Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուշոնկան» ձեռքին ցուցարարներ և ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի փաստաբանի՝ ցույց Վերաքննիչ քրեական դատարանի առաջ

Հունվար 14,2019 14:34

Մինչ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այս պահին ընթանում է Մանվել Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը, դատարանի առաջ բողոքի ցույց են անցկացնում փաստաբանները և Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները:

Նրանք եկել են՝ «տուշոնկայի» պահածոները ձեռքներին: Ոստիկանները Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին, անվտանգության նկատառումներից ելնելով, ուղեկցեցին դեպի դատարանի շենքի մուտք, որպեսզի նա մուտք գործի դատարան:

Ջիվան Աբրահամյան

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիների բողոքի ցույցի մասնակից Ջիվան Աբրահամյանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ զրույցում պնդեց՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն իրենց թափթփուկ է անվանել, որից հետո են ցուցարարները թքել փաստաբանի մեքենայի վրա:

Արա Զոհրաբյանն արձագանքեց, թե դա չի նշանակում, որ քաղաքացիները պետք է ինքնադատաստանի քայլին դիմեին: Եթե անգամ փաստաբանը նման արտահայտություն է արել, Փաստաբանների պալատը համարժեք արձագանք միշտ տալիս է նման դեպքերին: Արա Զոհրաբյանն ասաց, «թե անձի պաշտպանության իրավունքը խախտվում է, վաղն այս ամենը համարվելու է դատարանի, փաստաբանի նկատմամբ ճնշում և համարվելու է, որ անձի պաշտպանության իրավունքը խախտված է»։

Ջիվան Աբրահամյանն ասաց, որ իրենց անվստահությունը Մանվել Գրիգորյանի, դատարանի նկատմամբ է: Դառնալով փաստաբանի հետ կատարվածին՝ ասաց. «Մենք փաստաբանի դեմ ոչ մի գործունեություն չէինք կատարում այնքան ժամանակ, քանի դեռ նա անցավ բոլոր նորմերը: Յուրաքանչյուր անձ ունի պաշտպանվելու իրավունք: Մենք Մանվել Գրիգորյանի փաստաբանին չէինք արձագանքում այնքան ժամանակ, քանի դեռ նա ժողովրդին բացահայտ չվիրավորեց: Նա անցել է փաստաբանի՝ իր լիազորությունները և դարձել Մանվել Գրիգորյանի բանախոսը, նրա շահերի պաշտպանը: Նա անցել է Մանվել Գրիգորյանի ճակատ, ոչ թե իր իրավունքների պաշտպանն է, այլ նրա՝ մարդկանց մոտ ինչ-որ բաներ խոսողը: Մենք նրան չենք դիտարկում որպես փաստաբան»:

Արսեն Մկրտչյան

Լրագրողների հետ զրույցում Արսեն Մկրտչյանը պնդեց՝ ինքը նման արտահայտություն չի արել, մի քանի անգամ նայել է ուղիղ եթերներով, դրանք էլ են վկայում, որ նման արտահայտություն ինքը չի արել: Ըստ նրա՝ դա արվում է սադրելու համար կամ էլ իրեն շփոթել են մեկ ուրիշի հետ. «Եթե նման արտահայտություն եմ արել, պետք է իմ նկատմամբ վարույթ հարուցվեր՝ պարզելու արվե՞լ է նման արտահայտություն, թե՞ ոչ: Եթե արել եմ նման արտահայտություն, համապատասխան պատասխանատվություն կկրեմ, նաև ներողություն կխնդրեմ: Բայց ես մի բառի համար, որ չեմ արտասանել, ներողություն չեմ խնդրի»:

Ըստ Արսեն Մկրտչյանի՝ իր մեքենայի վրա թքելը թքոց է ՀՀ արդարադատության վրա: Փաստաբանն ասաց, որ ՀՀ ոստիկանությունում համապատասխան նյութեր է տրամադրել: Իր մեքենայի վրա թքողն այն անձն էր, որը պատգամավոր Հայկ Սարգսյանի և Ջիվան Աբրահամյանի հետ քննարկում էր, թե այսօր ոնց են ճնշում գործադրելու դատարանի վրա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031