Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են գյումրեցի կնոջ սպանության համար ռուս մեղադրյալին փոխանցել ՀՀ իրավապահներին

Հունվար 12,2019 14:48

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի եւ դեկտեմբերի 2-ին սպանված Ջուլիետա Ղուկասյանի հիշատակին այսօր մեկնարկած ցույցին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երեւանից էլ են մարդիկ միանում, եւ ցույցին սկսում են ավելի շատ մարդիկ միանալ:

«Պերմյակովն (Ավետիսյաններին սպանողը) ու Ջուլիետա Ղուկասյանի սպանության համար մեղադրյալը ռուսական 102-րդ ռազմաբազայից էին: Մեր կոչը հետեւյալն է՝ ձեր գազաններին պահեք վանդակներում, մենք դրանց համար պատասխանատու չենք»,-ասաց Բարսեղյանը: Պահանջագիրը նաեւ ռուսերեն լեզվով է, այն փակցնելու են տարբեր տեղերում:

Բարսեղյանի ներկայացմամբ՝ պահանջում են՝ Ջուլիետ Ղուկասյանի սպանության համար մեղադրյալին ու հնարավոր մեղավորներին ջանքեր ներդնել Հայաստանի իշխանություններին փոխանցել եւ բարեխիղճ քննություն անցկացնել.«Ինչպես հիշում եք՝ 4 տարի առաջ եւ մեկ ամիս առաջ ՀՀ դատախազներն, իրենց կարծիքով, օրենսդրության մեջ եղած ինչ-ինչ հակասությունները սկսեցին մեկնաբանել ՌԴ քաղաքացու օգտին:

Փորձագետների վերլուծություններով եւ բացատրություններով, այս ռազմաբազայի մասին համաձայնագրերը նման փոխանցում չեն նախատեսում: ՀՀ քաղաքացու սպանության համար մեղադրվողները, մանավանդ այդ հանցագործությունները տեղի են ունեցել զորամասից դուրս, թեպետ զորամասի ներսն էլ ՀՀ տարածք է, պետք է լինի ՀՀ իրավապահների հսկողության տակ: ՀՀ իրավապահները պետք է իրականացնեն նախաքննությունը, հետաքննությունն ու դատավարությունը: ՀՀ իշխանությունները չկարողացան անել այնպես, որ Պերմյակովը փոխանցվի ՀՀ իրավապահներին, նրանք էին գնում էին ռուսական զորամաս»:

Բարսեղյանը նկատեց՝ մի կարեւոր հանգամանք կա՝ երբ զինծառայողը ռազմաբազայի ներսում է՝ իր հրամանատարության ու զինակիցների հետ, արդար քննության հավանականությունը նվազում է եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ հանցավոր համաձայնություն կարող է լինել ներսում:

Պահանջում են հատուկ հսկողության տակ առնել ռազմաբազան եւ զորամասերը ռազմակայանները, որոնք, ըստ Բարսեղյանի՝ 5-ն են: Բարսեղյանն ասաց նաեւ, որ պահանջում են, որպեսզի Գյումրու 8-րդ թաղամասը, որտեղ պայմանագրային զինծառայողներ են բնակվում, եւ որտեղ խառը բնակչություն է, ՀՀ ոստիկանները, կամ ռազմական ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն իրականացնեն:

Ցույցի կազմակերպիչները նաեւ պահանջում են ուսուցողական ջանքեր ներդնել՝ զինծառայողներին ծանոթացնելու այն ժողովրդին եւ երկրին, բնակավայրին, որտեղ իրենք գտնվում են: Սա ինչ-որ մեկին տարօրինակ կարող է թվալ, բայց ես համարում եմ, որ եթե ինչ-որ մեկը եկել է մեր երկրում ծառայություն է իրականացնում՝ միջպետական համաձայնագրի վրա, պարտավոր է հասկանալ սա ինչ տարածք է, ինչ մարդիկ են ապրում, ինչ պատմություն ունի, ոչ թե իրենց թույլ տան մեր ժողովրդին վերաբերվել ինչպես փորձակենդանիների»,-ասաց Բարսեղյանը: Նա վստահեցրեց՝ «Մեր հաշվարկներով 12 հոգի սպանվել է ռուսական ռազմաբազայի զինծառայողների մեղքով եւ առնվազն 7 հոգի ծանր մարմնական վնասվածքներ են ստացել: Մնացած հանցագործությունները շատ են, 1 տասնյակից ավելի, պատճառ նյութական վնասը դժվար է հաշվարկել: Ու խնդիրը չի կարգավորվել: Պետք է հսկողություն սահմանել նման վտանգավոր վարք դրսեւորողների նկատմամբ»:

Բարսեղյանը կրկին շեշտեց՝ «Մեղադրյալներին պետք է փոխանցել ՀՀ իշխանություններին: Մենք համարում ենք, որ արդյունավետ քննություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե այդ մեղադրյալը կամ հնարավոր մեղադրյալները փոխանցվեն ՀՀ իրավապահ մարմիններին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031