Էջմիածնում դեռ շարունակվում են Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ցույցերը: Ցույցերի կազմակերպիչների հետ պարբերաբար հանդիպում է նաեւ «Իմ քայլը» դաշինքով Արմավիրի մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավոր Արգիշտի Մեխակյանը:
Բողոքի կազմակերպիչները նրան մեղադրել էին Մանվել Գրիգորյանի հետ քավոր-սանիկական կապ ունենալու մեջ: Արգիշտի Մեխակյանն էլ արձագանքել էր. «Մանվել Գրիգորյանն ընդամենը իմ հոր զինակից ընկերն է եղել մարտի դաշտում, ոչ ավելի։ Ես ցավում եմ, որ խաղաղ ցույցերը, որոնք ի սկզբանե ինչ պահանջ, որ ունեին, դրանց կոնտեքստը փոխվում է ու իրականության հետ բացարձակ կապ չունեցող շահարկումներ են անում»:
Aravot.am-ի հարցին`ցուցարարների հետ հանդիպումների ժամանակ ինքը փորձե՞լ է հասկանալ, իսկապե՞ս այդ բողոքն ուղղորդված է, ինչի մասին խոսակցություններ են շրջանառվում: Արգիշտի Մեխակյանն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում, բողոքավորների հետ հանդիպումների ժամանակ էլ չի փորձել նրանց այդ հարցն ուղիղ տալ: Միայն ասաց, որ ցուցարարների մեջ կան հեղափոխության ակունքներում կանգնած մարդիկ, մարդիկ, ովքեր ակտիվ են եղել հեղափոխության ժամանակ ու ինքը չի հավատում, որ նրանք կարող են ուղղորդված գործել:
Մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց իր կարծիքը բարձրաձայնել`Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը պե՞տք է փոխել, թե`ոչ: «Դա իրավապահների գործն է»,- ասաց նա:
Այլ մանրամասները`տեսանյութում:
Ի դեպ, Արգիշտի Մեխակյանը հեղափոխությունից հետո զբաղեցնում էր Էջմիածնի փոխքաղաքապետի պաշտոնը: Այդ պաշտոնը նրա պատգամավոր ընտրվելուց հետո, թափուր է: Մեր հարցին ի պատասխան, պարոն Մեխակյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ո՞վ է նշանակվելու այդ պաշտոնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ