Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարեգին Բ-ն՝ նոր ԱԺ-ին. «Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների»

Հունվար 14,2019 11:12

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ԱՌԻԹՈՎ

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հարգելի նախագահող,

Պատվարժան պատգամավորներ և սիրելի ներկաներ,

Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 7-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ:

Այսօր դուք՝ իբրև վստահյալ ներկայացուցիչները ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը  մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ:

Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների: Բարօրության ու կարիքների հոգածության հրամայականը չէ միայն, որ հուզում է մեր ժողովրդին: Մեր երկրի առջև ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմակայելու և շահեկան կերպով լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պիտի ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ: Պետական, քաղաքական գործիչների և ողջ հասարակության ընդհանուր բարեխղճությունը և քաղաքացիական պատասխանատվությունը գլխավոր պայմանն են մեր ժողովրդի ներուժի համախմբման, մեր պետականության ամրապնդման և մեր շեն, հուսալի ապագայի կերտման:

Հարգարժան պատգամավորներ, ձեր օրենսդրական ջանքերով պիտի ձևավորվեն անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի համար, մեր ժողովրդի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Ձեր հաստատած օրենքները պիտի ծառայեն հասարակական մեր կյանքում ամրապնդելու օրինականությունը, արդարությունն ու իրավունքը, որոնք կզորացնեն մեր ընթացքը՝ ապրելու և գործելու փոխադարձ հարգանքի, սիրո և համերաշխության մեջ: Սիրո և համերաշխության ոգով, հավատում ենք, պիտի արդյունավորվեն նաև այս դահլիճում ընթացող քննարկումները և կայացվող որոշումները: Քաղաքական հայացքների և տեսակետների բազմակարծությամբ հանդերձ՝ մեր հայրենիքի և ժողովրդի լուսավոր ապագայի նույն տեսլականն է միավորում ձեզ՝ համախումբ ջանքերով ներդրում բերելու ազգային մեր իղձերի իրագործման նվիրական առաքելությանը: Պատվերն ունենք առաքյալի՝ ճշմարտությամբ, արդարությամբ, սրբությամբ, առաքինությամբ ու սիրով խորհելու (Փիլ. Դ 8), միաշունչ և միախորհուրդ լինելու և հակառակության ոգով չգործելու (Փիլ. Բ 2-3): Ճշմարիտ է ասված՝ միաբանությամբ փոքրերը մեծանում են, և անմիաբանությամբ մեծերը՝ փոքրանում: Արդ, ամուր պահենք Հայաստան, Արցախ, Սփյուռք միասնականությունը, հավատարմությունը մեր հոգևոր և ազգային արժեքներին, մեր հայրերի նվիրական պատգամներին, որպեսզի ունենանք շնորհն ու զորությունը կերտելու մեր հայրենիքի և ազգային կյանքի զարթոնքը:

Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրերին, արդարև, զորանում են հավատն ու վստահությունը, որ քրիստոնեական իր արժեհամակարգով մեր ժողովուրդը պիտի շարունակի լինել արարող ու զարգացող ազգ, հոգով ու մտքով լուսավորված ազգ՝ կարող բարեփոխելու իր կյանքը: Մեր Եկեղեցին, ինչպես բազմադարյա մեր պատմության ընթացքին, այսօր ևս շարունակելու է իր զորակցությունը բերել հայրենի իշխանությունների ազգաշեն նախաձեռնություններին։

Մեծարգո պատգամավորներ, Աստծո օրհնությունն ու շնորհներն ենք հայցում ձեզ և ձեր գործունեությանը: Հայրենիքի հանդեպ ձեր սերը թող ուղղորդի և ուժ ու կորով պարգևի ձեզ: Թող Տերը Իր Սուրբ Աջի և խնամքի ներքո պահպանի ու օրհնի մեր ժողովրդին և սրբազան մեր երկիրը՝ խաղաղության մեջ և բարգավաճման ճանապարհին՝ այսօր և միշտ. ամեն:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031