Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հունվարի 14-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում խոսելով Արամի 23 հուշարձան-շենքի խնդրից, ասաց. «Դեռեւս 2018-ի ապրիլին Երեւանի քաղաքապետարանի տված թույլտվությամբ հուշարձան-շենքի պատին կից եռահարկ կառուցապատման նպատակով «Հին Երեւան» նախագծի շրջանակում փոս էր փորվել, հողային աշխատանքներ էին կատարվել, որի հետեւանքով վնասվել էր «Փոքրիկ երգիչներ» ֆիլհարմոնիայի հարակից պատը: Մենք արձագանքել ենք «Փոքրիկ երգիչների» ահազանգին, դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի խնդիրը կարգավորելու համար միջոցներ ձեռնարկվեն, հայտնել ենք, որ տվյալ աշխատանքներն անօրինական են կատարվել, որից հետո պահանջել ենք փաստաթղթեր ներկայացվեն, մանավանդ դա կատարվել է առանց մշակույթի նախարարության թույլտվության»:
Նրա հավաստմամբ, թույլտվությունը տրվել է քաղաքաշինական նորմերի խախտմամբ, պարզել են նաեւ, որ կառուցապատող կողմը, որը քաղաքաշինության կոմիտեն է, որի վրա դրված էր նախագծային փաստաթղթերի կազմակերպումը, եւ քաղաքապետարանը որեւէ միջոց չեն ձեռնարկել: Արմեն Աբրոյանն ասաց, որ իրենք են բանակցել կառուցապատողի հետ, «Հին Երեւան» ծրագրի հեղինակային կազմակերպության ներկայացրած նախագիծը քննարկվել է եւ մերժվել է:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ղեկավար Տիգրան Հեքեքյանը նշեց, որ մինչեւ փոսորակի փորելը, այսինքն՝ 2018թ. մայիս-հունիս ամիսը կանգուն էր պատը, որը կարող է փաստել մշակույթի նախարարությունը: «Մենք որեւէ մեխ այդտեղ ձեռք չենք տվել, շենքը կայուն է, եթե փոսորակը փորեին գրագետ, շենքին բան չէր լինի»,-ասում է մաեստրոն:
«Մեղավորը նախորդ իշխանություններն են, բայց ապշում ես, որ ներկա իշխանությունները ուզում են ժառանգել այդ տխուր, ծանր բեռն իրենց ուսերին, փոխանակ ասեն մենք դրա հետ կապ չունենք»,-ասում է Հեքեքյանը: Նա պնդում է, որ ոչ ոք իր հետ չի ցանկացել հանդիպել. «Ես միշտ դիմել եմ, մենք մուկ ու կատու ենք խաղում, այսօր գնալու եմ կառավարության նիստի, տեսնեմ, թե ում կհանդիպեմ, կարծեմ թե մկներն այսօր որոշել են դուրս գալ»:
Տիգրան Հեքեքյանը հավելում է. «Հարուցված է քրեական գործ: Իսկ մշակույթի նախարարությունը մի թերություն ունի, որ կառավարության նիստի ժամանակ ձեռքը չի խփել նախարարը սեղանին, չի ասել` ինչքա՞ն կարող են պետական կառույցներն իրար դեմ աշխատել` քաղշինն աշխատում էր մշակույթի նախարարության դեմ, երբ նույն իշխանության մաս են կազմում: Դեկտեմբերի վերջին կառավարության նիստ է եղել եւ այդ տարածքը նորից ճանաչվել է գերակա շահ»:
Մաեստրոն պնդում է, որ նախկինում այդ իրավունքը կորցրել էին իրենց շենքի նկատմամբ, սակայն կառուցապատմամբ շահագրգիռ անձինք իրեն ասել են, որ կկարողանան հասնել նրան, որ նոր նիստ հրավիրվի ու տարածքը էլի գերակա շահ ճանաչվի: «Երբ հարցրեցի` մի՞թե հնարավոր է, դրանցից մեկը ձեռքը դրեց ուսիս ու ասաց` հաշվեք հանել ենք ու երեք ամիս անց իսկապես կառավարության նման որոշում եղավ: Իսկ եթե գերակա շահ է ճանաչվում, պետությունն ասում է` պետք է վերցնենք, կարեւորագույն բաներ կառուցենք»: Հեքեքյանը տարակուսանք է հայտնում. Փաստորեն, ինչ-որ մեկի բիզնես նախագիծն ավելի գերակա է, քան աշխարհին եւ Հայաստանին հայտնի «Հայաստանի փոքրիկ երգիչների» գործունեությունը: Նա հայտարարեց, որ իրենք պատրաստվում են խնդիրը վիճարկել դատարանում:
«Ես գիտեմ, որ Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցում իրեն շատ մտերիմ մարդիկ…Իսկ խնդիրը լուծելը շատ հեշտ է` հանում են Լեւոն Վարդանյանին, նրա փոխարեն դնում են նորմալ մարդու, ու տեսեք, թե ոնց է այս հարցը լուծվում: Իշխանությունները պետք է կանչեն, ասեն` Լեւոն Վարդանյան, դու այսքան անօրինություններ ես արել, արի պատասխան տուր…»,-ասաց Հեքեքյանը: Նրա խոսքով, Արամի 23-ը փորձաքար է իշխանությունների համար, լակմուսի թուղթ. «Տակից դուրս կգան, ուրեմն ի զորու են լուծել բոլոր հարցերը՝ ընդհուպ մինչեւ Ղարաբաղի հարց»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ