«Խոչընդոտվել է իմ գործընկերոջ՝ Արսեն Մկրտչյանի մասնագիտական աշխատանքը: Տասնյակ ոստիկանների ներկայությամբ թքելով փաստաբան Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա՝ ցուցարարը թքել է ՀՀ իշխանության եւ պետականության վրա»,-«Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով փաստին, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքող ցուցարարներից մեկը թքել է նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենայի վրա, հայտարարեց Մանվել Գրիգորյանի շահերի մեկ այլ պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Լուրջ խնդիր եմ տեսնում պետական անվտանգության հետ կապված: Իրավունքը իրավաչափ շահերի հավասարակշռությունն է, մինչդեռ անձին դեռ չդատած՝ ցուցարարները պահանջում են բանտ ուղարկել Մանվել Գրիգորյանին: Արդյոք սա՞ է նոր Հայաստանի արդարադատությունը: Սա նման է Քրիստոսից առաջ եղած իրավիճակին, երբ հրապարակում կանգնած մարդիկ որոշում էին՝ մարդուն մահվան ուղարկե՞լ, թե՞ ոչ»,-ընդգծեց նա:
Լեւոն Բաղդասարյանը հիշեցրեց՝ երբ ցուցարարները հավաք էին անում դատախազության դիմաց, գլխավոր դատախազը փոխանակ նրանց հորդորեր դատական իշխանության հանդեպ պահանջներ չներկայացնել, համաձայնեց նրանց հետ. «Դրանից հետո ցուցարարները պահանջեցին Մանվել Գրիգորյանին հետ ուղարկել բանտ: Հասկանում եմ, որ ժողովուրդը կարող է ցույցեր անել լիազոր մարմինների անօրինական գործողությունների դեմ, բայց անթույլատրելի է դատական իշխանությանը պահանջներ ներկայացնելը: Ցուցարարը չի որոշում, թե դատական իշխանությունն ինչ անի, մինչդեռ Արսեն Մկրտչյանի մասնագիտական աշխատանքն ուղղակիորեն խոչընդոտվեց ցուցարարների կողմից»:
Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերքի պահման եւ խոշոր չափի գույքի յուրացման համար: Նա վերջերս գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, որի դեմ վերաքննիչ բողոքն այսօր քննության փուլում է:
Լեւոն Բաղդասարյանը նաեւ հերքեց լուրերը, թե Մանվել Գրիգորյանը մեկնել է Արցախ, որպեսզի խուսափի հնարավոր կալանավորումից:
https://www.facebook.com/aravot.am/videos/1399809286828223/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ