Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ձեզ շնորհավորել ենք, դուք մեզ՝ չէ. ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» «կռիվն»՝ ԱԺ-ում

Հունվար 14,2019 19:25

Ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության շուրջ բանավեճերն այսօր ԱԺ-ում շատ էին: Բանը հասավ նրան, որ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված թեկնածու Մանե Թանդիլյանին հարցրեց, թե ինչո՞ւ Ծառուկյանը կուսակցական առաջին դեմքերի մակարդակով հայտնի բանավեճից հետո սեղմեց Մարուքյանի ձեռքը, ընտրություններից հետո շնորհավորեց ԼՀԿ-ին, բայց փոխադարձ շնորհավորանք ԲՀԿ-ն չստացավ:

Թանդիլյանը պատասխանեց, որ ուզում է մտաբերել՝ շնորհավորե՞լ են արդյոք «Իմ քայլը» դաշինքին, որովհետեւ կարծես իրենց նկատմամբ էլ այդ վրիպակը թույլ են տվել. «Իհարկե, շնորհավորում ենք»:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ հարցրեց՝ «ձեր ամբողջ քաղաքական վերելքը հիմնել եք «Դեմ եմ» շարժման ակունքներից՝ խիստ քննադատության ենթարկելով պարտադիր կուտակային համակարգի ներդրումը, ջանք չեք խնայել՝ վիճարկելու օրենքի սահմանադրականությունը, ես էլ էի ոգեւորված սկզբունքայնությամբ, բայց ոգեւորությունս ավարտվեց ձեր նախարար նշանակվելուց հետո մեկ շաբաթում, երբ կտրուկ փոխեցիք ձեր դիրքորոշումն ու հայտարարեցիք, որ պաշտպանում եք պարտադիր կուտակայինը, քանի որ դրա վերացումը վնասում է ՀՀ պետբյուջեին: Հիմա ինչպիսի ջանասիրությամբ որ խոսում եք համերաշխ մթնոլորտի, խորհրդարանում նոր մշակույթ ներդնելու մասին, կարո՞ղ է հանկարծ ընտրվելու դեպքում շատ կարճ ժամանակ անց վերանայեք ձեր դիրքորոշումները:

Թանդիլյանը պատասխանեց. «Դուք որեւէ հարցազրույց չեք տեսնի, որտեղ ես կտրուկ կողմ եմ արտահայտվում կամ կտրուկ դեմ չեմ արտահայտվում պարտադիր կուտակայինին: Ես կտրուկ դեմ եմ արտահայտվել պարտադիրի ներդրմանը, այնինչ 2010-ին, երբ կուտակայինը ներդրվում էր, ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմ քվեարկության արդյունքում:

Պարոն Էնֆիաջյանի նկարներն էլ կտեսնեք «Դեմ եմ» դրոշակով մեր ցույցերին, այնինչ ներդնել, ապա 4 տարի գործող համակարգը շրջադարձ անելը ես ասել եմ, որ կարող է վնասել ՀՀ միջազգային հեղինակությանը եւ ներդրումների մթնոլորտը խաթարել՝ կարող է: Այո, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինի ներդրմանը եւ շարունակում եմ մնալ ներդրմանը դեմ, դուք պետք է մտածեիք ժամանակին,երբ որ կողմ էիք քվեարկում պարտադիրի ներդրմանը: Այսօր այդ հարցի պատասխանը պետք է տանք մեր գործընկերների հետ Իմ քայլը դաշինքից, թե որքանով է ռիսկային այդ համակարգը հանելը»:

Տեղից Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ բղավելով, որ իրենք կողմ են եղել միայն կամավորին, բայց ոչ պարտադիրին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031