Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
ԱԺ ԵԱՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ
14-ը հունվարի 2018թ.
Երևան
ԱԺ-ում ընդդիմադիր դերի հավակնող երկու կուսակցություններից մեկը՝ Լուսավոր Հայաստանը, որն, ի դեպ, իրեն դիրքավորում է որպես արևմտյան կողմնորոշման քաղաքական ուժ, հանդես եկավ ԱԺ ԵԱՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Իր այդ բացահայտ շրջադարձով այս ուժը հասկացնում է, որ այլևս այրել է արևմտյան արժեքների հետ իր կեղծ կամուրջը և առանց ձևականությունների հայտ է ներկայացնում ստանձնելու 5-րդ շարասյունը գլխավորելու դավաճանական գործառույթը:
Նույն դերին հավակնող մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, որ կրեմլահպատակության հարցում ավելի բաց է եղել և երբեք չի խորշել այն ցուցադրելուց, խանդի բռնկումով է վերաբերվել այս նախաձեռնությանը:
Ասպարեզից ՀՀԿ-ի հեռանալուց հետո ստեղծված իրավիճակում, վախենալով կորցնել կրեմլահպատակության հարցում առաջնային դիրք զբաղեցնելու հեռանկարը, ԲՀԿ-ն հայտարարել է, թե ԵԱՏՄ-ն իր մշտական ծրագրային գերակայություններից մեկն է և, որպես դրա ապացույց, վկայակոչել է նախորդ գումարումների ժամանակ արտահայտած իր հրապարակային դիրքորոշումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի՝ իշխող «Եդինա Ռոսիա» խմբակցության հետ 2009 թ. կնքած և 2018 թ.-ին երկարաձգված համագործակցության հուշագիրը:
Հարեմում առաջին տիկնոջ կարգավիճակի համար մղվող պայքար հիշեցնող այս նողկալի, մեր ազգային արժանապատվությունը վիրավորող նշյալ մրցակցությունը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և տնտեսական հեռանկարի համար:
Գաղտնիք չէ, որ Կրեմլը թշնամաբար է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և ամեն գնով ու ամեն կերպով փորձում է ձախողել դրանք՝ ջանք չխնայելով արտաքին և ներքին ճնշումներ բանեցնելու Հայաստանի նոր իշխանության վրա և նրա համար ստեղծելու նորանոր պրոբլեմներ ու թակարդներ:
Նման իրավիճակում ընդդիմությունը պետք է, ի պատասխան Կրեմլի գաղութատիրական ձգտումների՝ իշխանության համեմատությամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեր, որպեսզի իշխանությունը կարողանար հենվել դրա վրա և հավասարակշռել իրավիճակը հօգուտ մեր ազգային շահերի:
Մինչդեռ այսօրվա նուրբ իրավիճակում այսպես կոչված ընդդիմության կրեմլահպատակ վարքագիծն էապես նեղացնում է իշխանության գործունեության դաշտը՝ նրան կանգնեցնելով Կրեմլի հետ առճակատվելու կամ նրան ենթարկվելու կոշտ երկընտրանքի առաջ:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը համոզված է, որ իրավիճակն, այնուամենայնիվ, անելանելի չէ:
Հայաստանի այսօրվա իշխանությունը պետք է համոզված լինի, որ հատկապես ազգային արժանապատվության և ինքնիշխանության ու անվտանգության հարցերում ժողովուրդը և ԱԺ-ից դուրս գտնվող մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ մեր ուժը, կանգնած են իր թիկունքին:
Այդ հանգամանքը հաշվի առնելով, իշխող խմբակցությունը պետք է վճռականություն ցուցաբերի ու մերժի ԱԺ ԵԱՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը և միջոցներ ձեռնարկի ԵԱՏՄ-ում լինելու հետևանքով Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տնտեսությանը հասցվող էական վնասները չեզոքացնելու ուղղությամբ:
Անիմաստ բաներ եք խոսում՝ առանց քարտեզին նայելու։ Արևմտյան արժեքներն էլ վերջին ինստանցիայի ճշմարտությունը չեն մեր մոլորակի վրա, մի քիչ ավելի լայն մտածեք։