Ես չգիտեմ, թե Աստված ինչպես է մարդկանց տեղաբաշխում Երկրի վրա, թե ինչպես է կազմակերպում նրանց հանդիպումները, որոնք հետո ներծծվում են ցավով ու երջանկությամբ, միմյանց չկորցնելու վախով կամ միմյանց չունենալու ատելությամբ։
Ես չեմ հասկանում Վերին իմաստության տրամաբանությունը։
Եվ լռություն է այնտեղ, ուր պատասխաններ պիտի լինեին, և բառեր կան այնտեղ, ուր մարդիկ ավելորդ են համարում խոսքը։
Ես չգիտեմ, թե ինչպես է մեծանում երեխան, երբ նրա մանկությունն ավազ բարձրացնող հողմերն են ծեծում։
Չգիտեմ, թե Աստծո արդարությունն ինչ սկզբունքով է երկփեղկում նրանց, ովքեր պտուղ են արարել՝ մեկ մարմին դառնալով։
Մարդն ի ծնե սպասում է Արարչին՝ աղոթքների ետևում թաքնվելով։ Եվ հավատում է մարդը, թե Աստված երբևէ վերադարձ կշնորհի իր զավակներին, քանզի աղոթքը տնից հեռացող որդի է։
Ոտնաձայներ…
Անդեմ ակնկալություն, որից դիմակ է դառնում հույսը։
Ես չգիտեմ, թե Աստծո գութը ինչպես է մխիթարում նրանց, ովքեր տարիներ շարունակ տառապում են անկողնում, ովքեր ապրում են՝ քաջ գիտենալով, որ ծերության խեղկատակն են դառնալու վաղը։
Չգիտեմ, թե Աստծո մեծահոգությունն ինչպես է հանդուրժում մարդու ոչնչությունը, անկումն ու նվաստ կեցությունը։
Ահա մայրը տուն է տանում արատավոր իր երեխային, որին ծնել է՝ նախապես փայփայելով վաղվա երջանկությունը։ Այնինչ նա տուն է վերադառնում փողոցով անցնող այն տղայի պես, ով թելից կախ իր ավտոմեքենան է քաշում ետևից։
Երախա՜…
Թելին կապված խաղալիք, որին հենց այդպես՝ քաշելով է տուն բերում մայրը՝ կորակոր իր մեջքի ետևում կենդանի իրականությունից փշաքաղվելով։
Ես չգիտեմ, թե Աստված ինչպես է սիրում նրանց, ովքեր գոյության իրավունք են ստանում, որպեսզի ընդունեն նախապես հայտնի դառնությունը։
Կյանքը խաչելություն է, մարդը՝ զոհ։
Ցավն անեծք է, ցավով ապրելու պարտադրանքը՝ անբացատրելի։
Ես չգիտեմ, թե Աստված ինչպես է սիրում մարդկանց խաչելությունը, և չեմ կարող ենթադրել, թե ինչ խորհուրդներ կան զոհաբերության խորքում։
Մի՞թե մարդուն տրված դափնիները փշեպսակ պիտի լինեին, իսկ սերը պիտի ապացուցվեր մտրակների ծեծով։
Ահա ինձ է տրված վերերկրային թռիչք ունենալու չարչարանքը, և ես իմ ոտնահետքն եմ գտել հավերժության աստիճանին։
Անձայնության դռներ բացելով՝ ես վկայում եմ կյանքը, որ թերի գտնվեց, իսկ մարդն անպատասխան մնաց իր եզակի հարցով.
Ո՞վ է Աստծո նման։
Ես չգիտե՛մ։
Սմբատ Բունիաթյան
«Ով է Աստծո նման» վիպակը կարող եք գտնել «Նոյյան տապան» գրախանութում (հասցե՝ Աբովյան փող. 8)։