Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հայկական խոշոր հանցավոր խմբավորում է վնասազերծել, որը զբաղվում էր թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպմամբ։ Բանդան գործում էր 2017թ-ի փետրվարից, և այս ընթացքում ապօրինի ճանապարհով միլիոնավոր եվրոյի եկամուտ է ստացել։
Ընդհանուր առմամբ 83 մարդ է ձերբակալվել, նրանցից 28-ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են։
Հետաքննության արդյունքների համաձայն՝ կասկածյալները կաշառում էին մարզիկներին և իրենց համար ցանկալի արդյունքներ ապահովում։ Դրանից հետո ձերբակալվածներն օգտագործում էին հազարավոր բնակիչների անձնական տվյալները՝ խաղադրույքներ կատարելու և հսկայական գումարներ շահելու համար։
Հանցավոր խմբավորման անդամների անուններն իրավապահները դեռ չեն նշում։ Դեռ հայտնի չէ նաև, թե արդյոք կալանավորված հայերը Հայաստանի կամ այլ երկրների քաղաքացիներ են։
Հաղորդվում է միայն, որ գործողության ընթացքում 11 խուզարկություն է անցկացվել 9 իսպանական շրջաններում։ Առգրավվել է եվրոյով կանխիկ գումար, փաստաթղթեր ու համակարգիչներ։ Իսպանիայի իրավապահները հաղորդում են նաև, որ քրեական խմբավորումը կաշառել է մարզիկներին Futures և Challenger մրցաշարերի ժամանակ։ Ընդհանուր առմամբ արդեն հաստատվել է ավելի քան 90 պայմանավորված խաղի կազմակերպում։
Հետաքննվում է նաև հայ-իսպանական բանդայի հնարավոր կապը հայ-բելգիական խմբավորման հետ, որը Բելգիայում ձերբակալվել էր 2018թ-ի հունիսին։ Այն նույնպես կասկածվում է թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում