Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Նազարյան, դուք իմ մոտիվացիայի աղբյուրներից մեկն եք եղել». «Իմ քայլի» պատգամավորը՝ Լենա Նազարյանին

Հունվար 14,2019 17:25

«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Լենա Նազարյանի թեկնածությունը:

Լենա Նազարյանն իր ելույթում ասաց, որ պարբերաբար մտահոգություն է լսում, որ հանկարծ չընդհատվի հանրություն-ԱԺ կապը: Նա ասաց, որ ինչպես հեղափոխության օրերին են համերաշխաբար գործել, հիմա էլ գործելու են միասնաբար. «Մեր մասին հաճախ ասում են, որ մենք փորձ չունենք: Մինչեւ հեղափոխությունը մենք հիմնականում զրկված ենք եղել պետական մարմնում կառավարման փորձ կուտակելու հնարավորությունից: Սակայն ունենք մեր անցած ուղիով ձեռք բերած փորձը՝ անանցանելի թվացող խոչընդոտների հաղթահարման փորձ, սեփական ուժերին ապավինելու ու փոխօգնությամբ գործելու փորձ, չհանձնվելու փորձ, մեր գաղափարներին ու օրակարգերին հավատարիմ մնալու փորձ: Մենք պարտավոր ենք պայմաններ ստեղծել քաղաքացիների ու քաղաքացիական խմբերի համար՝ սեփական խնդիրները լուծելու ելքեր գտնելու համար՝ մտքում պահելով մեր անցած ճանապարհը…Մենք ունենք փորձ ու հավատարիմ ենք մնալու մեր փորձին»:

Լենա Նազարյանն անդրադարձավ նաեւ սոցցանցերում հնչող դժգոհություններին՝ խորհրդարանի կազմի մեծաթիվ լինելու վերաբերյալ, ասաց, որ այս ԱԺ-ն նախորդի համեմատ 27-ով ավելի պատգամավոր ունի, դա ժառանգել են նախորդներից, բայց ԱԺ կազմի մեծացումը պետք է ենթադրի աշխատանքի ու արդյունքների բազմապատկում. «Պետք է պատգամավորների թվի աճը վերածենք առավելության»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գեւորգյանն ասաց, որ Լենա Նազարյանը արագ խնդիրներն ընկալելու ու լուծումներ առաջարկելու հմտություն ունի, որը չափազանց կարեւոր է օրենսդիր հարթակում. «Համոզված եմ, որ թեկնածությունը, որն առաջադրվել է ի դեմս Լենա Նազարյանի, միանշանակ կնպաստի ՀՀ բարեկեցության ապահովմանը, որն այլեւս մեզանում իրականություն է: Բաստիլն ընկել է ու եկել է պետականաշինության կառուցման յուրաքանչյուրիս վրա դրված պարտավորության ժամը»:

Իսկ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, որ ինքն անձամբ մոտիվացվել է Լենա Նազարյանի շնորհիվ՝ որպես քաղաքականության մեջ կին գործիչ. «Տիկին Նազարյան, դուք իմ մոտիվացիայի աղբյուրներից մեկն եք եղել ու վստահ եմ,որ առաջիկայում ԱԺ փոխխոսնակի պաշտոնում կկարողանաք մոտիվացնել բազմաթիվ երիտասարդ կանանց, որոնք կփորձեն իրենց ուժերը քաղաքականության ասպարեզում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031