«Լուսավոր Հայաստանը» Մանե Թանդիլյանի թեկնածությունն է ներկայացրել՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում:
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով Թանդիլյանին, ասաց, որ այսօր հնարավորություն կա ՀՀԿ-ի ձեւավորած ավանդույթը փոխելու, պարտադիր չէ, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը լինի փոխնախագահ: Նա ասաց,որ նոր Հայաստանի նոր խորհրադարանում կարող ենք ունենալ իրավիճակ,երբ ուղղակի պատգամավորները անձերի միջեւ ընտրություն անելով՝ որոշեն, թե ով է իրենց համար ընդունելի ու ընկալելի՝ որպես ընդդիմադիր փոխխոսնակ. «Վերջին հաշվով լինելու են սուր դեբատներ, եղել է իրավիճակ, երբ մեր խոսքն է սահմանափակվել ու ընդդիմադիր փոխխոսնակի դերը կարեւոր է: Մեզ համար սկզբունքային է, արհեստական կերպով չենք առաջադրել տիկին Թանդիլյանի թեկնածությունը,չենք առաջադրել, որ դեբատ գրգռենք, այլ առաջադրել ենք, որ ընտրենք 7-րդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահ»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հիշեցրեց Մարուքյանին, որ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին ասում էր,որ ժողովուրդն, ըստ էության, ընտրում է ընդդիմություն, որովհետեւ իշխանությունը պարզ է, որ «Իմ քայլն» է լինելու, հետեւաբար, ըստ արդյունքների,ժողովուրդն ընտրել է ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, ինչո՞ւ եք հիմա ասում, թե ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը ԲՀԿ-ինը չէ: Մարուքյանն ի պատասխան ասաց, որ Մանե Թանիլյանն ու Վահե Էնֆիաջյանն առաջադրվել են նույն ընտրատարածքում ու Թանդիլյանը ժողովրդից ստացել է 3636 ձայն,իսկ Էնֆիաջյանը՝ 1206, հետեւաբար քաղաքացիները որոշել են, թե ով է ավելի ընդդիմադիր, հետեւաբար իրենք պետք է ընտրեն Մանե Թանդիլյանին:
Մարուքյանն ասաց. «ԲՀԿ-ից նախկինում եղել է փոխխոսնակ, գո՞հ ենք եղել այդ ԱԺ նախագահությունից: ԲՀԿ խմբակցությունից էլ եղավ արձագանք՝ Արման Աբովյանն ասաց, որ եթե Թանդիլյանի ու Էնֆիաջյանի քվեներն է նշում, թող մի հատ հնչեցնի, թե որ քաղաքական ուժը որքան քվե է ստացել քաղաքացիներից, որովհետեւ այսօր տարածքային պատգամավոր չեն ընտրում, այլ՝ ԱԺ փոխնախագահ:
Մարուքյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի հետ կռիվ չունի, որովհետեւ ԲՀԿ-ն չի որոշում՝ Թանդիլյա՞նը լինի ընդդիմադիր փոխխոսնակ, թե՞ Էնֆիաջյանը. «Կռիվը եւ ամբողջ պատասխանատվության բեռը իրենց վրա է»՝ ասաց նա՝ նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցությանը: Տեղից Սասուն Միքայելյան արձագանքեց, թե «իրանք՝ ո՞վ»:
Մարուքյանն էլ հստակեցրեց՝ քաղաքական մեծամասնությունը, ո՞վ: Մարուքյանը հորդորեց, որ եթե ուզում է Սասուն Միքայելյանը խոսի, գրանցվի, ելույթ ունենա. «Խնդրում եմ տեղից մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք»: Միքայելյանը վիճեց, թե՝ «Դու չպտի ինձ ասես»: Մարուքյանն էլ արձագանքեց՝ «Ես պիտի ասեմ: Ես որ խոսում եմ, մյուս անգամ խնդրում եմ չմիջամտել»: Սասուն Միքայելյանը վիրավորված էր՝ «իրանք» բառից, թե իրանք-ո՞վ ես արդեն խոսում: Մարուքյանն ասաց, որ ամենայն հարգանքով է քաղաքական մեծամասնության նկատմամբ: Նա ասաց, որ պատրաստ է ներողություն խնդրել, եթե վիրավորվել է Սասուն Միքայելյանն այդ բառից, բայց դուրս կգա, որ մյուսները չեն վիրավորվում, միայն Սասուն Միքայելյանն է վիրավորվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ