Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանը գործը քննող դատավորի մասին. «Նա շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, նրա որդու հետ դաշնամուրի ենք գնացել»

Հունվար 14,2019 18:20

Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվեց, քանի որ Քոչարյանի պաշտպանները նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին:

Այս դատական նիստում պետք է քննարկվեր 2 միջնորդություն՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ, մյուսը՝ ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Գործը քննումը դատավոր Արթուր Մկրտչյանը պետք է իրականացներ։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ որոշակի ընկերական կապեր ունի դատավորի ընտանիքի հետ. «Այդ թվում ես՝ նախագահող դատավորի որդու հետ Կապանում բավականին երկար ժամանակ ընկերական շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել՝ համադասարանցիներով, «что, где, когда» ենք խաղացել, միասին դաշնամուրի ենք գնացել, նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, ում հետ ունենք շատ մոտիկ ընտանեկան հարաբերություններ, դատավորի խնամինները մեր ընտանիքի հարազատներն են: Կապանը փոքր քաղաք է…»: Օրբելյանի հիմնավորմամբ՝ նման պարագայում գործ քննությունում կա անաչառության որոշակի տարր:

Օրբելյանը նաեւ նկատեց՝ եթե դատավոր Արթուր Մկրտչյանն ասենք՝ կայացնի խափանման միջոցը փոխելու որոշում, ապա Հատուկ քննչական ծառայությունը կասի՝ ապօրինի որոշում էր, ուստի այս դեպքում ինքնաբացարկ պետք է լինի:

Դատախազությունն առարկել է ինքնաբացարկի միջնորդությունը, ինչպես փաստաբանն ասաց, գտնելով, որ Արամ Օրբելյանն ու դատավորն ընկերներ չեն:

Մինչ այս քննիչն ու դատախազն էին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել Քոչարյանին գրավով ազատ արձակելու գործը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին, որը միջնորդությունը բավարարել էր: Ապա` գործը մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը շարունակում է պնդել՝ վստահեցնում է՝ «Քոչարյանի կալանավորումը շարունակում է մնալ ապօրինի»: Օրբելյանը գտնում է՝ ՀՔԾ-ի՝ Քոչարյանի կալանքը երկարացնելու մասին միջնորդությունը հիմքեր չունի:

«Գաղտնալսումներում Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի, մի քանի էպիզոդներում Խաչատրյանն ասում է ՝ հեսա կնստացնենք՝ կգրեն, հեսա կնստացնենք՝ ուրիշները կգրեն: Մենք տեսնում ենք, որ նպատակը… անձը որպեսզի չխոչընդոտի ինչ-ինչ եղանակներով, առանց մատնանշելու որ ա՛յս, ա՛յս, այստե՛ղ տեսնում ենք, որ խոչընդոտում է, պետք է կալանավորենք, որ չխոչընդոտի, այլեւ՝ նստացնեն՝ կգրեն»,-ասաց Օրբելյանը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի եւ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի համակուրսեցիներ լինելուն, Օրբելյանն ասաց, որ այդ լուրերը, կարծես թե, հաստատվում են. «Չեմ հասցրել ճշտել ինչ հարաբերություններ են եղել»:

Բայց անկախ այն հանգամանքից, դրական, թե բացասական հարաբերություններ են եղել, որը կարող է խաթարել գործի ընթացքը, ըստ Օրբելյանի, ճիշտ կլինի Մուշեղյանը ինքնաբացարկ հայտնի եւ գործը չհասնի այս քննիչի ինքնաբացարկի միջնորդությանը, ինչը եւ պաշտպանական կողմը պատրաստվում է անել:

Այս պահին քննվում է նախագահող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031