Ազգային Ժողովն առաջիկայում կքննարկի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արմատապես փոփոխել կառավարության կառուցվածքը և կրճատել նախարարությունների ցանկը:
Այդ լույսի ներքո հարկ ենք համարում քննարկել 2002 թվականից գործունեությունը դադարեցրած Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու նպատակահարմարությունը:
Այսպիսով, 2002 թվականից ներքին գործերի նախարարությունը, փաստացի պահպանելով նախարարության ներքին կառուցվածքը, դադարեց նախարարություն լինելուց և վերածվեց կառավարությանն առընթեր մարմնի: Հիմնական տարբերությունն այն էր, որ մարմնի ղեկավարն այլևս հաշվետու չէր խորհրդարանին:
Հիմնական տարբերությունները
Կառավարությանը (կամ վարչապետին) առընթեր ոստիկանության և ներքին գործերի նախարարության հիմնական տարբերությունը ընդգծելու համար արժե համեմատական տանել պաշտպանության ոլորտի հետ:
Այսպիսով, պաշտպանության ոլորտում կա կառավարության պաշտպանական քաղաքականության պատասխանատու՝ Պաշտպանության նախարարություն և պաշտպանության անմիջական իրականացնող՝ Զինված ուժեր և դրանց գլխում կանգնած գլխավոր շտաբ: Նախարարը համակարգում է քաղաքականության մշակումն ու իրականացումը, իսկ գլխավոր շտաբի պետը՝ զուտ ղեկավարում զինված ուժերը: Նույնը կարելի է ասել նաև փրկարար ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության մասով:
Այնինչ, ոստիկանության դեպքում ոստիկանության պետը (և կենտրոնական ապարատը) միաժամանակ թե՛ ղեկավարում է ոստիկանությունը, թե՛ մշակում և իրականացնում քաղաքականությունը:
Ավելին, մեկ այլ էական տարբերություն է հաշվետվողականությունը: Վարչապետին առընթեր ոստիկանության պետը հաշվետու է բացարձակապես վարչապետին, մինչդեռ նախարարը ենթակա (և հաշվետու) է վարչապետին, ինչպես նաև, հաշվետու է Ազգային Ժողովին: Նախարարը, որպես կառավարության անդամ, ներկա է լինում Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին և պատասխանում հասարակական կարգի պահպանման ու հանցագործությունների դեմ պայքարին վերաբերող պատգամավորներին հուզող հարցերին:
Այն պարագայում, երբ խորհրդարանը քաղաքացիների կողմից ուղղակիորեն ընտրվող միակ մարմինն է (պետությունը խորհրդարանական հանրապետություն է), խիստ կարևոր է, որ պատգամավորները կարողանան նշված հարցերի վերաբերյալ պատասխանները ստանան հենց Ազգային Ժողովի դահլիճում՝ հանրության աչքի առջև:
Հավելենք, որ Եվրոպական միության անդամ 28 երկրներից 27-ը ունեն ներքին գործերի նախարարություններ: Շվեդիան, որ բացառություն է այս առումով, ներքին գործերի նախարարության գործառույթները մեկտեղել է արդարադատության նախարարության կազմում (ցանկը՝ այստեղ):
Սահմանապահ ծառայություն
Հայաստանում սահամանապահ զորքերը Ազգային անվտանգության ծառայության կազմում են: Դա Խորհրդային միությունից եկած կառավարման մոդել է, որի հիմքը դրվել է 1957 թվականին, երբ ԽՍՀՄ սահմանապահ ծառայությունն ընդգրկվեց Պետական անվտանգության կոմիտեի կազմում:
1950-ականներին դա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այդ տարիներին ԽՍՀՄ դեմ հետախուզությունն իրականացվում էր տարատեսակ սահմանախախտումների միջոցով (թե՛ օդային, թե՛ ջրային և թե՛ ցամաքային): Սակայն արդեն վաղուց հետախուզությունը չի իրականացվում սահմանախախտումների միջոցով: Իսկ այնտեղ, որտեղ դա իրականացվում է (Ադրբեջանի հետ սահմանին), հարցը գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիազորությունների ներքո (և ոչ ԱԱԾ-ի):
Սա, որոշակի առումով ժողովրդավարական երկրներում նախադեպը չունեցող կառավարման մոդել է, քանի որ սահմանապահ ծառայությունն ավելի շատ ընդհանրություն ունի ոստիկանության հետ, քան հետախուզական/հակահետախուզական մարմնի հետ:
Ոստիկանության փոխգործակցությունը սահմանապահ ծառայության հետ անգամ այժմ էապես ավելի շատ է, քան հետախուզական ու հակահետախուզական մարմինների հետ: Սահմանապահներն ու ոստիկանները համագործակցում են սահմանախախտների հայտնաբերման հարցում, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի կառավարման հարցում, անցակետերում քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների բացթողնման հարցում և այլն:
Այս առումով, զարմանալի չէ նաև, որ ԵՄ անդամ 28 երկրներից 23-ում սահմանապահ ծառայությունը (կամ գործառույթները) հենց ՆԳՆ-ի լիազորությունների շրջանակում են:
Փրկարար ծառայություն
Ակնհայտ է, որ Հայաստանում Կառավարությունն այժմ նախարարությունների թվի կրճատման և կառավարման օպտիմալացման նպատակ է դրել: Այդ տրամաբանության սահմաններում կարելի է Արտակարգ Իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) միացնել ՆԳՆ-ին և փրկարար ծառայությունն ընդգրկել ՆԳՆ կազմում:
Փրկարար ծառայության և ոստիկանության համագործակցության ոլորտները շատ են: Ավելին, հանցագործությունների և արտակարգ իրավիճակների կանխարգելման գործողությունները հաճախ փոխկապակվցած են և չեն կարող լինել իրարից անկախ:
ԵՄ անդամ երկրներից 22-ում ՆԳՆ-ն նաև իրականացնում է փրկարար և հրշեջ գործառույթներ (կամ կազմում ներառում է փրկարար ծառայությունը): Դա նաև հնարավորություն է տալիս ստեղծելու «փրկության միասնական հեռախոսահամար», ինչպես աշխարհի բոլոր առաջատար երկրներում (911, 112 և այլն):
Այլ կերպ ասած՝ արդյունավետ կլինի ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինեն 3 ծառայություններ՝ ոստիկանություն, սահմանապահ և փրկարար: Այդ ծառայությունների ղեկավարներին կարող է նշանակել վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ: Նման մոդել է գործում արդարադատության նախարարությունում, ուր գործում են ԴԱՀԿ, պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունները, որոնց ղեկավարները նշանակվում են վարչապետի կողմից:
Կառավարման առաջարկվող փոփոխության արդյունքում, ժողովրդավարական հասարակության տրամաբանությանը համահունչ, խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերվեն ոստիկանությունն ու սահմանապահ ծառայությունը, էապես կավելանա ոստիկանության, սահմանապահ ծառայության և փրկարար ծառայության կառավարման օպտիմալությունն ու գործունեության արդյունավետությունը:
Հովսեփ Ղազարյան, Դանիել Իոաննիսյան և Արևիկ Սիմոնյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»