Հայաստանի նոր կառավարությունը կփորձի պահպանել ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում, քանի որ այն առավելապես կենտրոնացած է ներքին տնտեսական խնդիրների վրա: Նման կարծիք է հայտնել «Կարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը՝ գերմանական Caucasus Watch պարբերականին տված հարցազրույցում:
«Մենք շատ փոփոխություններ չենք տեսնի, համենայնդեպս՝ առաջիկայում: Փաշինյանի համար առաջնահերթություններ են ներքին տնտեսական բարեփոխումները, կոռուպցիան արմատախիլ անելը և մենաշնորհներից ազատվելը: Նա թերևս չի փորձում խոչընդոտել ղարաբաղյան գործընթացին: Լինելով առաջնորդ Երևանից՝ նա չի կարող իրեն թույլ տալ խանգարել Ղարաբաղի հայերին: Նա գիտի, որ վերջին առաջնորդը, ով փորձեց խոչընդոտել Ղարաբաղի հայերին, Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որն ի վերջո հեռացվեց, երբ փորձեց դա անել 1998թ: Այս ամենը հաշվի առնելով՝ նա փորձում է պարզապես պահպանել ստատուս քվոն, և սա, ամենայն հավանականությամբ, դուր չի գալիս Ադրբեջանին: Բաքուն ցանկանում է տեսնել կամ ավելի ակտիվ բանակցային գործընթաց, կամ ցանկանում է ցնցել իրավիճակը որոշակի ռազմական գործողություններով: Նա չի ցանկանում տեսնել խաղաղ ստատուս քվո, մինչդեռ խաղաղ ստատուս քվոն, ցավոք, իմ կարծիքով, այն է, ինչ ցանկանում է Հայաստանի նոր ղեկավարությունը»,- նշել է փորձագետը:
Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ Հայաստանում վարչակազմի փոփոխությունը դրական է, և այն հնարավորություններ է բացում նոր սերնդի համար, որն իսկապես ցանկանում է լուծել Հայաստանի խնդիրները:
«Այս սերունդը կոռումպացված չէ, և այս ղեկավարությունը իրական լեգիտիմություն ունի: Ես հույս ունեմ, որ նրանք չեն վատնի այդ լեգիտիմությունը: Եթե այդպես է, ժամանակի ընթացքում նրանք կարող են օգտագործել այդ լեգիտիմությունը՝ փորձելով առաջ տանել իրական բանակցային գործընթաց Ադրբեջանի հետ և ներգրավել հասարակությանը՝ քննարկելու Բաքվի հետ խաղաղության գինը, բայց դա որոշակի ժամանակ կպահանջի: Բացի այդ, այն փոխզիջումները, որոնց պատրաստ կլինի Հայաստանը, գրեթե վստահ եմ, բավարար չեն լինի ադրբեջանցիների համար: Բայց ես հավատում եմ, որ սա մի հակամարտություն է, որտեղ «լիբերալ խաղաղության» (երբ ժողովրդավար լեգիտիմ կառավարությունները երկու կողմերում կխոսեն միմյանց հետ) ոչ անմիջապես, բայց տարիների ընթացքում, հնարավոր է հասնել»,- կարծիք է հայտնել դե Վաալը:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի աղմկոտ հայտարարությանը Հայաստանում՝ փորձագետը նշել է, որ այդ մեկնաբանություններն իր համար զարմանալի էին:
«Մինչ այժմ ԱՄՆ քաղաքականությունը միշտ եղել է այն, որ ինքը խնդիրներ ունի Իրանի հետ, բայց ընդունում է մյուս պետությունների մոտեցումները, հատկապես նրա հարևանների, և դա վերաբերում է Հայաստանին, որի համար Իրանը երկու բաց սահմաններից մեկն է,- ասել է դե Վաալը: -Գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կախարդական կերպով կարող է լուծվել, և Հայաստանի ու Թուրքիայի սահմանները բացվեն, որպեսզի Հայաստանը հանկարծ գործ չունենա Իրանի հետ, թվում են նույնքան կախարդական՝ առանց իրականության հետ որևէ կապի: Հակամարտությունը խորապես բարդ է: Այն չի կարող լուծվել արագ, և Հայաստանին պե՛տք է իր հարավային սահմանն Իրանի հետ, ուստի բազմաթիվ արձագանքներ կան արդեն Բոլթոնի հայտարարության դեմ: Ադրբեջանը, բնականաբար, ավելի շատ տարբերակներ ունի, բայց նրան նույնպես պետք է Իրանի հետ սահմանը: Գաղափարը, որ նրանք կարող են փակել իրենց սահմանն Իրանի հետ, անիմաստ բան է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար»:
Խոսելով Հայաստանում հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ներքին քաղաքականության մասին՝ փորձագետը նկատել է, որ նա ավելի շուտ հեղափոխական գործելաոճ ունի, քան քաղաքական գործչի:
«Նա ավելի շուտ հեղափոխական է, քան պետական գործիչ: Արդյո՞ք նա շահագրգռված է ստեղծել ինստիտուտներ, թե՞ «երկրորդ Սաակաշվիլի» է, որը միայն մտածում է իր PR-ի և հեղափոխական գործողությունների մասին: Ես իսկապես չեմ կարծում, որ այս պահին մենք պատասխան ունենք այս հարցերին: Սրանք հարցեր են, որոնց պետք է հետևել, և պատասխանները մի փոքր ավելի հստակ կլինեն հիմա, երբ մենք ունենք ընտրություններ: Այժմ, երբ նա հաղթել է ընտրություններում, ինչպես որ մենք ակնկալում էինք, և ունի պատշաճ իշխանություն Հայաստանում, կարող է ուշադրությունը սևեռել ավելի շատ կառավարման վրա, քան իշխանությունը վերցնելու»,- կարծում է փորձագետը:
Վաալի կարծիքով՝ Փաշինյանն իսկապես ցանկություն ունի արմատախիլ անել կոռուպցիան Հայաստանում, և, «թվում է, ինքն էլ կոռումպացված չէ, բայց նա ինչ-որ հեղափոխական ոճ ունի, և հեղափոխականից պետական գործիչ դառնալը մեծ անցում կլինի»:
Թոմաս դե Վաալը խոսել է նաև հայկական սփյուռքի դերակատարության մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ 2015թ.-ի շրջադարձային տարի էր սփյուռքի համար, քանի որ մինչ այդ նրանք գրեթե բացառապես մտածում էին միայն Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի մասին, իսկ 100-րդ տարելիցից հետո նկատվում են փոփոխություններ սփյուռքի կազմակերպությունների շեշտադրումներում: Փորձագետնը նշել է, որ այստեղ իր դերակատարությունն ունի նաև երիտասարդ սերունդը, որն այլ մոտեցումներ ունի:
«Ես հավատում եմ, որ առավել լավ միջավայր է ստեղծվել Հայաստան-Սփյուռք կապերի համար, և բազմաթիվ մարդիկ կան սփյուռքում, որոնք ցանկանում են իրենց հնարավորություններն օգտագործել Հայաստանի համար: Այժմ շատերն ավելի շատ մտածում են Հայաստանի մասին, քան Թուրքիայի: Արդյո՞ք նոր կառավարությունը կկարողանա օգտագործել այդ ռեսուրսները: Դարձյալ, դեռ մի փոքր վաղ է դրա մասին խոսել, բայց ես հույս ունեմ, որ պատասխանը «այո» է, քանի որ նրանք շատ օգտակար ռեսուրս են»,- ասել է Թոմաս դե Վաալը:
Փորձագետը նշել է, որ թեև Կովկասը հսկայական ներուժ ունի, բայց իրավիճակը տարածաշրջանում հուսադրող չէ, մինչդեռ այն կարող էր իսկապես խաչմերուկ դառնալ Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև:
«Պատկերացրեք, երբ ամբողջ Կովկասում ի վերջո գործարկվեն երկաթուղիներ, այն իսկապես կդառնա խաչմերուկ Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի միջև: Այնուամենայնիվ, դա ակնհայտորեն տեղի չի ունենա: Ես իսկապես կարծում եմ, որ ներուժ դեռ կա, և որ մարդիկ տարածաշրջանում, չնայած հակամարտություններին, իրար լավ են հասկանում մարդկային հարթության մեջ: Այդ պատճառով ներուժ դեռ կա, բայց հարցն այն է՝ ինչ կարելի է անել՝ խրախուսելու այդպիսի միջկովկասյան համագործակցությունը: Որոշակի բան կարող է անել ԵՄ-ն, բայց ես կարծում եմ, գործի մեծ մասը պետք է գա տարածաշրջանի ներսից՝ որպես միջսահմանային նախագծեր»,- ասել է փորձագետը՝ նկատելով, որ ամենախոստումնալից նախագծերը կապված են շրջակա միջավայրի հետ:
Բացի այդ, նրա կարծիքով, Կովկասում մեծ դերակատարություն ունի նաև Չինաստանը, որը հիմնականում տնտեսական խաղացող է և ներդրումներ է կատարում տնտեսության մեջ:
«Այս պահին, ես կարծում եմ՝ սա դրական ազդեցություն է՝ կառուցել ճանապարհներ, երկաթուղիներ, ներդրումներ բերել Կովկաս, բայց եկեք միամիտ չլինենք: Չինաստանն ունի իր քաղաքական օրակարգը, բայց դրան նույնպես պետք է հետևել և հարցադրումներ անել՝ որն է դրա գինը: Չինաստանը ԵՄ չէ, և կարծում եմ, ավելի շատ ալտրուիստական շահեր ունի տարածաշրջանում»,- եզրափակել է Թոմաս դե Վաալը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ