ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը չի կարծում, որ այս տարի ԵՄ անդամ բոլոր երկրները կվավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`Արարատ Միրզոյանն ասաց. «Գուցե շատ իրատեսական չէ այս տարի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, բայց նաեւ հնարավորություն կա շատ լավ աշխատելու եւ ջանքեր գործադրելու դեպքում»:
Համաձայնագրի վավերացման դանդաղումը նա կապում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ. «Խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, մարդիկ նոր են, ժամանակ է պետք: Եթե 6-րդ գումարման Ազգային ժողովը շարունակեր աշխատանքը, ապա ավելի սահուն կընթանային այդ աշխատանքները»:
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել`մտավախություն հայտնելով, որ եթե տեմպերով գնան, 2019 –ին ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ