Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում չէր կարող և տեսանելի ապագայում չի կարող լինել «Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն». Կարեն Ճշմարիտյան

Հունվար 13,2019 12:53

Հայաստանում չէր կարող և տեսանելի ապագայում չի կարող լինել «Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն»:

Նշված դիրքորոշումը բազմաթիվ ու բազմատեսակ մասնագիտական հիմնավորումներ ունի` գյուղատնտեսության ոլորտի տարածաշրջանային մրցունակության ապահովմանն անհրաժեշտ առանձնահատկություններից սկսած մինչև սոցիալական ու տարաբնակեցման քաղաքականություն: Դրանց կարելի է ավելացնել նաև միավորվող կառույցների ճյուղային ու ֆունկցիոնալ ուղղվածությունների խիստ տարբերակվածությունը, սակայն շատ չծանրաբեռնելու նպատակով անդրադառնանք մեկ այլ կարևորագույն խնդրին`

ոլորտների զարգացման քաղաքականություններին և կառավարման փիլիսոփայությանը:

Այս առումով` գյուղատնտեսության զարգացման քաղաքականությունը ի սկզբանե հակադրված է տնտեսական զարգացման նախարարության գործառույթներում ընդգրկված երկու տասնյակից ավելի ոլորտների զարգացման քաղաքականությունների հետ:

Առաջին մոտեցմամբ, անշուշտ` նպատակները արտաքինից նույնանման են և փոխլրացնող, սակայն գյուղատնտեսության ոլորտի զարգացման քաղաքականության մեջ ընդգրկված միջոցների և մեթոդների ամբողջությունը հակասության մեջ է «Տնտեսական զարգացման» նախարարության գործառույթների մեջ ընդգրկված մնացած ճյուղերի և ենթաճյուղերի զարգացմանն անհրաժեշտ միջոցների և մեթոդների ամբողջության հետ:

Ավելի պարզ` գյուղատնտեսության զարգացման քաղաքականությունը, հատկապես ճյուղի մրցունակության բարձրացման և ներառված փաստացի սոցիալական կշռի ապահովման իմաստով` դեռևս խիստ պահպանողական պետք է լինի: Այն անմիջականորեն հիմնված է մշտական պետական «հոգածության» վրա, և չի կարող գոյություն ունենալ առանց պետական ռեսուրսների ներգրավման ( ապահովագրություն, սուբսիդիաներ, լրավճարներ, փոխհատուցումներ, և այլն ), պետական խորհրդատվական գործունեության իրականացման և անընդհատ տեղական և միջազգային տեխնիկական աջակցության: Եթե վերը նշված այլ ճյուղերի և ենթաճյուղերի, ոլորտների դեպքում բավարար են պայմանների ստեղծման, կարգավորման, խթանման և խրախուսման մեթոդներն ու միջոցները, այսինքն` առավել ազատական մոտեցումը, ապա` գյուղատնտեսության պարագայում առանց պահպանողական մոտեցման անհնարին է քաղաքականության լիարժեք իրականացումը:

Իսկ մեկ կառավարման մարմնի մեջ երկակի, կամ` իրար հակասող ( լիբերալ և կոնսերվատիվ կառավարման մոդելների ) փիլիսոփայության կիրառումը.

– տեսական առումով` սխալ է;

– գործնական առումով` անարդյունավետ;

– ծանրաբեռնվածության առումով` անիրագործելի:

Անընդունելի է նաև էներգետիկ ոլորտի ներառումը «Տնտեսական զարգացման նախարարության» մեջ:

Էներգետիկան դասական ենթակառուցվածքային ոլորտ է, և չի կարող ընդգրկվել իրական հատվածի համար պատասխանատու ֆունկցիոնալ կառույցում: Այս դեպքում էլ առկա է շահերի կոնֆլիկտ, որը կառավարման տեսության առումով` արդյունավետության ապահովման լուրջ խոչընդոտ է:

Ընդսմին`

«Տնտեսական զարգացման նախարարություն»,

«Գյուղատնտեսության նախարարություն»,

«Ենթակառուցվածքների զարգացման նախարարություն», կամ` «Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն» ( ներառելով` էներգետիկան, կապը, տրանսպորտը, ջրային համակարգը, քաղաքաշինությունը, և այլն ):

Խնդրահարույց կարող է լինել նաև`

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության» նախարարությունը

Այսպիսի դիրքորոշման բազմապիսի, բազմաբնույթ տեսական և գործնական այլ հիմնավորումներով չծանրաբեռնելու նպատակով դիտարկենք մեկ այլ առանցքային հարց` զուտ հասկացության տեսանկյունից:

Առաջարկված նմանատիպ կառույցների ստեղծման մոտեցման հիմքում սովորաբար ընկած է լինում «Բարձր տեխնոլոգիա», «Տեղեկատվական տեխնոլոգիա», «Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիա» և «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունների շփոթումը, երբեմն` նույնացումը, աղճատումը, խեղաթյուրումը նույնիսկ միջազգային կազմակերպությունների հարթակներում: Սա զուտ հայաստանյան երևույթ չէ:

Առանձնակի շփոթություն է առաջացնում «Բարձր տեխնոլոգիա» հասկացությունը: Բանն այն է, որ «Բարձր տեխնոլոգիա» հասկացության բառարանային մեկնաբանությամբ կիրառումը աղճատում է այդ հասկացությունը, սահմանափակում է այն, և հասցնում` տեխնոլոգիական լուծումների մեջ զուտ համակարգչային, մաթեմատիկական, կամ էլեկտրոնային առաջավոր սարքավորումների կիրառմանը: Այնինչ, իրականում և առավել խորքային դիտարկման դեպքում ակնհայտ է դառնում, որ այն շատ ավելի ընդգրկուն է, և ուղղակիորեն, անքակտելիորեն կապված է ոչ միայն մաթեմատիկայի, կամ հաշվողական տեխնոլոգիաների, այլ միահյուսված է բոլոր գիտությունների, և առանձնապես բնական գիտությունների հետ` քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա և այլն: Այդ առումով այն անբաժանելիորեն կապված է «Ինովացիոն քաղաքականության» հետ, որը ընդգրկում է մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտները: Իսկ վերջինս` «ինովացիոն քաղաքականության» մշակումը, ներդրումը և իրագործումը ուղղակի «Տնտեսական զարգացման» նախարարության խնդիրն է, և այլ տեղ լինել չի կարող: Այն ֆունկցիոնալ գործառույթ է, և չի կարող սահմանափակվել միայն պաշտպանական նպատակներով կիրառմամբ: Դրա համար այնտեղ ստեղծված են բոլոր ստորաբաժանումներն ու ենթակա օժանդակող գերատեսչությունները` ստանդարտացման, չափագիտության, մտավոր սեփականության պաշտպանության և այլն:

Ընդսմին`

Պաշտպանության նախարարության մեջ` «Ռազմարդյունաբերության կոմիտե», իսկ կառավարությունում` «Ռազմարդյունաբերության խորհուրդ»:

Տնտեսական զարգացման նախարարության մեջ`

« Տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտե»,

«Ինովացիոն զարգացման կոմիտե»:

Հ. Գ. Մշակույթի և Սփյուռքի մասով թերևս շատ է քննարկվում, իսկ այս մասը կարծես տեսադաշտից դուրս էր մնացել:

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Երկար տարներ լինելով նախարար ու պատասխան տալով արդյունաբերության ոլորտի զարգացմա համար ոչ մի հաջողության չհասաք ու պատասխան չտվեցիք: Վախեցաք նույնիսկ արդյունաբերություն բառը արտացոլոլ որևէ նախարարության անվանման մեջ: Ինչպես հիմա, մոռացել եք այդ ոլորտը ու խոսում եք այլ ոլորտների մասին: Մյուս հարցերը ճիշտ են բարձրացված ու նախարարությունների նման ձևափոխումները կրում են արհեստական ու վնասակար բնույթ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031