Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը ռեստորանատերերի հետ

Հունվար 14,2019 22:11

Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռեստորանատերերի հետ հանդիպման ժամանակ լսել է հանրային սննդի հարկման շուրջ ռեստորանատերերի դժգոհությունները:

Դարգեթ գարեջրատան սեփականատեր Հովհաննես Դուրգարյանը Aravot.am-ին որոշ մանրամասներ պատմեց հանդիպումից:

«Մինչեւ անցած տարվա հուլիսի մեկը ռեստորանները, առհասարակ հանրային սնունդը գործում էր արտոնագրային վճարի սկզբունքով, այսինքն, հարկը գոյանում էր 1քմ ի դիմաց: Հուլիսի մեկից հետ վաճառքից արդեն շրջանառության հարկ էր գանձվում, որը կես տարվա համար, այսինքն` մինչև այս տարվա հունվարի մեկը 6 տոկոս էր, 2019 թվականի ընթացքում 8 տոկոս է լինելու, իսկ 2020 թվականի հունվարի մեկից տասը տոկոս: Հիմա այդ վեց ամսվա տվյալները ցույց տվեցին, որ ռեստորանների վրա հարկային բեռը մի քանի անգամ բարձրացավ: Օրինակ բերվեց, որ որոշ ռեստորանների վրա տասը անգամ է բարձրացել, այդպիսի դեպքեր էլ կան ու գնալով ավելի կբարձրանա»,- ասաց Հովհաննես Դուրգարյանը:

Ըստ նրա՝ հարկերը բարդացնում են ռեստորանների աշխատանքը ու դժվարացնում նոր ներդրումները. «Մենք դիմել ենք վերանայել այդ տոկոսներն ու սառեցնել դրանք, գոնե պահեն այն վեց տոկոսը, որը վերցվում էր անցած տարվա երկրորդ կիսամյակից: Քննարկման արդյունքներով որոշում չընդունվեց, չէր էլ կարող ընդունվել, որովհետեւ այդ ձեւաչափով որոշում չի ընդունվում: Ամեն դեպքում, կողմերը տեսակետներ փոխանակեցին, կարծում եմ՝ մոտ ժամանակներս հնարավոր կլինի գտնել մի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, ներքին այդպիսի վստահություն ունեմ:

Վարչապետը հասկանում էր՝ ինչի մասին է խոսքը, ընդունում էր, որ բեռը մեծանում է, որովհետեւ դա չընդունելն անհնար է: Այլ հարց էր, թե այդ բարձրացող բեռն ինչքանով է կրիտիկական, խոցելի ռեստորանների համար: Որպես երկրի վարչապետ՝ մյուս մասն էլ է իր համար կարեւոր. այդ հարկերը բյուջե են գնում, եւ ուրիշ խնդիրներ են լուծվում: Ենթադրում եմ՝ նա փորձում էր գտնել բալանսավորված լուծում: Վարչապետը կողմնակալ դիրքորոշում չի արտահայտել հանդիպման ժամանակ, ավելի շատ ուզում էր լսել մեր հիմնավորումները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031