Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երջանիկ ենք հայկական «մոզաիկայի» հարստությամբ»

Հունվար 14,2019 12:00

Հարցազրույց Հայաստանում Լեհասատանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ

– Տարեմուտին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Անջեյ Յագոջինսկի ջազ տրիոյի բարձրարվեստ ելույթից հետո հանդիսատեսի շրջանում իրավացիորեն շրջանառվում էր այն միտքը, թե ինչո՞ւ առատ չեն լեհ արվեստագետների (երաժշտարվեստ, թատերարվեստ, կերպարվեստ) ելույթները Հայաստանում: Հանդիսատեսին մեծ հաշվով չի հետաքրքրում մշակութային, թե դիվանագիտական կապերի միջոցով են կազմակերպվում դրանք, թե…

– Ցավալի է, որ բյուջետային սահմանափակումների պատճառով նման համերգների թիվը սակավ է, սակայն աշխատելու ենք, որպեսզի գալիք տարիներին նման նախաձեռնություններն ավելանան: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Առավոտ» լրատվական գործակալությանը՝ անդրադառնալու համար Երեւանում կայացած Անջեյ Յագոջինսկի տրիոյի կատարմամբ ջազային համերգին: Շնորհիվ հայ երաժշտասերների՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահը լեփ-լեցուն էր:

– Հին բարեկամներ լինելով հանդերձ, չե՞ք կարծում, որ լեհական մշակույթը ոչ լիարժեք է ներկայացված Հայաստանում, մինչդեռ հայ-լեհական բարեկամությունը սկսվում է 14-րդ դարից: Արդեն գրեթե 7 դար: Բայց կարծես թե Հայաստանում քիչ գիտեն Լեհաստանի մասին եւ Լեհաստանում՝ Հայաստանի: Խոսքն ընդհանրապես իմանալ-չիմանալու մասին չէ, այլ հատկապես իրար հետ 700 տարի ճանապարհ անցնելու եւ հատկապես մշակութային շփումների մասին է:

– Հայերն ու լեհերը կողք կողքի են ապրել հարյուրամյակներ շարունակ լեհական թագավորությունում, հետագայում` 1385 թ.-ին Կուրուվ քաղաքում միություն կազմած Լեհ-լիտվական միացյալ թագավորությունում: Ես շատ ուրախ եմ, որ 2017 թ հոկտեմբերին Վարշավայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու Լեհաստանի Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկին պաշտոնապես նշել են Լեհաստանի թագավոր Կազիմիր III Մեծի կողմից (1367 թ.) Լվովում բնակվող հայերին տրված արտոնությունների հաստատման 650-ամյակը: Այդ առթիվ Լեհաստանի Հանրապետության Սենատի սրահում նրանց նախաձեռնությամբ բացվել է ցուցահանդես` նվիրված վերջին 400 տարիների ընթացքում Լեհաստանի զարգացման գործում իրենց մեծ ավանդն ունեցող ամենահայտնի հայերին. ի թիվս այլոց` ներկայացվել է Լեհաստանի առաջին Սահմանադրության տեքստի համահեղինակներից մեկը, 18-րդ դարի գիտնական Գժեգոժ Պիրամովիչը, 19-րդ դարում կերոսինով լիցքավորված լամպի գյուտարար Իգնացի Լուկաշեւիչը: Հիրավի, մեծ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ գիտական ուսումնասիրությունները շարունակելու նպատակով` 2018թ. նոյեմբերին Վարշավայի պատմական ակտերի կենտրոնական արխիվի տնօրեն Վայս Հուբերտը Հայաստանի ազգային արխիվին փոխանցել է հայ-լեհական առնչություններին վերաբերող արխիվային փաստաթղթերի պատճեններ:

– Հայերը մեծ դերակատարություն են ունեցել լեհական պետության կայացման գործում, այժմ էլ Լեհաստանում բնակվում է շուրջ 92.000 հայ, որոնցից շատերն անվանի մշակութային գործիչներ են, Լեհաստանի արժանապատիվ քաղաքացիներ:

– Լեհաստանում բնակվող հայերի թիվը փոփոխական է, քանի որ նրանցից միայն մի մասն է որոշել մշտական բնակեցում հաստատել Լեհաստանում: Նրանց մի մասը վերադառնում է իր հայրենիք: Այդուհանդերձ, ներկայումս բավական նկատելի է Լեհաստանում գոյություն ունեցող հայկական հասարակական, մշակութային, տնտեսական, գիտական կազմակերպությունների հարուստ «մոզաիկա»: Եվ մենք երջանիկ ենք այդ հարստությամբ:

– Լեհ գրականությունը: Լեհական թատրոնը եւ կինոն: Լեհական գրականությունը համաշխարհային անուններ է տվել՝ Հենրիկ Սենկեւիչ, Բոլեսլավ Պրուս: Նույնը համաշխարհային թատրոնում՝ Եժի Գրատովսկի, Վլադիսլավ Տոմաշեւսկի, Զբիգնեւ Ցիգուլսկի: Համաշխարհային կինոյում հայտնի են՝ Եժի Կավալերովիչի, Անջեյ Վայդայի եւ այլոց անունները: Հայտնի է նաեւ լեհական Սեյմի հոգատար վերաբերմունքը՝ ուղղված թատրոնի զարգացմանը: Որքան գիտենք, Սեյմի նախաձեռնությամբ, Լեհաստանում աշխատավարձի հետ թատրոնների տոմսեր են տրամադրվում բնակչությանը՝ խթանելով թատերական կյանքի զարգացմանը: Իսկ լեհական դասական երաժշտությունը… Առաջին հերթին Շոպեն, որ սքանչելի երաժշտության հետ միասին դասագրքային արժեք է աշխարհի բոլոր դաշնակահարների համար: Գործում է Շոպենի անվան դաշնակահարների ամենամյա փառատոնը: Լեհական դասական երաժշտությունը վերջին շրջանում մեզ մոտ ասոցացվում է նաեւ հայկական արմատներ ունեցող Քշիշտով Պենդերեցկու հետ: Հայտնի է ջութակահար, կոմպոզիտոր եւ դաշնակահար Հենրիկ Վենյավսկին եւ իր անվան ջութակահարների միջազգային փառատոնը, «Սպոտի» ամենամյա ջազային երաժշտության միջազգային փառատոնը: Կարող ենք վստահ ասել, որ Լեհաստանը երաժշտական երկիր է:

– Ցանկանում եմ անձամբ Ձեզ շնորհակալություն հայտնել հաճելի խոսքերի համար վերջին 200 տարիներին Լեհաստաում առկա երաժշտական հարստության մասին: Երեւանում Լեհաստանի դեսպանությունն, անշուշտ, ջանքեր կգործադրի, որպեսզի ապագայում հայերին ավելի մոտիկից ծանոթացնի լեհական երաժշտությանը, լեհ կատարողներին: 2019 թ.-ն հանրահայտ դաշնակահար եւ երգահան Իգնացի Պադարեւսկիի կյանքի նշանակալից պահի 100 տարին է լրանում. 100 տարի առաջ նա դարձավ վերածնված Լեհաստանի երկրորդ վարչապետ:

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ լեհ գրականության եւ թատրոնի մասին գեղեցիկ խոսքերի համար: Ձեր կողմից թվարկված ազգանունները հայտնի են յուրաքանչյուր լեհ աշակերտին: Ուրախ եմ, որ Երեւանի «Հայբուսակ» համալսարանում բացվել է Բոլեսլավ Պրուսի անվան լեհերենի ուսուցման կաբինետ, որը Վարշավայի Բոլեսլավ Պրուսի անվան բարձրագույն կրթական հաստատության հետ համագործակցության արդյունք է:

Անշուշտ, մեծ ուրախությամբ եմ ընդունում մշակույթի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման խրախուսանքը:

– Ժամանակակից Լեհաստան եւ Հայաստան: Կարծում ենք մի նոր թափ է պետք հաղորդել հայ-լեհական բարեկամությանը: Մենք գրեթե միաժամանակ անցում կատարեցինք խորհրդային կայսրությունից դեպի ժողովրդավարական պետություն եւ հայերն ու լեհերը շատ արագ մտան առեւտրային շուկայական հարաբերությունների մեջ: Հիմա ժամանակն է անցնել ակտիվ մշակութային բարեկամության: Դրա համար կան պատմական եւ ժամանակակից բոլոր նախադրյալները:

– Ես համոզված եմ, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական կարեւոր փոփոխությունները կազդեն մոտալուտ տարիներին Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ համագործակցության առավել ամրապնդմանը բոլոր ոլորտներում: Օգտվելով հնարավորությունից` Հայաստանի քաղաքացիներին 2019-ին մաղթում եմ հաջողություն երկրի զարգացմանը եւ նրա քաղաքացիների բարեկեցությանը միտված ծրագրերի իրականացման գործում:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ,

12.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031