Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Ենոքյանի կին. «Խոնարհվում եմ Իոսիֆ Աղաջանովի հիշատակի առաջ, բայց չեմ հավատում Աղաջանովներին»

Հունվար 12,2019 14:40

Օրերս 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնողները հանդես եկան բաց նամակով՝ հայտարարելով, թե արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իրենց որդու սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի գործին, եւ  նրա կինը, լինելով Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակը, ճնշում է գործադրել, որպեսզի Ենոքյանի ներման հարցին դրական եզրակացություն տրվի:

Թե ինչպես են ներման հանձնաժողովի փակ նիստի մանրամասները հրապարակայնացվել, Մհեր Ենոքյանի կինը՝ իրավապաշտպան, փաստաբան, լրագրող Զարուհի Մեժլումյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ ինքն Աղաջանովների հայտարարությունից է իմացել հանձնաժողովի դրական եզրակացության մասին. «Ներման հանձնաժողովից ապօրինաբար տեղեկատվության արտահոսք է եղել, խախտվել է գաղտնիության սկզբունքը: Օրենքի համաձայն՝ տուժող կողմը՝ Աղաջանովները, իրավունք չունեն իրազեկվել հանձնաժողովում գործընթացի մասին: Հնարավոր է՝ հանձնաժողովի որոշ անդամներ, որոնք նախկին իշխանության ներկայացուցիչներ են, սերտ կապեր են ունեցել…»:

Ապա Զարուհի Մեժլումյանը նշեց՝ իրականությանը չի համապատասխանում Աղաջանովների պնդումը, թե ինքը ճնշում է գործադրել, եւ որտեղ էլ որ աշխատելիս լինի՝ պարբերաբար  նման շահարկումներ է լսում: Տիկին Մեժլումյանը հավելեց՝ խոնարհվում է Իոսիֆ Աղաջանովի հիշատակի առաջ, բայց չի հավատում Աղաջանովներին, քանի որ մանրամասնորեն տեղյակ է քրեական գործի նյութերին՝ լինելով 24 տարվա լրագրող. «Ըստ քրեական գործի նյութերի՝ Արամ Հարությունյանը եւ Մհեր Ենոքյանը դատապարտվել են նույն հոդվածով՝ նույն արարքի համար՝ որպես համակատարողներ: Արամ Հարությունյանը չորս անգամ փոխել է ցուցմունքը եւ մեղքի մեծ բաժինը բարդել Մհերի վրա՝ իրեն իսկ  ազատելով ծանրագույն պատժից: Աղաջանովների ընտանիքը Արամ Հարությունյանի համար որեւէ պատիժ չի պահանջել՝ այն դեպքում, երբ Արամ Հարությունյանն իր ցուցմունքում ասում է՝ «այնքան կատաղած էի, որ չեմ հիշում, թե քանի անգամ եմ դանակով խփել»… Կոկորդի խորը-թափանցող վնասվածքը հասցրել է Արամ Հարությունյանը, մինչդեռ Աղաջանովները հարցազրույցում նրան որակում են «խեղճ» տղա, որն իրենց վրա դրական տպավորություն է թողել»:

Այս ամենը, ըստ Զարուհի Մեժլումյանի, անթույլատրելի է, սակայն հիմա օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ հանրության մոտ թյուր կարծիք ձեւավորելու համար. «Մհեր Ենոքյանի գործը նախադեպն է այն բանի, թե ինչպես չի կարելի քննել քրեական գործը»: Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ հայտարարում է, որ փորձել է Արամ Հարությունյանի ձեռքից խլել դանակը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարինե says:

    Վերջում սխալ է գրված, որ Մհերը փորձել է դանակը վերցնել Արամ Հարությունյանի ձեռքից։
    Եվ Մհերը, և Արամը ասել են, որ Մհերը փորձել է դանակը վերցնել Աղաջանովի ձեռքից։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031