Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին կսմիթները՝ նոր խորհրդարանում. Էնֆիաջյանին հիշեցրին, թե ինչպես էր ներխուժել «Մեդիա կենտրոն»՝ ընկերների հետ

Հունվար 14,2019 17:43

«Խոչընդոտների հանդեպ չերկնչող, չերերացող տեսակ է»,- այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանին ներկայացնելով՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ըստ նրա, Վահե Էնֆիաջյանն ապրում է յուրաքանչյուրի հոգսով, աջակցում յուրաքանչյուրին` ով ունի դրա կարիքը:

Վիկտոր Ենգիբարյանը հարցրեց՝ ձեր խմբակցությունը չի՞ փորձել բանակցել, մի ընդհանուր հայտարարի գալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ՝ Բագրատյանը պատասխանեց. «Բանակցելու կարիք չի եղել այն պարզ պատճառով, որ ընդունված կարգ է եղել ավելի մեծաթիվ խմբակցություն ունեցող ընդդիմության կազմից ընտրել ընդդիմադիր փոխխոսնակ: Բանակցելը չենք համարել նպատակահարմար»:

Սերգեյ Բագրատյանն իր խոսքում ասաց, որ ժողովուրդն է լինելու իշխանության ընդդիմությունը: «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ այսինքն, ձեզ չե՞ք համարում ընդդիմություն, բայց ընդդիմադիր փոխխոսնակի պաշտ՞ն եք ուզում, թե՞ ընդդիմություն եք. «Ընդդիմություն լինելու դերը ժողովրդի վրա եք թողնում, բայց ուզում եք ունենալ որպես փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի՞ն»: Բագրատյանը պատասխանեց, որ Գորգիսյանը նենգափոխում է իր խոսքերը. «Ես ասացի՝ ժողովուրդն է լինելու իշխանության ընդդիմությունը, եւ մենք ժողովրդի ձայնն ենք բարձրացնելու՝ ի դեմս ընդդիմության: Մենք ժողովրդի խոսնակն ենք ներկայացնում՝ Վահե Էնֆիաջյանի դեմքով»:

Իսկ Վահե Էնֆիաջյան իր ելույթում կարեւորեց, որ խորհրդարանում տիրի բնականոն,ներդաշնակ աշխատանքային մթնոլորտ, վստահեցրեց,որ ինքը ժողովրդի ձայնն է լինելու խորհրդարանում:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը Էնֆիաջյանին հիշեցրեց, թե այս տարվա սեպտեմբերի 22-ին ինչպես էր իրեն պահել՝ իր ընկերների հետ ներխուժելով «Մեդիա կենտրոն»՝ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հարցրեց՝ արդյոք սրանից հետո ոչ այնքան ականջահաճո տեքստեր լսելու դեպքում պատրաստվո՞ւմ եք նման կոպիտ միջամտություններ անել, թե՞ ավելի քաղաքակիրթ տարբերակի կդիմեք՝ նկատի ունենալով ձեր դերը եւ այն, որ դուք Հայաստանի Հանրապետության դեմքն եք ներկայացնելու:

Ի պատասխան՝ Էնֆիաջյանն ասաց, որ ինքը ԱԺ-ն  է ներկայացնելու՝ բացառապես իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ինչ վերաբերում է ասուլիսի միջադեպին՝ Էնֆիաջյանն այսպես բացատրեց. «Ես եւ իմ գործընկերները ստիպված ենք եղել միջամտելու եւ դիրքորոշում հայտնելու, քանի որ Երեւանում տեղի էր ունենում ավագանու, հետագայում նաեւ քաղաքապետի ընտրություններ ու լռության օրը հակաքարոզչություն էր իրականացվում: Միտումը եղել է միմիայն մեկը՝ թույլ չտալ, որ օրենքով սահմանված որեւիցե ընթացակարգ խախտվի»:

Արձագանքելով՝ Ղազարյանն ասաց, որ կոնկրետ իրավիճակի բացատրություն չէր ուզում, «ընդամենը հարցնում էի նման դեպքերի համար կան քաղաքակիրթ ճանապարհներ, ուզում ենք ապահով լինել հետագայի համար, որեւէ նման բան տեղի չի ունենա, երբ դուք ավելի բարձր դերում ներկայացնեք ՀՀ-ն»:

Էնֆիաջյանը պատասխանեց, որ հակված է եղել գործել համարժեքության սկզբունքով ու այդ դրվագը համարժեքության սկզբունքից հեռու չի եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031