Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ բան սխալ ուղղությամբ է գնում

Հունվար 14,2019 12:30

Հռչակված «տնտեսական հեղափոխությունը» կասկածի տակ է

Հրապարակվել է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2019» հունվարյան զեկույցը, որի համաձայն՝ 2018-ին Հայաստանի տնտեսության աճը գնահատվել է 5.3%, իսկ 2019 եւ 2020-ին կանխատեսվում է համապատասխանաբար 4.3 եւ 4.6% աճ:

Բրիտանական Economist intelligence unit-ն էլ, վերլուծելով աշխարհում անցած տարի տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները, Հայաստանը դասել է հաղթողների եւ ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրների շարքում: Ըստ «Ազատության»՝ հեղինակավոր կենտրոնը նշել է. «2018-ին՝ խաղաղ իշխանափոխությունից հետո, Հայաստանը միանգամից ութ կետով բարելավել է դիրքերը եւ այժմ զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը 167 երկրների շարքում»: Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, քաղաքական մշակույթը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։ «Բոլոր այս ոլորտներում Հայաստանը անցած տարի զգալիորեն բարելավել է դիրքերը, ընդ որում, առաջընթացի այդ տեմպն ամենամեծն է եղել Արեւելյան Եվրոպայի հիբրիդային պետությունների շարքում», – արձանագրել է Economist intelligence unit -ը:

Հետազոտության թվերը փաստում են, որ ամենամեծ առաջընթացն արձանագրվել է կառավարության արդյունավետ աշխատանքի ոլորտում. այստեղ Հայաստանը 2018-ի հեղափոխությունից հետո ստացել է նախորդ տարվանից գրեթե երկու անգամ ավելի բարձր գնահատական: Ավելի վաղ՝ անցած տարեվերջին բրիտանական Economist-ը Հայաստանը ճանաչել էր տարվա երկիր՝ շարունակված բարեփոխումների համար:
2018 թվականը, թե որքանով կարելի է հաջողված տարի համարել Հայաստանում իրականացված բարեփոխումների, տնտեսական զարգացման տեսանկյունից՝ այս առիթով գրվել եւ ասվել է բավական շատ: Էական, համակարգային փոփոխությունների մասին խոսք չկա, միայն հայտարարություններ՝ «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու անհրաժեշտության մասին:
Բայց ինչ ունենք իրական կյանքում այսօր՝ 2019-ի մեկնարկին, չնայած այն հանգամանքին, որ միջազգային հեղինակավոր կառույցները Հայաստանի համար դրական ցուցանիշներ են արձանագրում: Պատկերն այնքան էլ սփոփիչ չէ:

Դեկտեմբերի վերջին Ռեստորանների հայկական միության հերթական ժողովից հետո հայտնի դարձավ, որ այս կառույցի անդամները ի նշան բողոքի՝ փակել ռեստորանների դռները մեկ օրով: Նրանք այդ մասին հայտնում էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեին:

Ո՞րն է խնդիրը: Ըստ նշյալ միության պնդման՝ սննդի ոլորտի նոր հարկման համակարգի գործադրմամբ անխուսափելի է դառնում ժամանցի վայրերում գների թանկացումը: Նախատեսված է, որ այժմ սահմանված 6 տոկոս շրջանառության հարկը 2019-ին ավելանալու է 2 տոկոսով՝ դառնալով 8 տոկոս, իսկ 2020-ին եւս 2 տոկոսով։

Այսինքն, հունվարից հայաստանյան ռեստորաններում, ժամանցի կենտրոններում եւ հանրային սննդի այլ կետերում գների բարձրացում կարձանագրվի: «Առավոտի» հետ զրույցում «Հայկական ռեստորանների միության» համակարգող Աշոտ Բարսեղյանը նշել էր, որ փոփոխությունները փաստի առաջ են կանգնեցրել թե խոշոր եւ թե փոքր սննդի կետերի սեփականատերերին: Նրանք պատրաստվում են գործադուլ անել հունվարին, երբ հայտնի կլինի ՀՀ նոր կառավարության վերջնական կազմը: «Զգուշացնում ենք, որ հարկային բեռի ավելացումն անդառնալի փոփոխություններ կբերի: Եթե հուլիսից մենք եկամուտների հաշվին գին չենք բարձրացրել, սպասել ենք, ապա հիմա էլ չենք կարող: Դրա հետեւանքը մեր տնտեսվարողները գիտակցում են»,- նշել էր Աշոտ Բարսեղյանը: Նրա խոսքով՝ սննդի օբյեկտներում գների բարձրացման հետեւանքով ներքին սպառումը կնվազի, տուրիզմի ցուցանիշները՝ եւս. «Մեր տուրիստական գրավչությունը կկորցնենք: Վերջին տասը տարում ապրանքների գնաճ եւ կոմունալ վճարումների ավելացում են գրանցվել, ինչը մենք «ծածկել» ենք մեր եկամուտների հաշվին, բայց հիմա այդպես էլ հնարավոր չէ: Գինը բարձրացնելն ամենավերջին միջոցն է, որին կարելի է դիմել: Մենք տարածաշրջանում կայացած սննդի ոլորտ ունենք, եթե գին ենք բարձրացնելու, Վրաստանի հետ համեմատած՝ ավելի վատ դիրքում ենք հայտնվելու: Սննդի ոլորտում այլեւս չենք կարող մրցել այդ երկրի հետ»:

Ըստ «Առավոտի» զրուցակցի՝ հարկային նման փոփոխություններով ՀՀ ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը կարճաժամկետ խնդիր են լուծում՝ բյուջեի համար եկամուտներ ապահովելով, մինչդեռ դա հետեւանք է ունենալու տնտեսության վրա. «Պաշտոնյաների հետ հանդիպել ենք, բացի՝ վարչապետից, նրա հետ հանդիպել չի ստացվում, մենք պահանջում ենք այդ հանդիպումը: Պաշտոնյաները թյուր կարծիք ունեն մեր ոլորտի թվաբանության մասին, նրանք սխալ տեղեկատվություն են հասցնում վարչապետին: Սոցցանցում մեզ մեղադրում են գերշահույթ ապահովելու եւ հարկեր թաքցնելու մեջ, մինչդեռ ցանկանում ենք խնդիրը ճիշտ ներկայացնել՝ բոլորն էլ հարկ վճարել են: Այլեւս ներդրում չենք անելու, քանի դեռ տնտեսական քաղաքականությունը հստակ չէ»:

Փաստորեն, հարկատեսակի բարձրացումը կարող է ազդել գների վրա, սեփականատերերը ստիպված կթանկացնեն գները, ինչն ուղղակիորեն կազդի տուրիզմի վրա: Ինչպե՞ս է Հայաստանը գրավելու զբոսաշրջիկներին, եթե երկրի ներսում ծառայությունների գների բարձրացում է կանխատեսվում… Ի դեպ, օրերս հայտնի դարձան ուշագրավ ցուցանիշներ զբոսաշրջության վերաբերյալ: Անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկ՝ 8,7 միլիոն մարդ: Դա 14,9%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմը:

Այսպես, 2017-ին Վրաստան է ժամանել 7,5 մլն մարդ: Առաջատարների թվում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքացիները: Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից՝ 1,4 մլն մարդ, ինչը 2017-ի համեմատ 9,5%-ով ավելի է: Երկրորդ տեղում ռուսներն են՝ գրեթե 1,4 մլն մարդ, ինչը 2017-ի համեմատ ավելի է 23,8%-ով: Երրորդ տեղում Հայաստանն է. Հայաստանից Վրաստան է ժամանել 1,3 միլիոն մարդ: Վրաստան են այցելել նաեւ Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, Իսրայելի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների քաղաքացիներ: Նախնական տվյալներով՝ զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը 2018-ին գերազանցել է 3 միլիարդ դոլարը: Այս մասին հայտարարել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ տնտեսության ու զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան «զբոսաշրջային տարվա» արդյունքների շնորհանդեսին:

Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները 2018-ին ներդրումային գրավչության հիմքեր չկարողանալով ներկայացնել՝ որոշել են առայժմ հարկերի բարձրացման, այլ ոլորտներում՝ գների ավելացման միջոցով բյուջե լցնել:

Ահա, եւս մեկ ապացույց՝ մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացումը: Հունվարի 1-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով եւ այլեւս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի հիման վրա, որի հետեւանքով աճում է մեքենաների գինը, կրկին անգամ խթանվում հնամաշ մեքենաների ձեռքբերումը։ Մինչդեռ ողջ աշխարհում այժմ զարկ են տալիս էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների, ընդ որում, մաքսազերծման բավական մատչելի գներով էլեկտրական կամ հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաների ներկրման խթանմանը, ինչպես օրինակ՝ հարեւան Վրաստանում, իսկ մեզ մոտ մաքսազերծման գործող գներն են ավելացվում:

Հաջորդը, պարզվում է, 2019 թվականից բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով: Ինչպես հայտնել էր Lragir.am-ը, առաջին փուլում նոր ՀԴՄ-ները ձեռք էին բերել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, այնուհետեւ միջինները. «Այս տարվա հունվարի մեկը վերջնաժամկետ է համարվում, եւ բոլոր տնտեսվարողները պետք է ունենան այդ ՀԴՄ-ներից: Նախորդ տարեվերջին Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնող հայտարարություն էր տարածել: Ըստ հայտարարության՝ ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ»: «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Lragir.am-ի հետ զրույցում ասել է, որ հիմնականում միկրոբիզնեսի ներկայացուցիչները չունեն նոր սերնդի ՀԴՄ-ներ. «Մեր դիտարկումներով՝ միջին բիզնեսի ներկայացուցիչներն արդեն ունեն այդ ՀԴՄ-ները, միկրո բիզնեսի ներկայացուցիչները, հիմնականում առեւտրականները չունեն: Իսկ 2019թ. հունվարի մեկից արդեն պարտադիր է նոր ՀԴՄ-ների կիրառումը: ՊԵԿ-ը հնարավորություն է տվել, որ կարող են գոնե այդ ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումը տված լինել: Այսինքն՝ պարտադիր չէ այսօր այդ ՀԴՄ-ները տեղադրած լինեն, գոնե դիմումը պետք է տված լինեն: Կարծում եմ՝ դա ՀԴՄ-ների սահմանափակ քանակի հետ է կապված: Ով դիմումը տված լինի, չի տուգանվի: Իսկ եթե ստուգում լինի եւ հայտնաբերվի, որ դեռեւս հին ՀԴՄ-ով են աշխատում, առաջին անգամ լինելու է նախազգուշացում, տուգանքներ չեն լինի: Դա եզրակացնում ենք ՊԵԿ հայտարարության հիման վրա»:

Ստացվում է, որ հունվարի 1-ից պարտադիր կիրառության մեջ մտած ՀԴՄ-ները որոշակի առումով բեռ են դառնալու փոքր տնտեսվարողների համար: «Եթե դու պարտադրում ես, որ բոլորը ՀԴՄ տեղադրեն, նշանակում է՝ պարտադրում ես, որ, օրինակ, Կապանի Անտառաշատ գյուղի որեւէ տատիկ, ով խանութում աշխատում եւ ամիսը 70-80.000 դրամ գումար է վաստակում, պետք է հսկիչ-դրամարկղային մեքենայի համար 160 հազար դրամ վճարի: Պատճառը ո՞րն է, որ այդքան շատ փոքր բիզնեսը տեղադրի այն: Եթե փաստարկը բերվում է այն, որ ինչ-որ մի անգամ մի զբոսաշրջիկ կարող է այդ խանութից օգտվել, եւ բանկային հաշվեհամարից գումար հանելու անհրաժեշտություն լինի, համաձայն չենք: Թողե՛ք շուկան ազատ աշխատի: Իսկ այն տնտեսվարող սուբյեկտը, ով կցանկանա, որ զբոսաշրջիկն իր մոտից առեւտուր անի, թող գնա ու գնի հսկիչ-դրամարկղային մեքենա»,- լրագրողների հետ հանդիպմանն օրերս ասել էր Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը: Նրա համոզմամբ՝ այս ամենի արդյունքում որոշ փոքր բիզնեսներ կարող են փակվել:

Ըստ ամենայնի, գործող կառավարությունն առայժմ ուժերը կենտրոնացրել է հետեւյալ խնդրի վրա՝ ինչպես բյուջե լցնել: Վստահաբար, դա կարճաժամկետ խնդիր է, սակայն երկարաժամկետ կտրվածքով միջին եւ խոշոր ներդրումներ իրականացնելուն նպաստելու տեսանկյունից համակարգային փոփոխություններ, բարեփոխումներ առայժմ մեր երկրում չեն իրականացվում: Ինչո՞ւ, այս հարցի պատասխանը ոչ ոք չի փորձում տալ:
Հայտարարված «տնտեսական հեղափոխությունն», այսպիսով, ոչ միայն չի իրականացվում, այլեւ չի նշմարվում կառավարության տեսլականը, թե ինչպես պետք է այն կյանքի կոչվի առհասարակ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031