Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի աշխարհաքաղաքական, տնտեսական վերլուծությունը՝ Իրանից, Չինաստանից սկսած՝ մինչեւ Արցախի հարց

Հունվար 15,2019 11:09

Այսօր խորհրդարանում ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցի շուրջ քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ամբիոնին մոտեցավ՝ խմբակցության տեսակետը ներկայացնելու, բայց ներկայացրեց նաեւ Հայաստանի տնտեսական կառուցվածքի իր վերլուծությունը:

Նա խոսեց ՓՄՁ-ների կարեւորության, բանկային համակարգի մասին. «Մեր բանկային համակարգերում պետք է փոփոխություն լինի, մեր բանկիրները պետք է կարողանան համագործակցել եվրոպական, համաշխարհային բանկերի հետ, այնտեղ տարբեր վարկեր են տրվում երիտասարդ ընտանիքների, ՓՄՁ-ների համար՝ 0 տոկոս, 0,25, 0,75, տոկոս, եթե այդպիսի վարկեր կարողանան բերել, մեր ժողովրդին կարող են տրամադրել 2-3 տոկոսով ու մեր ժողովուրդն էլ կկարողանա լիարժեք ոտքի կանգնել, ոչ թե լինի 8, 10, 15 տոկոս: Վարկերի հետ կապված որոշումներ կան, մարդը եթե 5 տարով վարկ է վերցնում, առաջին տարում փակում է վարկի տոկոսային չափը, մնացած տարիների ընթացքում՝ մայր գումարը: Մարդը եթե ուզում է վարկը մեկ տարի հետո գումարը վճարի, դուրս գա, ասում են՝ պիտի 7 տարվանը վճարես: Այ քո ցավը տանեմ, մարդը եթե կարողանում է մի տարվա ընթացքում վճարի, փակել, ինչի՞ համար 7 տարվա տոկոսը տա: Պիտի քննարկենք, էդ հարցերը կարգավորենք»:

Հետո Ծառուկյանն անցավ արտաքին քաղաքականությանը՝ ասելով, որ մեր կապերը պետք է զարգացնենք Ռուսաստանի հետ ոչ թե խոսքով, այլ՝ գործնական, որ ավելի մեծ ներդրումներ, զարգացումներ լինեն, դրանք ավելի շոշափելի լինեն մեր առօրյայում. «Մենք ունենք 3 մլն բնակչություն, հայրենակիցներ, որոնք այնտեղ աշխատում են, արարում են, զգում են ՌԴ-ն՝ որպես իրենց երկրորդ հայրենիք ու ամսական 120-150 մլն դոլար գումար են ուղարկում իրենց ընտանիքներին, իրենց ծնողներին: Դա պետք է մենք հաշվի առնենք, ավելի լայնացնենք, հզորացնենք ապրանքաշրջանառությունը, ներդրումները: Ռուսաստանը միշտ էլ եղել է ռազմաքաղաքական, տնտեսական մեր գործընկերը, դա պիտի ավելի ամրապնդենք, զարգացնենք, դա միայն ու միայն օգուտ կլինի մեր երկրին: Մենք ասենք ԵԱՏՄ անդամ ենք, մյուս երկրների հետ էլ համագործակցենք, կապը, շփումը, որ դա միայն օգուտ կբերի: Մենք ունենք ԵՄ-ի հետ տնտեսական հուշագիր ստորագրած, միակ երկիրն ենք ու պետք է կարողանանք կամուրջ հանդիսանալ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի հետ, ավելի օգուտ կլինի տնտեսության զարգացման համար՝ ԵԱՏՄ-ԵՄ-ԱՄՆ կամուրջ է լինելու, մենք կկարողանանք լիարժեք արդյունքների հասնել»:

Ծառուկյանը նաեւ անդրադարձավ Չինաստանին. «Մետաքսի ճանապարհի հարցը 5 տարի է՝ քննարկվում է, պատկերացրեք, եթե այդ ճանապարհի խաչմերուկը Հայաստանն է հանդիսանում, այդ կապող օղակը, տնտեսության զարգացման համար ամենաճիշտ ճանապարհն է, մենք պետք է դրան ուշադրություն դարձնենք, դա միանգամից մեր տնտեսական կարգավիճակը կփոխի»:

Նա հորդորեց հայ-չինական համատեղ ձեռնարկություններ բացել. «Գիտեք, իրենք օգտվում են տեխնոլոգիական, գիտական մեթոդներով, իրենց ապրանքը ամենաէժանն է աշխարհով մեկ, մենք մեր շուկան ունենք, կարողանանք ԵԱՏՄ, ԵՄ զարգացնենք»:

Խոսելով Իրանի մասին՝ Ծառուկյանն ասաց, որ Իրանն իրեն բարեկամի նման է պահել, ոչ մի խնդիր չի առաջացրել ու պետք է կարողանանք այդ հարաբերությունները ջերմորեն պահել-պահպանել:

Այսքանից հետո Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ ղարաբաղյան հարցին. «Արցախի խնդիրը մեր ժողովուրդը լուծել է, միայն մնում է միջազգային ճանաչում, ինչքան ճանաչումը շուտ լինի, այնքան մեր խնդիրները կկարգավորվեն: Բայց այդ միջազգային ճանաչումը կախված է, որ մեր պետությունը ավելի հզոր լինի, հզոր պետությունների հետ են հաշվի նստում: Մենք պետք է կարողանանք դա կազմակերպել: Դրա համար անհրաժեշտ է, որ սփյուռքահայերի հետ, որ դրսում ունենք 12 մլն սփյուռքահայ, պետք է այդ կապը ավելի ամրապնդվի: Մեր հայրենակիցները Հայաստան գալուց իրենց ամուր պետք է զգան: Պայմանները, հնարավորությունները, ջերմությունը…նրանք մեր հայրենասեր հայրենակիցներն են, դա գործով են ապացուցել»:

Ծառուկյանն ասաց, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորը մեր բանակն է, իր կյանքով ու գործով ապացուցել է. «Այսօր մեծ աշխատանքներ պետք է կատարվի, պատերազմող երկիր ենք, ռազմարդյունաբերությունը պետք է հզորացվի 21-րդ դարին համապատասխան»:

Ըստ Ծառուկյանի, 18 տարեկան զինվորն առաջին գծում պետք է չկանգնի: Առաջին գծում պետք է կանգնեն պայմանագրային փորձառու զինծառայողները: Կարող ենք այդ որոշումն ընդունել, խնդիրները լուծել. «Չլուծվող խնդիր չկա»:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանին հատկացված ժամանակը վաղուց սպառվել էր, բայց նա դեռ վերլուծում էր ու ամբիոնի մոտ խոսում՝ նախորդ տարիների «տեղը հանելով»: Արարատ Միրզոյանը, հասկանալով հարցի նրբությունը, փորձում էր չընդհատել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031