Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տարի Նոր Հայաստանում

Հունվար 13,2019 12:00

Ավարտվեց հին տարին, և սկսվեց նորը: Նորը՝ նոր Հայաստանում: Նոր տարին սկսվեց միանգամայն նոր հույսերով և միանգամայն նոր խնդիրներով: Միանգամայն նոր Հայաստանում: Ամեն տարվա պես Հայաստանում ժողովուրդը նոր տարին նշեց հնարավորինս սրտանց: Նոր տարին ու Սուրբ ծնունդը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից են: Եվ չնայած շատերն են ասում թե՝ «էս տարի նոր տարի չեմ անելու», այդուհանդերձ, հունվարի 1-ը բոլորը կազմ պատրաստ են դիմավորում: Որովհետև ժողովրդի մեջ ընդունված ու տարածված խոսք կա. «նոր տարին ինչպես սկսես, էդպես էլ ամբողջ տարին կշարունակվի»:

Նոր տարուց մեր ժողովրդի սպասելիքները չափազանց մեծ ու չափազանց շատ են: Թոշակառուները նոր տարում ակնկալում են թոշակների բարձրացում, ընդ որում՝ ոչ թե սիմվոլիկ ու չնչին, այլ՝ զգալի ու նկատելի բարձրացում: Աշխատանք ունեցողներն ակնկալում են աշխատավարձի բարձրացում: Աշխատանք չունեցողները հույս ունեն նոր տարում աշխատանք ունենալ: Եվ բոլորը հույս ունեն, որ նոր տարում նոր Հայաստանում գազն ու ամեն ինչը ոչ թե կշարունակեն թանկանալ, այլ, ընդհակառակը, կէժանանան:

Այսինքն, ինչպես միշտ, մենք շարունակելու ենք հույսով ապրել: Բայց նաև կարծես թե արդեն հասկացել ենք, որ միայն հույսով և միայն հավատով ապրելը շատ քիչ է: Պետք է ինչ-որ կերպ նաև անձամբ նպաստես, որպեսզի էդ հույսդ ու էդ հավատդ իրականություն դառնան: Եթե քո քայլով հեղափոխությանն ակտիվորեն մասնակցել ես, ապա քեզնից կախված ամեն ինչ պիտի անես, որպեսզի քո ու հազարավորների հեղափոխությունը հասնի իր վերջնական հաղթանակին: Իսկ վերջնական հաղթանակը նոր Հայաստանն է: Նոր Հայաստանը՝ միանգամայն լավ իմաստով: Ասում եմ՝ լավ իմաստով, որովհետև կարող է նոր լինել, բայց լավ, լուսավոր ու բարգավաճ չլինել: Օրինակ, շատ է պատահում, որ նոր ու գեղեցիկ կոշիկ ես գնում, բայց էդ նոր ու գեղեցիկ կոշիկդ ոտքդ ահավոր սեղմում է և քեզ միայն նեղություն ու տհաճություն է պատճառում:

Բոլորիս միասնական ցանկությունն այն է, որ մեր նոր հայրենիքն իսկապես լինի լուսավոր ու բարգավաճ: Եվ չնայած հեղափոխականներն ու հակահեղափոխականներն իրար հակառակորդ և սև ու սպիտակ են համարում, ես անձամբ էն կարծիքին եմ, որ ամենահակահեղափոխական հայն անգամ շատ է ցանկանում և նույնիսկ երազում է Հայաստանը լուսավոր ու բարգավաճ տեսնել, և նոր տարում արդեն ամենահակահեղափոխական հայն անգամ կհամակերպվի այն մտքի հետ, որ հեղափոխությունն ու նոր Հայաստանը վերջնական ու անշրջելի իրադարձություններ ու իրողություններ են, և նույնիսկ Մարուքյանն ու Ծառուկյանն իրար հետ չեն վիճի՝ թե իրենցից ով է ավելի դասական ու ավելի ընդդիմադիր, որովհետև նոր տարում բոլորը վերջապես կհասկանան, որ ընդդիմադիր լինելը քաղաքական գործչի գլխավոր արժանիքը չէ, և հեղափոխականներն ու անձամբ Սասուն Միքայելյանն էլ կհասկանան, որ հեղափոխությունն ինչքան էլ կարևոր ու անփոխարինելի, այնուամենայնիվ վերջ ունի, և երբ հեղափոխությունն ավարտվում է, անխուսափելիորեն սկսվում է նորմալ ու սովորական կյանքը, և կարգին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ կհասկանա, որ երբ սկսվում է նորմալ ու սովորական կյանքը, մարդիկ դադարում են բաժանվել սևերի ու սպիտակների:

Սովորական ու նորմալ կյանքն այն է, երբ ոչ ոք ոչ ոքի ճամփան չի փակում, ոչ ոք ոչ ոքի գետնին չի փռում, ոչ ոք ոչ ոքի չի կալանավորում, ոչ ոք ոչ ոքի չի գաղտնալսում, և ամեն ինչ ընթանում է իր բնական ու ցանկալի հունով, և քաղաքացիներին (նաև՝ գյուղացիներին) պարուրում է այն երանելի ու ցանկալի կյանքը, որի համար նրանք ծնվել, ապրել և հուսացել են, և որի ընթացքը փոխելու համար որևէ հեղափոխության անհրաժեշտություն չեն զգա: Մարդ արարածը հեղափոխության անհրաժեշտություն միայն էն դեպքում է զգում, երբ իր կյանքն իրեն չի գոհացնում, և ինքն իր կյանքը փոխելու պահանջ ու անհրաժեշտություն է զգում:

Այդպիսի պահանջ մեր ժողովուրդն զգաց անցած տարի, և արդյունքում տեղի ունեցավ հեղափոխություն: Նոր տարին սկսվում է նոր հույսերով ու նոր սպասելիքներով, և այս նոր տարուց մեր ժողովուրդն իսկապես մեծ հույսեր ու մեծ սպասելիքներ ունի: Թոշակառուներն ակնկալում են կենսաթոշակների բարձրացում, աշխատողները՝ աշխատավարձերի  բարձրացում, գործազուրկները՝ աշխատատեղերի ստեղծում, և բոլորը՝ գազի ու ամեն ինչի էժանացում, և բոլորը՝ արդարություն ու արդարադատություն, և բոլորը՝ բարգավաճ ու լուսավոր Հայաստան, ավելի պատկերավոր ասած՝ միանգամայն նոր Հայաստան, որի իրականացումը բոլորիս հավաքական կամքից է կախված:

Աստված մեզ զորավիգ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ      

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031