7-րդ գումարման ԱԺ առաջին նիստում հիմա էլ ԱԺ փոխնախագահների ընտրության հարցն է քննարկվում: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանի թեկնածությունները:
Ալեն Սիմոնյանն իր ելույթում ասաց, որ առաջին անգամ ԱԺ մտնելիս մի բան իր ուշադրությունը գրավել է՝ ԱԺ-ի բարձր դռները. «Այս շենքը նախագծվել եւ կառուցվել է Սովետական միության ժամանակ, ինձ համար հասկանալի է այդ դռների իմաստը: Նման դռներ նախագծվել են մի նպատակով, որպեսզի քաղաքացին, որը կգա իշխանավորի հետ շփման, կանգնի այդ դռների առջեւ, իրեն զգա փոքր ու պատկերացնի, որ այն անձը, որ այդ դռներից այն կողմ է գտնվում, շատ մեծ է, ուժեղ է, համապատասխան վերաբերմունք դրսեւորի ներս մտնելիս: Բայց այդ դռներն ունեցել են նաեւ հակառակ ազդեցությունը, մարդիկ, որոնք նստած են եղել այդ աշխատասենյակներում, կարծել են, որ իրենք այդ դռների պես մեծ են ու այդ դռների շողքն իրենց մեծությունն է: Ես կոչ չեմ անում վերանորոգել ու հանել այդ դռները, հակառակը, կարծում եմ, որ այս դռները տեսնելիս հասկանանք մի բան՝ տեսեք, մենք բացեցինք ԱԺ դռները, Բաղրամյան 26-ի դարպասները, բայց մենք ունենք մի առաքելություն, պետք է փոխենք մարդկանց ընկալումը, նոր ԱԺ-ի դեմք ձեւավորենք ու մարդկանց հաղորդագրություն փոխանցենք, որ այսուհետ իշխանությունն ու բարձր վստահություն ստացած ԱԺ-ն ներկայացնում է իրենց»:
Ալեն Սիմոնյանը դիմեց ՀՀ հպարտ քաղաքացիներին՝ ասելով. «Յուրաքանչյուր ձայն մեզ համար կարեւոր է, քանզի դուք եք մեր դուխը, դուք եք մեր ուժը, դուք եք մեր մեջքը ու քանի դեռ դուք մեր մեջքին կանգնած եք, մեզ չի վախեցնում ոչ մի արտաքին թշնամի ու ներքին խնդիրներ, դուք եք մեր հեղափոխությունը, թող Աստված օրհնի Հայաստանի, Արցախի Հանրապետությունը եւ ողջ հայ ժողովրդին»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանից, որպես երիտասարդ գործընկեր, սովորելու բան է ունեցել. «Ալեն Սիմոնյանը, լինելով կայացած անհատ քաղաքականության մեջ, ընդհանրապես կյանքում, ունենալով ընդգծված որակական հատկանիշներ, ինքնուրույնության բարձր աստիճան, ունի թիմային ոգի ու պատրաստ է իր գիտելիքները ներդնելու այն թիմի հաջողությանը, որին ինքը մաս է կազմում»:
Իսկ նույն խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանն ասաց. «Ալեն Սիմոնյանը նման է այն մարդկանց, որոնք ինչ-որ տեղ նման են մագնիսի՝ ձգող, քաշող կողմով: Ալեն Սիմոնյանն ունի լավ հատկանիշներ՝ մարդկանց միավորելու, կոմպրոմիսներ գտնելու, սուր կողմերը հարթելու, իսկ դա չափազանց կարեւոր հատկանիշ է,որ մենք խորհրդարանում կարողանանք բանավիճել, ի վերջո գալ կոմպրոմիսի: Ալեն Սիմոնյանը չի խորշում խնդիրները բարձրաձայնել, երբեմն հայտնվել սպիտակ ագռավի կարգավիճակում, քննադատել, դա քաղաքական գործչի շատ լավ հատկանիշ է: Լինելով փոխխոսնակ՝ Ալեն Սիմոնյանը կարող է իր գիտելիքներն արդյունավետ օգտագործել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ