Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին դեմքից»՝ Ալեն Սիմոնյանի հետ. «Ես կարող եմ մի առաջարկ անել պրն Մարուքյանին ու պրն Ծառուկյանին»

Հունվար 13,2019 15:00

2012-ին դեռեւս պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը բացատրություն էր պահանջում նախարար Արմեն Աշոտյանից ֆեյսբուքյան ակտիվության համար. «Նոյեմբերի 1` հինգշաբթի: Արմեն Աշոտյանի աշխատանքային օրվա սկիզբ. առաջին գրառում` 10:07, երկրորդ գրառում` 14:04, երրորդ գրառում` 18:55, չորրորդ գրառում աշխատանքային ծանր օրից հետո` 22:31, հինգերորդ գրառում` 23:47: Նման մի բան՝ հոկտեմբերի 31-ին. առաջին գրառում` 11:22, երկրորդ գրառում` 15:58: Ընթացքում մեկնաբանություններ շորտիկի մասին և այլ տեղերում. սա նույնպես աշխատանքային օրվա ժամին: Ես չեմ հասկանում և պահանջում եմ բացատրություն` որպես ՀՀ քաղաքացի, թե կրթության և գիտության նախարարն ամբողջ աշխատանքային օրը Ֆեյսբուքում անցկացնելու ի՞նչ իրավունք ունի»: «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանին ոչ ամբողջությամբ հիշեցնելով իր այս պահանջը՝ նկատեցինք, թե ներկա իշխանության՝ մասնավորապես կառավարության անդամների մի զգալի մասը հիմա հենց այն է անում, ինչի համար ինքը նախկինում քննադատում էր: Ալեն Սիմոնյանը մասնավորապես պատասխանեց, թե մեծ տարբերություն կա. «Աշխատանքային ժամի ընթացքում կրթության եւ գիտության նախարարը 4-5 անգամ ինչ որ բաներ էր գրում, որոնք որեւիցե կապ չունեին ԿԳ ոլորտի հետ»: Իսկ այժմ կատարվողը, ըստ նրա, շատ նորմալ է այն պայմաններում, երբ ԶԼՄ-ները մեծ մասամբ պատկանում են նախկին իշխանական ուժերին. «Մենք ուղղակի հարթակ չունեինք, ու նույնիսկ հեղափոխության ժամանակ մեր ամենամեծ ու ամենակարեւոր հարթակը Ֆեյսբուքն էր: Իսկ այսօր դա ավելի շատ հաշվետվողականության բնույթ է կրում»: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, թե աշխատանքային ժամերին ինքը չի զբաղվում մի բանով, որը կապ չունի իր գործունեության հետ:

Սոցիալական ցանցերում քննադատվեցին Ալեն Սիմոնյանի եւ իր թիմակիցների հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները իրենց խնջույքներից: Նրանց հիշեցրին, որ ժամանակին իրենք քննադատում էին նախկին իշխանությանը նույն երեւույթի համար: «Դուք գալիս էիք իշխանության որպես նոր որակ, որպես համեստության օրինակ, որպես ժողովրդի ցավն ու դժվարությունները կիսող թիմ, իսկ այս դեպքում լրիվ հակառակն եք ապացուցում»,- գրել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: Ալեն Սիմոնյանն ի պատասխան մասնավորապես պնդեց. «Կա մի կտրուկ ու մեծ տարբերություն: Նախորդ իշխանությունների նկատմամբ քննադատությունը հիմնականում եղել է այն պատճառով, որ այդ գումարները եւ այդ խնջույքները արվում էին (մարդկանց ենթագիտակցության մեջ տպավորվածությունը կար, ու մեծ մասամբ՝ արդարացի) պետության գումարները տանելով ու պետության հաշվին հարստանալով»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք չի նկատում տրամադրությունների որոշակի փոփոխություն ֆեյսբուքյան հարթակում, ինչը վկայում է անցումային շրջանի ավարտի մասին՝ իշխանությունից ավելի շատ են սկսել պատասխան պահանջել, արդյոք առկա՞ չէ նաեւ որոշակի հիասթափություն: «Ոչ, որովհետեւ շատ լավ գիտեմ՝ որտեղից է դա ուղղորդվում»,- պատասխանեց պրն Սիմոնյանը՝ «ֆեյքերին» ու նախկին իշխանության ներկայացուցիչներից ֆինանսավորվող ԶԼՄ-ներին մեղադրելով իրականությունը խեղաթյուրելու եւ իրենց վարկաբեկելու փորձերի մեջ:

Հայտնի է, որ կայացված քաղաքական որոշում կա՝ Ալեն Սիմոնյանն ընտրվելու է ԱԺ փոխնախագահ: Մինչդեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցադրում էր արել՝ ի՞նչ պարտադիր է, որ իշխանությունը իր ունեցած բոլոր փոխխոսնակների տեղերը ինքը իր կողմից նշանակի. «Եթե այդքան մեծ ցանկություն ունեն, որ «Բարգավաճ Հայաստան»-ից փոխխոսնակ ունենան, կարող են մի փոխխոսնակ ընտրել ԲՀԿ-ից, մի փոխխոսնակ ընտրել «Լուսավոր Հայաստան»-ից և իշխանությունը կիսել և բաշխել ուժերի միջև և դրանով նաև ցույց տալ, որ Հայաստանում այնպես չի, որ 88-հոգանոց մեծ խմբակցությունով է միայն, այլ իշխանությունը, իր քաղաքական մշակույթն է զիջումներով»: Այս մասին հիշեցմանն ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասաց. «Մենք ստացել ենք մարդկանց վստահության քվեն եւ այն ենթադրում է հրամայական, որը ենթադրում է, թե պետք է գնաս ու գործես»:

Մարուքյանի վերոհիշյալ ու նաեւ հանձնաժողովների նախագահների վերաբերյալ արված պնդումներին ի պատասխան՝ մեր զրուցակիցն հիշեցրեց, որ ԱԺ-ում հանձնաժողովների թիվն ավելանալու է, եւ ընդդիմադիրները դրանք ղեկավարելու ավելի շատ հնարավորություն են ստանալու:

Հիշեցրեց նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Էդմոն Մարուքյանի բազմիցս արած այն պնդումը, թե առաջին միավորի հարցն արդեն իսկ լուծված է եւ դեկտեմբերի 9-ին պետք է ընտրվի ընդդիմությունը: «Ու ցավոք սրտի՝ ընդդիմություն ընտրվեց, երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը.. Ցավոք սրտի՝ պրն Մարուքյանի համար: Եվ նա այսօր պետք է հաշվի առնի այդ իրողությունը, ինչպես մենք ենք հաշվի առնում: Անձամբ ես կարծում եմ, թե մեծ տարբերություն չի լինելու, թե ով է լինելու ԱԺ փոխխոսնակը, քանի որ երբ նայում ես ըստ լիազորությունների՝ այն ուղղակի նիստը վարողի եւ արտաքին աշխարհում ինչ որ չափով նաեւ ԱԺ նախագահին փոխարինողի դեր է: Իսկ հանձնաժողովների նախագահների առնչությամբ կարող եմ մի առաջարկ անել պրն Մարուքյանին եւ պրն Ծառուկյանին: Նրանք կարող են իրար հետ բանակցել… Լայն հնարավորություն կա, որ ընդդիմությունը կարողանա այսօր ներկայացնել միասնական թեկնածու»: Նույն առաջարկն արվեց նաեւ ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի առնչությամբ:

2018 թվականի մարտին, երբ ՀՀԿ-ն էր նախագիծ բերել, որ ուժային կառույցները ենթարկվեն անմիջապես վարչապետին և ոչ թե կառավարությանը կամ խորհրդարանին՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ էր: Իսկ այժմ երբ հարցադրում է արվում այդ մասին, եւ ընդհանրապես սուպերվարչապետական համակարգի փոփոխության մասին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանում է. «Այդ համակարգի հետ կապված փոփոխություններ լինելու են, բայց ոչ կտրուկ և արագ»: Հիշեցնելով այս մասին՝ հետաքրքրվեցինք, թե ինչու է հեղափոխության («ռեւոլյուցիայի») կողմնակից ուժը այս դեպքում էվոլյուցիայի կողմնակից: «Որովհետեւ հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել եւ հիմա մեր առջեւ մի շատ կարեւոր խնդիր կա՝ տնտեսական հեղափոխությունն է, այսինքն՝ այն, ինչ անմիջականորեն վերաբերում է մարդկանց»,- պատասխանեց պրն Սիմոնյանը: Իսկ 2018-ի մարտի մասին հիշեցման առնչությամբ նշեց. «Այդ քննադատությունը հնչում էր այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ստեղծում էր իր համար պլատֆորմ երկիրը ղեկավարել շարունակելու համար»: Նա դարձյալ վստահեցրեց, թե քաղաքական կամք կա կրճատելու, նվազեցնելու վարչապետի լիազորությունները՝ փորձելով հասնել իշխանության ուժերի հավասարակշռմանը. «Եվ դա արդեն իսկ տեղի է ունենում, արդեն իսկ տեղի է ունեցել՝ սկսած Բաղրամյան 26-ը վերադարձնելուց եւ նախագահին էլ ավելի շատ լիազորություններ տալուց: Օրինակ՝ ներում շնորհելու մասին է խոսքը… Լինելու են նման քայլեր»:

Ալեն Սիմոնյանի հետ զրույցի ընթացքում արծարծվել է նաեւ այն հարցադրումը, որ եթե հաշվի առնենք, թե գազի սակագինը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հարց է՝ ինչ ցուցիչ է սա հայ-ռուսական հարաբերությունների առումով (ի դեպ, նա պնդում է. «Գազի գինը այս պահին, երբ մենք զրուցում ենք՝ չի թանկացել, եւ ըստ իս՝ դժվար էլ մենք այդտեղ փոփոխություն ունենանք»): Զրուցել ենք նաեւ նախարարությունների միավորման գործընթացի մասին: Մասնավորապես Սփյուռքի նախարարության առնչությամբ հնչող մտահոգություններին («Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյան. «Եթե Սփյուռքը կարևոր է, ապա ոչ թե պետք է փակենք նախարարությունը, այլ ավելի պետք է հզորանա, ավելի արդյունավետ դառնա, ավելի շատ ռեսուրսներ պետք է դրվեն այդտեղ, սփյուռքահայության ավելի մեծ իրավունքներ պետք է տալ Հայաստանում») ի պատասխան՝ «Առաջին դեմք» հաղորդաշարի զրուցակիցն ասաց. «Որպեսզի սփյուռքահայերն ավելի շատ իրավունքներ ունենան՝ դրա համար սփյուռքի նախարարությո՞ւն է պետք: Դրա համար պետք է քաղաքական կամք՝ այն կա եւ մոտ ապագայում դա կտեսնեք»: Անդրադարձ է եղել նաեւ կառավարության կադրային քաղաքականությանը եւ այլ հարցերի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031