«Իմ քայլը» դաշինքը քաղաքական որոշում է կայացրել եւ պաշտպանելու է ԲՀԿ խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը`ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Հիմնավորումը նույնն է, ինչ օրեր առաջ ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը`ԲՀԿ-ն ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունն է: «Մեր որոշումը սկզբունքային եւ քաղաքական որոշում է, որը պայմանավորված չէ անձեր ընտրելով, անձնական վերաբերմունքով, այլ ընդամենը սկզբունքային դիրքորոշում է»,- ասաց Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, երկու փոխնախագահները «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ պետք է լինեն: Թեկնածուներն են Լենա Նազարյանը եւ Ալեն Սիմոնյանը: ԲՀԿ-ի թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, «Լուսավոր Հայաստանինը»՝ Մանե Թանդիլյանը։
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում նույն դիրքորոշումը հայտնեց նաեւ ԱԺ նախագահ ընտրված Արարատ Միրզոյանը: Նա հիշեցրեց, որ քարոզարշավի ժամանակ Էդմոն Մարուքյանը բազմիցս հայտարարում էր, թե սա ընդդիմության ընտրություն է եւ ժողովուրդն ընդդիմություն է ընտրելու: «Ժողովուրդն ընտրեց ընդդիմությանը»,- ասաց Արարատ Միրզոյանը` հավելելով, որ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ձայների տարբերությունը գուցե շատ է, գուցե քիչ, բայց իրենք իրավունք չունեն միջամտելու կամ ուղղորդելու ժողովրդի ընտրությունը եւ իբրեւ ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է ԲՀԿ-ինը լինի: Արարատ Միրզոյանն ասում է, որ այս գործընթացը բնականոն է ու ճիշտ չէր լինի, որ իրենք միջամտեին եւ ԼՀԿ-ին հռչակեին սիրելի ընդդիմություն կամ «գրպանային ընդդիմություն», ինչպես նախկինում ընդունված էր ասել ու ինչին ինքը դեմ է:
Մինչդեռ, Էդմոն Մարուքյանը համամիտ չէ այս հիմնավորումների հետ: Նա հակադարձում է`Սահմանադրությամբ ամրագրված չէ, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը պետք է տրվի այդ պաշտոնը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ