Լուրեր են շրջանառվում, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, սակայն, հերքեց, ասելով, որ այս պահին նման դիմում իրենք չեն ստացել. «Այս պահի դրությամբ մենք աշխատանքից ազատվելու հետ կապված դիմում չենք ստացել, հետեւաբար որեւէ մեկնաբանություն չեմ տա: Իրադարձությունները տեսնենք ոնց կզարգանան, դրանից հետո կզրուցեք: Այս պահին պարոն Աբովյանը Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենն է, հետեւաբար որեւէ բան խոսելը համարում եմ անիմաստ»:
Տարածվող լուրերի համաձայն՝ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում կնշանակվի մարզպետի ընկեր Վահագն Մկրտչյանը. «Նոր տնօրենը նշանակվում է մարզպետի հրամանով՝ ժամանակավոր պաշտոնակատար, հետո տեղի է ունենում մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, որոնք համապատասխանում են տվյալներին: Այս պահին որեւէ մեկին չի կարող ներկայացնել նոր տնօրեն… Այստեղ ընկերը որեւէ նշանակություն չունի, մենք աշխատում ենք ոչ թե ընտրելով մեր ընկերներին, այլ մասնագիտական որակները, մարդկանց ունակությունները: Ընկերը որեւէ կապ չունի, պարոն Աբովյանը նույնպես իմ ընկերն է»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ