ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ անդրանիկ նիստում լրագրողների հետ զրույցում խոսելով Էդմոն Մարուքյանի հետ տարաձայնություններից՝ ասաց, որ ոչ մի տարաձայնություն էլ չկա, ամեն ինչ հարթվել է:
Լրագրողները հիշեցրին Մարուքյանի ուղիղ եթերը, հիշեցրին իրենց սպառնալիքները՝ Ծառուկյանն արձագանքեց. «Բանավեճ է եղել, ինքը ասել է, ես պատասխանել եմ: Սպառված է: Հիմա թեման փակել ենք, ինչի՞ մասին է խոսքը»:
Լրագրողները Ծառուկյանին տվեցին Մարուքյանի հարցը, թե ի՞նչ մոտիվացիա պետք է ունենա գործարարը, որ մտնի խորհրդարան: Ծառուկյանը պատասխանեց. «Գործարարը ո՞րն է, ես գործարա՞ր եմ քո համար, ես սեփականատեր եմ: Էսօր Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր է, էդ արտահայտությունն է սխալ, Ծառուկյանը կուսակցության ղեկավար է, որը հիմնել է 20 տարի, որը հանդիսանում է քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժը: Թեման փակ է»:
Լրագրողները հարցրեցին՝ օլիգարխի ձեր սահմանումը ո՞րն է՝ նա պատասխանեց. «Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով՝ սեփական կատու չի ունեցել, պաշտոնից ելնելով՝ դառել է սեփականատեր, եթե չգիտեիր, գրանցի մոտդ»:
Հարցին՝ դա օլիգարխի կլասիկ սահմանո՞ւմն էր՝ նա պատասխանեց. «Օլիգարխն ուրիշ է, կլասիկն ուրիշ է, ասենք թե»:
Էդուարդ Բաբայանին պատգամավոր դարձնելու իմաստը ո՞րն է, ի՞նչ ՕԳԳ է նա ունենալու հարցին ի պատասխան՝ Ծառուկյանն ասաց, որ Էդուարդ Բաբայանն ինքն է ամենաշատ ձայները հավաքել, ժողովրդի ձայնն է.«Եթե ես ցուցակում գրած լինեի, կարող էիք այդ հարցը ինձ տալ, որ ես իմ հարազատին բերել եմ, ես այդպիսի բան իմ հարազատների հանդեպ չեմ արել: Ես համաձայնություն տվել եմ, որ ինքը մասնակցի, բայց ոչ թե ցուցակում եմ գրել: Ժողովրդի ցանկությունն է եղել, որ պարոն Բաբայանը իր թեկնածությունը դնի»:
Հարցին՝ նա անցնում է քրեական գործով, դա ձեզ չզսպե՞ց, որ ձեռնպահ մնաք նրան խորհրդարան բերելուց՝ Ծառուկյանը պատասխանեց. «Հիմա էսօր եթե ձեր վրա մի հատ բողոք գրեն՝ վաղը ձեզ կկալանավորեն, էսօր այնպիսի կարգ է դրած, որ ցանկացած բողոքի հետեւից գնում են, քննություն է կատարվում»:
Հարցին անհիմն կալանավորո՞ւմ են հիմա՝ Ծառուկյանը պատասխանեց. «Անհիմն չեն կալանավորում: Հիմա եթե մեկը քո հետ չունի, կբողոքի, տանելու են ճշտեն: Էսօր հազարավոր բողոքներ, դիմումներ կան, մարդիկ չեն էլ հասցնում քննեն, ով մեղավոր է՝ պատժվում է, ով մեղավոր չի՝ ազատվում է, ինչի՞ մասին է խոսքը»:
Ճշտեցին՝ դուք հարվածե՞լ եք Վյաչեսլավ Հարությունովին՝ Ծառուկյանը պատասխանեց. «Եղբայր, ես որ հարվածեի, Վյաչեսլավը ոտի վրա կարա՞ր կանգնած մնար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ