«Այն, որ այսօր փորձ է արվում ջարդել Կարագանդայի հայ համայնքին, վաղը կարող է նույնը տեսնենք Կրասնոդարում կամ մեկ այլ քաղաքում: Կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությունը քիչ էր մնում, որ վերածվեր հայ համայնքի նկատմամբ ջարդի, ցեղասպանությունը տանող կենտրոնը այսօր էլ, օգտվելով աշխարհում անկայուն իրավիճակից, փորձեց ողբերգությունն օգտագործել հայերի ջարդ կազմակերպելու համար: Սա զգոնության կոչ է հայության համար, որ բոլոր հայ համայնքները հասկանան, որ հայերի առաջին մարտահրավերը մնում է ցեղասպանությունը»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Ըստ բանախոսի. «Հարց է առաջանում՝ ովքեր են այդ ուժերը, որն է այդ կենտրոնը, որ համառորեն ցեղասպանություն են տանում հայերի նկատմամբ: ՀՀ առաջին խնդիրն է հետաքննել ու պարզել ցեղասպանությունը ծրագրավորած այդ ուժին ու կենտրոնին: Դիվանագիտական ողջ ներուժը պետք է օգտագործեն այս հարցը պարզելու համար: Արտաքին քաղաքականությունը թավշյա հեղափոխությանը համահունչ, դուխով այս հարցը կարող է բարձրացնել բոլոր ամբիոններից ու գերտերությունների առաջ»:
Մարիամ Ավագյանը նաեւ փախստականների անունից պահանջ ներկայացրեց ԱԳ նախարարին, որ քաղաքական կամք ու համարձակություն ցուցաբերի ցնցելու այսօր գործող մադրիդյան սկզբունք կոչված ցեղասպան փաթեթի հիմքերը: Նրա խոսքով, քաղաքական երկրաշարժ է պետք բանակցային գործընթացում, որովհետեւ համոզված է, որ եթե ցեղասպանության մասին չխոսենք, ցեղասպանությունը երբեք չի կանխվի:
Սպաների համահայկական միության նախագահ Արմեն Ղեւոնդյանն էլ խոստացավ շատ կարճ ժամանակում իրենց ուժերով հայտնաբերել ցեղասպան ուժերին, որ ծայրամասում էլ լինեն ու տալ համարժեք պատիժ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ http://nt.am-ի