Կատարինա Բյորլին Հանսենը Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն է նշանակվել և կստանձնի իր նոր պաշտոնը 2019թ. ապրիլի 1-ին՝ տեղակայվելով Թբիլիսիում: Նա կփոխարինի Բրունո Բալվաներային, ով նշանակվել է ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։
Իր նոր պաշտոնում տիկին Հանսենը կղեկավարի Բանկի գործունեությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում և կօժանդակի այդ երկրների տնտեսությունների զարգացմանը ներդրումների, քաղաքականության ներգրավման, փոքր բիզնեսին տրամադրվող խորհրդատվության և բարեփոխումներին աջակցելու միջոցով:
Տիկին Հանսենն ասել է․«Ես ուրախ եմ վերադառնալ Կովկաս որպես տարածաշրջանային տնօրեն և ստանձնել այս պատասխանատու պաշտոնը: Այս տարածաշրջանը ռազմավարական նշանակություն և հետագա զարգացման հսկայական ներուժ ունի: Զարգացման համար առանցքային պահանջը կլինի տարածաշրջանի հետագա ինտեգրումը գլոբալ տնտեսությանը, և ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել այս զարգացմանը ներդրումների և բարեփոխումների միջոցով։ Համագործակցելով ՎԶԵԲ-ի տեղական թիմերի հետ, ես ակնկալում եմ զգալի ներդրում ունենալ այս տնտեսությունների՝ հաջողության հասնելու գործում՝ ի շահ բոլորի»:
Շվեդիայի քաղաքացի՝ տիկին Հանսենը միացել է ՎԶԵԲ-ի թիմին 2006թ.-ին և ի սկզբանե պատասխանատու է եղել Բանկի՝ համայնքային ենթակառուցվածքների ծրագրերի համար Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Բելառուսում և Մոլդովայում ՝ մինչև 2016թ. ապրելով Թբիլիսիում։ Այդ ժամանակահատվածում նա մշակել և իրականացրել է համայնքային ենթակառուցվածքների ներդրումային ծրագրեր 100-ից ավելի քաղաքներում՝ կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման, կեղտաջրերի կառավարման, հասարակական տրանսպորտի, թաղամասերի ջեռուցման և «խելացի» քաղաքների զարգացման ոլորտներում:
2016թ.-ին տիկին Հանսենը տեղափոխվել էր Կահիրե`որպես Եգիպտոսում Բանկի ղեկավարի տեղակալ, որտեղ նա վերահսկում էր ներդրումների իրականացման և քաղաքականության մեջ ներգրավվածության ուղղություններով Բանկի գործունեության զգալի ընդլայնումը:
Նախքան ՎԶԵԲ-ի թիմին միանալը, տիկին Հանսենը 10 տարի աշխատել էր Carl Bro խորհրդատվական ընկերությունում, որտեղ նա պատասխանատու էր Անկախ պետությունների համագործակցության /ԱՊՀ/, Հարավ-արևելյան Ասիայի և Միջին Արևելքի ենթակառուցվածքային ծրագրերի համար։ Այդ ժամանակաշրջանում նա տեղակայված էր Կոպենհագենում, Մոսկվայում և Բանգկոկում: Նա ստացել է Զարգացման ֆինանսավորման ոլորտում գիտությունների մագիստրոսի կոչում Լոնդոնի՝ Արևելագիտության և աֆրիկյան տարածաշրջանի երկրագիտության համալսարանից։
Առ այսօր ՎԶԵԲ-ը Կովկասի տարածաշրջանում ներդրել է ավելի քան 7,77 մլրդ եվրո 564 ծրագրերի միջոցով։
ՎԶԵԲ