ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ անդրանիկ նիստում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ համապատասխան փաստաթղթերը կներկայացնի ու կտեսնենք՝ պարոն Ծառուկյանը հենց այնպես չի բացակայում. «Ինձ ինչքան հաճելի է գամ, ձեզ տեսնեմ…»:
Լրագրողներն ասացին՝ չե՞ք կարծում, որ դա վիրավորական է այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ձեզ ձայն են տվել, իսկ դուք բացակայում եք ԱԺ նիստերից՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ես մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես արհամարհեմ, պարապ լինեմ, չգամ, դա ուրիշ հարց է, բայց դուք գիտեք, որ ես հազար ու մի գործերով զբաղված եմ, որը լիարժեք բոլորն էլ հասցնում եմ»:
Դիտարկմանը, որ եթե շատ զբաղված եք, մանդատից հրաժարվեք՝ Ծառուկյանն արձագանքեց. «Դա ձեզ ի՞նչ է տալու, ուզում եմ հասկանամ: Եթե մանդատից հրաժարվեմ, ուրեմն իմ ժողովուրդը ձայն չէր տա կուսակցությանը: Եթե հեղափոխությունից հետո բոլոր երկրներում ասենք թե հին ուժերը հեռանում են, ուրեմն Ծառուկյանն այն ներդրումը, այն վստահությունն ունի մեր ժողովրդի մոտ, որ նույնպես կարողացան ձայնը տալու եւ լիարժեք երկրորդ քաղաքական ուժը լինելու, սա ասում եմ՝ չհասկացողների համար»:
Ընդդիմությո՞ւն են լինելու, թե՞ ոչ՝ Ծառուկյանն ասաց, որ ժողովրդի ձայնն են լինելու խորհրդարանում, այն հարցերը, որոնք ժողովուրդը բարձրացրել է ժպիտը դեմքին, այդ հարցերին հետեւողական են լինելու, ինչը օգուտ է ժողովրդին, դրան կողմնակից են լինելու, իսկ ինչը օգուտ չէ ժողովրդի՝ դեմ են լինելու:
Հարցին՝ Փաշինյանի կառավարությանը քննադատելո՞ւ եք՝ Ծառուկյանը նորից պատասխանեց, որ հետեւողական ժողովրդի ձայնն են բարձրացնելու. «Որը վնաս է լինելու՝ դեմ ենք լինելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ