Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման հյուրերն են «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը եւ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ, բիզնես լոբբինգի մասնագետ Արմեն Մարտիրոսյանը:
Լուսինե Բուդաղյան.– Ազգային ժողովի արտահերթ ընտրությունից հետո մեր երկրի առաջնահերթություններից մեկը տնտեսական զարգացման հեռանկարներն են: Այս առումով ոլորտի մասնագետները հատկապես կարեւորում են Հարկային օրենսգրքի փոփոխությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ արտահերթ ընտրությունները մի քանի անգամ շեշտել է, որ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Որքանո՞վ է առաջարկվող նախագիծը հեղափոխական:
Սամսոն Գրիգորյան.– Չեմ կարծում, որ տվյալ փոփոխությունները կարելի է հեղափոխական համարել, որովհետեւ փոփոխությունները չնչին են, որոնք չեն ազդի բիզնես միջավայրի վրա, հատկապես տնտեսության վրա: Եվ ընդհանրապես կարելի է մոռանալ այս փոփոխությունների հետեւանքը, որ կլինի տնտեսական հեղափոխություն: Մանր-մունր փոփոխություններ են, եւ միակ բանը, որ արվել է դեպի փոքր ու միջին բիզնես, դա 58 միլիոնի շեմը 115 միլիոնի բարձրացնելու քայլն է: Մնացած առումներով միկրոբիզնեսին հարկերից ազատելը վերաբերում է միայն Երեւան քաղաքից դուրս, շուկաներից դուրս: Իսկ այսօր մենք գիտենք, որ մանր բիզնեսը հիմնականում աշխատում է Երեւան քաղաքում, եւ դրանից դուրս չէին էլ կարող մեծ հարկերի հույս ունենալ: Ասենք` Գյումրիի ինչ-որ փոքրիկ խանութից ի՞նչ հույս պետք է ունենային: Դա ինչ-որ լուրջ փոփոխությունների չի բերի: Որոշակի առավելություններ տալիս է, բայց շատ չնչին տոկոսին: Մեծ հետեւանքներ չեն լինի: Այսինքն` սրանով միանշանակ տնտեսական հեղափոխություն չենք անում:
Արմեն Մարտիրոսյան.– Ես կարծում եմ, որ Հարկային օրենսգիրքը պետք է նորից գրվի: Հասկանում եմ, որ դրա համար ժամանակ է պետք: Ինչ ժամանակավոր լուծում կա, որ այն բոլոր կետերը նախորդ օրենսգրքում, որոնք որ վիճահարույց են կամ մասնագետների դժգոհությունների տեղիք են տալիս, այդ կետերը կասեցվեն, մինչեւ նոր Հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնի:
Երկրորդ` ստուգումները դադարեցվեն` մինչեւ նոր Հարկային օրենսգիրքը լինի: Այստեղ երկու խնդիր կա. մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունում ինչ սկզբունքով էին ստուգողներ ընդունում: Բերում էին ինչ-որ հատկանիշներ ունեցող մարդկանց: Մարդը պիտի կարողանար ինչ-որ բան հայտնաբերել, ուժային, հոգեբանական, ճնշումների լեզվով կարողանար դա կապիտալիզացնել, հետո մի քիչ բյուջե, մի քիչ արտաբյուջե, մի քիչ էլ սեփական գրպանը, ղեկավարների գրպանն ուղղեր: Քսան տարի հաջողությամբ այս գործն արել են: Նրանք արդեն մասնագիտացել են այդ գործում եւ չեն կարող ճիշտ աշխատել: Ես չեմ խոսում այն սպասարկող անձնակազմի մասին, որոնք որ հարկային տեսչություններում քաղաքացիների հարցերով են զբաղված, բայց ստուգողների մասով մենք պետք է ասենք, որ նրանք բոլորն ազատված են աշխատանքից, ու այդ ժամանակ էլ թող գրվի այդ օրենսգիրքը, եւ ընդունեն այլ սկզբունքներով, այլ հատկանիշներով մարդկանց, որպեսզի այն գործառույթը, որը որ պետությանն է պետք, սկսեն իրականացնել:
Շատ շատերն են խոսում, որ «քյարթու» բիզնեսի ներկայացուցիչների համար այդ բոլոր ավանդույթները պահպանվել են, գները պակասել են, ավելի թաքուն, ծածուկ է արվում, բայց փոխվստահության վրա այդ «համագործակցությունը» շարունակվում է: Ու մենք պետք է ինստիտուցիոնալ հարցեր լուծենք: Ոնց անենք, օրինակ, որ վեր ու վար փոխվեն եկամտահարկի հետ կապված բոլոր տիպի հարցերը, ոնց անենք, որ իսկապես կարողանա պետբյուջե մտնել ամբողջ եկամտահարկը, որն առաջանում է աշխատավարձերից կամ եկամուտներից, որ թաքնված եկամուտներ չլինեն: Բիզնեսին ազատեք այդ գործակալի գործառույթից, հարկային գործակալ թող չլինի, եւ քաղաքացին ինքը վճարի իր հարկը: Ընդդիմախոսներն ասում են, որ դա դժվար է իրականացնել: Այսինքն` դուք կարողանում եք «կարմիր գծերի» փողը քաղաքացիներից ուղիղ ստանալ, ԴԱՀԿ-ի փողը ուղիղ ստանալ, այսինքն` երբ իրենց պետք է, կարողանում են կարգավորել, երբ որ հարկային գործակալի ֆունկցիա է, պատրաստ չեն: Բիզնեսը պատրաստ է այն բոլոր աշխատավարձերը, այն բոլոր եկամուտները, որոնք որ տալիս են իրենց գործընկերներին, իրենց աշխատակիցներին, հրապարակավ ցույց տալ: Թող լինի մի հաշվիչ բոլոր քաղաքացիների համար, որով կհաշվարկվի եկամտահարկը: Այսինքն` Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն այդ գործառույթն անի: Քաղաքացին քանի՞ գործառույթ ունի Հայաստանում. մեկը՝ ընտրությունների օրը գնալ ընտրության, մյուսը՝ հարկ վճարելը եւ տղամարդկանց համար՝ բանակում ծառայելը: Ուրիշ բան կա՞, որ քաղաքացին պետք է անի՝ ոչ: Բա ինչո՞ւ ենք մենք ասում` գնա ընտրության, եթե ինքը իր մուծումը չի արել պետությանը, եթե ինքն իր բանակի, ոստիկանության ծախսերը չի հոգացել, չի զգացել: Մինչեւ այսօր մարդիկ ասում են` մաքուր այսքան ենք ստանում, կեղտոտ` այսքան: Չեմ լսել, որ մեկն ասի` ես այսքան աշխատավարձ եմ ստանում, ես հարկ եմ վճարում, եւ այդ հարկի դիմաց էլ պահանջ ունենա պետությունից, պետական ծառայություններից:
Լ. Բ.- Պարոն Գրիգորյան համամի՞տ եք պարոն Մարտիրոսյանի այն մտքին, որ կադրային կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ հարկայինի որոշ ստորաբաժանումներում:
Ս. Գ.- Երբ մենք ասում ենք՝ կադրային փոփոխություններ են անհրաժեշտ, հին, կոռումպացված կադրերից ազատվել է պետք, մեկ ուրիշ փորձանք ենք բերում մեր գլխին: Լրիվ անտեղյակ կադրեր են գալիս, որոնք ընդհանրապես կապ չունեն այդ գործի հետ: Պետք է ճիշտ կադրային փոփոխություն: Հարկայինում, ինչպես նաեւ բոլոր ոլորտներում, կարիերայի աճ է պետք, այսինքն` մարդը պետք է ընդունվի աշխատանքի եւ իմանա, որ անընդհատ աճելու է` իր հնարավորությունների սահմաններում, իր արած աշխատանքի սահմաններում: Իսկ մեզ մոտ կարող է հանկարծ ինչ-որ մի տեղից բերեն բաժնի պետ ընդունեն: Նախկինում մատուցողուհի աշխատած մարդը գա բաժնի պետ դառնա կամ հակառակը` 100 տարվա բաժնի պետը աշխատանքից ազատվի: Այսինքն` այսօր աշխատակիցը` լինի ՊԵԿ, թե ընդհանուր առմամբ կառավարական մեր համակարգի, չունի պատասխանատվություն, քանի որ նա գիտի, որ լինելով լավ աշխատակից՝ վաղը կարող է իրեն գործից հանեն: Կամ կարող է ընդհանրապես զրոյական արդյունք բերող, օգտակար գործակիցը ցածր լինի, բայց նա վաղը դառնա բաժնի պետ կամ, ինչն ավելի վատ է` նախարար: Դրա համար նախ` պետք է այդ կառուցվածքը կարգավորել:
Ինչ վերաբերում է ստուգումները բիզնեսում ժամանակավորապես դադարեցնելուն, ապա ասեմ, որ այն երկրները, որոնց տնտեսությունը թռիչքային զարգացում է ապրել, այդ երկրներում փոքր ու միջին բիզնեսը հարկերից ազատվել է: Ասում են` բա ոնց ենք բյուջե հավաքելու: Նշեմ, որ այդ երկրներում բյուջեն էլ է բազմապատկվել: Լավ, 30 տարի Հայաստանում դուք ամեն ինչ ճիշտն եք արել. 30 տարի է՝ շուկայի վաճառողը մնացել է նույն շուկայի վաճառողը, «բուդկա» ունեցողը մնացել է նույն «բուդկայի» վաճառողը:
Օրինակ՝ ես բիզնես մտնելով, հույս ունեի, որ վաղը-մյուս օրը կդառնայի արտադրող, բայց ես արդեն 6-7 տարի է՝ մնում եմ դեռ առեւտրական: Այսինքն` չես դառնում լիարժեք գործարար, որովհետեւ Հայաստանում ստեղծված չեն այդ պայմանները, որ ես այս ապրանքը ներկրելուց զատ, մի օր էլ մտածեմ` սա այստեղ արտադրեմ: Ավելի ձեռնտու է ներկրելը: Մնացած դեպքերում դու կարող ես կորցնել քո ձեռքբերումները:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
12.01.2019