Լրահոս
Օրվա լրահոսը

Նորընտիր պատգամավորները մոլորվում էին խորհրդարանի շենքում, Սամվել Ալեքսանյանն էլ դեռ պատգամավոր է`ըստ ցուցանակի

Հունվար 14,2019 12:55

Այսօր Հայաստանի հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանն իր առաջին նիստը գումարեց: Նորընտիր պատգամավորներից շատերը այսօր շարունակում էին ծանոթանալ խորհրդարանի շենքին, շատերը դեռ աշխատասենյակներ չունեն, ոմանք էլ ունեն, բայց դրանց տեղը չեն գտնում կամ դրանք դեռ ազատված չեն: Շատերն էլ շարունակում էին մոլորվել խորհրդարանի անծանոթ եւ լաբիրինթոսի նմանվող շենքում:

Օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության սենյակներն այժմ կզբաղեցնեն ներկայումս իշխող ուժ «Իմ քայլը» դաշինքի ղեկավարները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վաղուց է հավաքել իր իրերը: Նրա նախկին աշխատասենյակը եւ խմբակցության քարտուղարի աշխատասենյակն այսպիսի տեսք ունեն:

Նախկին ՀՀԿ-ական պատգամավորներ Արման Սահակյանի, Սամվել Ալեքսանյանի, Տաճատ Վարդապետյանի աշխատասենյակների ցուցանակները դեռ հանված չեն:

Եթե մյուսների աշխատասենյակները գրեթե կամ ամբողջովին դատարկ են, ապա Սամվել Ալեքսանյանի սենյակի փափուկ կահույքն անդամ տեղում է:

Դեռ հանված չեն նաեւ ՀՅԴ խմբակցության եւ ՀՅԴ-ական պատգամավորների աշխատասենյակների ցուցանակները: Դրանք էլ են զբաղեցնելու «Իմ քայլի» պատգամավորները: ՀՅԴ խմբակցության սենյակները դեռ «ճամպրուկային» վիճակում են:

 

ԱԺ նախագահի աշխատասենյակի ցուցանակը նույնպես հանված չէ: Սակայն, հավաքե՞լ է իրերը Արա Բաբլոյանը, թե՞ ոչ, չկարողացանք ճշտել: Այդ հարկաբաժնի սենյակներում նկարահանումներ չեն թույլատրվում:

Փոխարենը ԱԺ նախկին առաջին փոխնախագահ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակը դեռ կապիտալ վերանորոգման մեջ է: Այդ աշխատասենյակը զբաղեցնելու է Ալեն Սիմոնյանը:

Իսկ Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակը զբաղեցնելու է Լենա Նազարյանը: Նրա օգնականները թույլ չտվեցին նկարել աշխատասենյակը: Ասացին`միայն տիկին Նազարյանի համաձայնությունը ստանալուց հետո:

Ընդդիմադիր նախկին փոխնախագահ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի աշխատասենյակը կզբաղեցնի ԲՀԿ-ական փոխնախագահի թեկնածու Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ-ական պատգամավորներից շատերի աշխատասենյակները նոր մասնաշենքից կտեղափոխվեն հին մասնաշենք, որտեղ ԲՀԿ խմբակցության սենյակն է: ԲՀԿ-ականները կզբաղեցնեն գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի եւ դրանց հարեւանությամբ գտնվող սենյակները:

«Լուսավոր Հայաստանի» հավանաբար կտրվեն ԱԺ հին մասնաշենքի առաջին հարկի սենյակները, որոնք նախկինում զբաղեցնում էին «Ելք»-ի պատգամավորները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031