի աշխատանքները բոլորովին այլ ուղղությամբ գնացին: Կային նախաձեռնություններ, որ, ցավոք, անավարտ մնացին: Մարդիկ են եղել, որ հանրապետական կուսակցությանը ձայն են տվել հենց այդ օրենքների կամ օրենքում փոփոխություններ անելու համար: Իմ նշած այդ մեկ տարին այնքան բուռն է եղել, որ երբեմն ժամանակ չէր մնում անգամ անձնական ու ընտանեկան հարցերով զբաղվելու»:
Ապրիլից հետո, երբ հասարակությունը թիրախավորել էր ՀՀԿ-ական պատգամավորների մեծամասնությանը, տիկին Աճեմյանը չի ընկճվել: Նկատում է՝ կուսակցական բազմամյա փորձն ու տասը տարվա պատգամավոր լինելու հանգամանքն են տոկունություն ու մշտապես առաջ նայելու ուժ տվել: Բացասական երևույթների վրա նախկին պատգամավորը չի կենտրոնացել ու չի կենտրոնանում, և վստահ է՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:
«Ես ցանկանում եմ, որ այն մարդիկ, որոնք հավատացել կամ նորը ստեղծելու հույսեր են կապել ձևավորված խորհրդարանի հետ, շատ չհիասթափվեն, չնայած համոզված եմ՝ հիասթափվելու են: Նոր խորհրդարանի պատգամավորներին չեմ կարծում, թե որևէ խորհուրդ անհրաժեշտ է: Վերջիններս կարծում են, թե ամեն ինչ գիտեն: Բայց այս ժամանակահատվածում մենք այնպիսի թերացումների ու սայթաքումների ականատեսը եղանք, որոնք ուղղակի անթույլատրելի էին: Այն մարդիկ, որ քայլեցին ու իշխանություն ստացան, լավ կլիներ հիշեն՝ ինչի համար են եկել իշխանության: Ես արդեն տեսնում եմ, որ, բացի վայելքից, նրանց ոչինչ առանձնապես հետաքրքիր չէ՝ ո՛չ ընտրողները, ո՛չ երկրի զարգացման ուղին, ո՛չ տնտեսական վիճակը: Պառլամենտարիզմի պայմաններում խորհրդարանը կարևորագույն նշանակություն ունի, Ազգային ժողովի աշխատանքը կարևորագույնն է, հետևաբար նորընտիրները պետք է լրջորեն վերաբերվեն օրենքների ընդունման և վճիռների կայացման հարցերին»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այս համարում։