Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է։
Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանքները, ուղղորդվող դատական գործընթացները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության մայր օրենքի նկատմամբ:
Իմ նկատմամբ՝ դրա վառ ապացույցն են
Մարտի 1-ի գործով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որով ապացուցվում են
ԱԱԾ պետի կոնկրետ հանձնարարականը,
երկու պետերի փոխադարձ պայմանավորվածությունները,
2018 թ․ դեկտեմբերի 20-ին իմ՝ որպես ՀՀ քաղաքացու նկատմամբ ազատ տեղաշարժվելու իրավունքի՝ առանց հիմքերի և բացատրության ապօրինի սահմանափակումը (ՀՀ Սահմանադրության գլուխ 2 հդվ. 40),
դրանով իսկ նաև մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարումը (ՀՀ Սահմանադրության գլուխ 2 հդվ․ 31),
2018 թ․ դեկտեմբերի 26-ին Մարտի 1-ի գործով անհեթեթ մեղադրանքի առաջադրումը։
Ուստի իրավունք ունեմ հարցնելու․
-Սահմանադրությունը ոտնահարողները արդյոք իրավունք ունե՞ն արդարադատություն իրականացնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության և կայացման գործում զգալի ավանդ ունեցող գեներալ-գնդապետների, նախագահի և այլոց նկատմամբ։
Այս ամենը ես որակում եմ Մարտի 1-ի ցավալի դեպքերի բացահայտումը դեպի փակուղի տանող բացահայտ ինքնանպատակ ճանապարհ, իսկ գործի շրջանակներում առաջադրվող մեղադրանքների տրամաբանությունը հուշում է, որ բացառված չեն նոր «ստեղծագործական մոտեցումները» ։
Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, Մարտի 1-ի ողբերգությունը և զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր և հեռահար, անհայտ նպատակների համար։
Ես՝ որպես մեր պետականության ստեղծման ակունքներում կանգնած, պատերազմի դաժանություններով և փորձություններով անցած մարտական գեներալ, որը տասնյակ տարիներ ղեկավարել է Հայաստանի և Արցախի զինված ուժերը, Արցախի և Հայաստանի երեք նախագահների, բանակի սպայի, զինվորի, ազատամարտիկի և ողջ ժողովրդի հետ անառիկ պահել մեր սահմանները, անհասկանալի ու տագնապալի եմ համարում դեպի անհայտություն տանող այս իրավիճակը և խիստ զգուշացնում եմ, որ այս կարգի ապօրինությունները ոտնձգություն են մեր ժողովրդի նորագույն պատմության արժանիքների և ձեռքբերումների նկատմամբ և խարխլում են պետականության հիմքերը, կասկածի տակ դնում երկրի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ տարվող ջանքերը։
Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում։
Չէի ցանկանա՝ մեր դատաիրավական համակարգը դառնա ուղղորդվող և հակասահմանադրական գործունեությամբ զբաղվի։
Արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո։ Արդարադատությունն իրականացնում են դատաիրավական համակարգի լավագույն մասնագետների անկախ և անաչառ գործունեությամբ։
https://www.facebook.com/SeyranOhanyan88/videos/363656471099396/?__xts__[0]=68.ARCQ-YsEDwyVJttAWbjRTGEHeurLNdj2csE-WMMJv0zIdQLId3CmWGSoqcITh-v3vxkLy6G03Oq00OX0ljDbSBrV1UpetTbzk3HT9EHv1zEVjyazA729g4E1LNnnYLKHA4CpC8Px2SlWnHlLZuPNdpV2RiQ_P1dNGDePVrgLWjaqq-i7ViC5Yzn2dKFf8GLu0seBZfPuGPHPH8rMq6ncCBgp78pvEWyE0uiilufTajEqD7Ogvv7ZZUtDV9iUeZUcaYXrRwBNxXB48lOk3HNe0–kAa0Vc0OSDEDAWAB0ZEt5yNJvHqwbYRzDW6lMlL7AYkOMwJEZiTNQhSxQCjlInGXUq4J-uRoSj-qHSA&__tn__=-R
Սեյրան ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը), խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ Սեյրան Օհանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։
https://www.youtube.com/watch?v=ZBMtNrB_FFo