Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ֆիզիկապես եմ վիրավորվել, իսկ հիմա հոգեպես եմ խորը վիրավորված». ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից

Հունվար 13,2019 15:47

Էդիկ Մարտիրոսյանն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորում ստացած տղաներից է: Նա արժանացել է մի շարք մեդալների՝ Վազգեն Սարգսյան, Մարշալ Բաղրամյան և այլն: Այժմ Էդիկն իր կնոջ՝ Լեյլա Կիրակոսյանի հետ վարձով է բնակվում Եղեգնաձորում: Նորապսակ զույգը սպասում է իր առաջնեկին:

Էդիկ Մարտիրոսյանը, թեև ունի առողջական խնդիրներ, այժմ աշխատում է զորամասում, քանի որ գումար վաստակելու խնդիր ունի: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց՝ իրեն այս տարիներին ընթացքում ոչ ոք ոչ մի աջակցություն չի ցուցաբերել. «Պետությունը ոչ մի հարցում չի աջակցել ինձ: Աջակցություն չեմ ստացել նաև այն համայնքապետից կամ մարզպետից, որտեղ գրանցված եմ: Չի եղել որևէ աջակցություն թե′ գումարային, թե′ այլ առումներով»:

Թեև Էդիկն առանձնապես շատ չէր ուզում խոսել իր խնդիրների մասին, բայց հարցերի միջոցով պարզեցինք, որ նորաստեղծ ընտանիքի սոցիալական վիճակը բավականին ծանր է: Էդիկը պատմեց, որ իր անունով բազմաթիվ վարկեր ունի, սովորում է Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում՝ վարձով. «Միայն առաջին անգամ են մեկ կիսամյակ 80 տոկոս ուսման վարձի զեղչ արել, հետո ոչ մի զեղչ չի եղել»:

Էդիկ Մարտիրոսյանն ասաց, որ շատ է դիմել տարբեր կառույցների, որ գոնե մի քիչ հանգիստ աշխատանքի անցնի, բայց ոչ մի արձագանք: Այժմ Էդիկն ունի առողջական խնդիրներ: Նա պատմեց. «Քառօրյա պատերազմի օրերին ստացել եմ բեկորային ծանր վիրավորում՝ երկու ոտքերս, թևերս ու դեմքս: Երեք ամիս շարունակ բուժվում էի Մուրացանի հիվանդանոցում: Բազում վիրահատություններ եմ տարել: Այս պահին տասից ավելի բեկորներ կան իմ մարմնի տարբեր հատվածներում, որոնք նեղություն են տալիս  ինձ: Բայց ֆինանսական խնդիրներ ունեմ, և բուժվել չեմ կարող»:

Էդիկ Մարտիրոսյանն ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն է իրականացրել Թալիշում՝ Մատաղիսի զորամասում, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել է դիրքեր, ապրիլի 4-ի ցերեկն արդեն վիրավորում է ստացել, հետո տեղափոխվել Մուրացան հիվանդանոց:

Հետաքրքրվեցինք՝ նոր իշխանությունների հետ ի՞նչ հույսեր է կապում, քառօրյա պատերազմի մասնակիցը պատասխանեց. «Բնականաբար, լավ, բայց դեռ այդ ամենը չեմ տեսել: Դիմել եմ Գագիկ Ծառուկյան  հիմնադրամ, պատասխան չի եկել ընդհանրապես: Ամռանը մեր հարգարժան վարչապետը երբ եկել էր Եղեգնաձոր, դիմումի տեսքով ներկայացրել եմ նրան իմ պահանջները, բայց պատասխան նամակ է եկել, որ մենք ձեզ ոչ մի հարցով օգնել չենք կարող: Բոլորից հույսս կտրած եմ, իմ վրա եմ հույս դնում»:

Էդիկ Մարտիրոսյանը նեղսրտում է՝ տարիներն անցան՝ արդեն 3 տարի է, բայց  մարդիկ կան մեզ չեն էլ հիշում, գնալով այդ ամեն ինչը մոռացվում է: Էդիկը պատմեց, որ իր կարգավիճակում են իր բազում ընկերները. իր մտերիմ ընկերը՝ Վաչագան Բաղդասարյանը, ծնողների ուժերով է Ֆրանսիայում վիրահատվել, կրկին ոչ մի օգնություն չի ստացել պետությունից:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է իր պահանջը, Էդիկը պատասխանեց. «Թող տպավորություն չստեղծվի, որ ես բողոքում եմ, դժգոհում եմ, լաց եմ լինում, բայց ուզում եմ, որ առաջնահերթ ինձ հանգիստ աշխատանքով ապահովեն, ինձ աջակցեն՝ թեկուզ ուսման վարձի փոխհատուցմամբ: Մարդ կա, որ ինձ հետ է վիրավորվել, հիմա Բժշկականում 80 տոկոս զեղչ է ստացել, իսկ ես ոչ մի բան չեմ ստացել»:

Էդիկ Մարտիրոսյանը չթաքցրեց՝ վիրավորված է և այսպիսի համեմատություն արեց. «Ես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ֆիզիկապես եմ վիրավորվել, իսկ հիմա հոգեպես եմ խորը վիրավորված, որ եթե տասը վիրահատություն էլ տանեմ, միևնույն է, չի անցնի»:

Էդիկ Մարտիրոսյանը զրույցի ավարտին վստահեցրեց՝ այս վիճակով էլ պատրաստ է բարձրանալ մարտական դիրքեր, ինչն այս պահին էլ անում է և կատարել մարտական գործողության խնդիր: Ուղղակի իրեն ու իր ընկերներին անհրաժեշտ է, որ իրենց ուշադրության արժանացնեն և աջակցեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Մարգարյան says:

    Էդիկ ջան, ազգովի երախտապարտ ենք քեզ ու քո նման զինվորներին, որ դուք ձեր կյանքն ու առողջությունը չխնայելով, ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպան կանգնեցիք մեր հայրենիքին: Ցավոք, պատերազմական զինադադարում գտնվող մեր երկրի օրենսդրությունը շատ թերություններ ունի հայրենիքի պաշտպանների վաստակը ըստ արժանվույն գնահատելու և նրանց անհրաժեշտ արտոնություններ տրամադրելու հարցում: Հուսանք, որ նոր խորհրդարանը կվերացնի այդ թերությունը: Խորհուրդ եմ տալիս, որ այդ հարցով դիմես նաև քո ընտրատարծքից ընտրված պատգամավորներին, որպեսզի նրանք ԱԺ-ում համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գան:
    Իսկ ներկա պահին գուցե փորձես դիմել որևէ լավ իրավաբանի և ճշտես, թե քո կարգավիճակում ներկայումս ինչ արտոնություններից օգտվելու իրավունք ունես: Փորձիր կրկին դիմել քո համայնքային ու մարզային իշխանություններին՝ ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու համար, որպեսզի շարունակես ուսումդ: Համառիր և մի հուսահատվիր սիրելի զինվոր:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031