Ինչպես տեղեկացրել ենք, խորհրդարանում ԱԺ նախագահի ընտրության հարցն է քննարկվում, առաջադրվել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Միրզոյանին հարցրեց՝ այնպիսի ԱԺ սահմանադրական օրենք է գրված, որ նախորդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունը հնարավորություն չի ունեցել նախաձեռնությունով հանդես գալ, անընդհատ կախվածության մեջ է այլ խմբակցություններից, որ ստորագրություններ հավաքի, ինչպե՞ս եք վերաբերվում դրան: Միրզոյանը պատասխանեց, որ պետք է առանձին-առանձին քննարկեն դեպքերը, երբ խոսում են խմբակցությունների դերի մեծացման մասին, կոնկրետ առաջարկ թող անեն, կքննարկեն:
Մարուքյանը նաեւ հարցրեց՝ ավտորիտարիզմի հենքը կազմող սուպերվարչապետական համակարգի մասին ի՞նչ կարծիք ունի, ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում պատրաս՞տ է այդ համակարգը փոխելուն միտված քայլեր անելու եւ երկիրը իրապես խորհրդարանական կառավարման հունի մեջ գցելու համար: Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Մենք բաց ենք քննարկման համար: Մենք ելնում ենք նրանից, որ որոշակի բան նաեւ անձերով է պայմանավորված ու այն մարդիկ, ովքեր ի չարս կարող էին օգտագործել նախկինում, այժմ ի բարօրություն մեր ժողովրդի է: Մենք իհարկե, չպետք է բավարարվենք անձերի առկայությամբ ու համապատասխան մեխանիզմներ պետք է ստեղծենք: Օրինակ, խոսել ենք ոստիկանության, ՊԵԿ-ի՝ ԱԺ-ին հաշվետու լինելու մասին»: Մարուքյանն արձագանքեց, որ սուպերվարչապետության հետ կապված ինստիտուցիոնալ լուծումներ են պետք, չպետք է սպասենք բարի թագավոր ունենալուն կամ չար թագավորից պրծնելուն:
6-րդ գումարման հանձնաժողովներում երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծվեցին՝ գազի սակագնի ուսումնասիրման եւ գաղտնալսումների հետ կապված, Մարուքյանը հարցրեց՝ այդ հանձնաժողովների աշխատանքները կիսատ են մնացել, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանձնաժողովների աշխատանքները կրկին սկսելուն: Միրզոյանը պատասխանեց, որ գաղտնալսման դեպքով ստեղծված հանձնաժողովի հետ կապված վերապահումներ կան, պետք է ծանրութեթեւ անել, գազի հանձնաժողովի մասով համաձայն է, որ նորից սկսեն աշխատանքները. «Կարծում եմ, առաջիկայում կլինեն առիթներ նոր քննիչ հանձնաժողովներ ստեղծելու»:
Մարուքյանը նաեւ ԱԺ նախագահի թեկնածուից հետաքրքրվեց՝ «Դուք պատրաս՞տ եք որպես ապագա ԱԺ նախագահ, հետեւելու անհարգելի բացակայություններին, որ պատգամավորը պարտաճանաչ մասնակցի հանձնաժողովների նիստերին, ԱԺ նիստերին: Հարգելի չպետք է համարեք այն բացակայությունները, որոնք հարգելի չեն, հարգելի են միայն ԱԺ-ի կողմից գործուղումները: Անհարգելի բացակայությունները կարող են հանգեցնել մանդատից զրկմանը»: Միրզոյանը պատասխանեց, որ միջազգային հարթակներում մեր ԱԺ-ի նկատմամբ պատշաճ հարգանք չի կարող լինել, եթե ներսում այդ հարգանքը չլինի. «Այս առումով չափազանց կարեւորում եմ բոլոր պատգամավորների վերաբերմունքը: Իսկապես, անհարգելի բացակայությունները նախկինում խնդիր էին: Այստեղ ես փոխզիջում իսկապես չեմ տեսնում: Հետեւենք, որ պատգամավորները հարգանքով վերաբերվեն իրենց աշխատանքին: Անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների համար սահմանվում է ընթացակարգ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ